Դեպքի վայրում․ Գևորգ Թոսունյան

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Ներքաղաքական իրադարձություններից մինչև բողոքի ցույցեր ու անհնազանդության ակցիաներ, ռազմական դրություն ու պատերազմական իրադարձությունների լուսաբանում․ Սիվիլնեթի լրագրող Գևորգ Թոսունյանը գրեթե միշտ դեպքի վայրում է։   

Լրագրող, թե՞ քաղաքացի հարցի պատասխանը նրա համար միշտ նույն է․ որակյալ ու հետևողական լրագրությունը, նրա կարծիքով երբեմն ամենաարդյունավետ ճանապարհն է երկրում առկա խնդիրները լուծելու համար։ 

Տավուշի մարզում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի դեմ, դեռևս նախորդ ամսվանից սկսած բողոքի ակցիաները լուսաբանելու համար Գևորգը Ադրբեջանի հետ սահմաանմերձ Կիրանցում էր։  

Գևորգն ասում է, որ դեպքի վայրում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումն ու քրոնիկան ներկայացնելուց բացի, իր համար առավել կարևոր ու արժեքավոր են մարդկային պատմությունները, բնակիչների ապրումներն ու ապագայի  նրանց պատկերացումները։  

Մտնել նրանց տուն ու նրանց աչքերով նայել կատարվող իրադարձություններին, հետո փորձել տեսածն ու զգացածը հավասարակշռել պաշտոնական կողմից հաղորդվող ինֆորմացիայի հետ։  

Սիվիլնեթի նկարահանող խումբը Տավուշի ճանապարհներին։

«Ես գնացել, մտել եմ մարդկանց տները, նրանք ասում էին, որ իրենց տունն անցնելու է Ադրբեջանին։ Ես դա այդպես էլ ներկայացրել եմ իմ ռեպորտաժներում, բայց դրան զուգահեռ չեմ ստացել կառավարության դիրքորոշումն ու պատասխանը, թե կոնկրետ այդ տունը անցնելու է Ադրբեջանին, թե՞ ոչ։ Կառավարությունից դեռ չեն հստակեցնում, որ ես էլ կարողանամ  ներկայացնել բոլոր կողմերի կարծիքները, որ հետո ինձ իմ ընթերցողը չմեղադրի բնակիչների խոսքին անվերապահորեն հավատալու համար»,- ասում է Գևորգ Թոսունյանը։ 

Իրադարձությունները լուսաբանողից չվերածվել իրադարձության մասնակցի, հարգել մասնագիտական էթիկան ու հավատարիմ մնալ լրագրողական անաչառությանն ու անկողմնակալությանը։ Գևորգի գնահատմամբ սրանք այն հիմնական էթիկական սկզբունքներն են, որոնց պետք է հետևեն լրագրողները հատկապես քաղաքացիական անհնազանդություններ, բողոքի ակցիաներ լուսաբանելու ընթացքում։  

Սիվիլնեթի նկարահանող խումբը Կիրանցում։

Գևորգը լուսաբանել է թե՛ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը, թե՛ 2020-ի  քառասունչորսօրյա պատերազմը և թե՛ հայաստանյան սահմանային լարվածություններն ու բախումները։ Հետահայց վերլուծելով  տեղի ունեցած իրադարձություններն ասում է․ «Երբ պատերազմող կողմերից մեկը քո երկիրն է անչառ ու անկողմնակալ լինել, գրեթե չի ստացվում։ Դու ակամայից դառնում ես այդ ամենի մասնակիցն ու կողմերից մեկը»։  

Ու շտապում է ավելացնել, որ հենց պատերազմական գործողությունների ընթացքում է շատ կարևոր, որ լրագրողը չդառնա իշխանության քարոզչամեքենայի խոսափողը։ Փորձել ճեղքել քարոզչական ալիքն ու  սեփական հասարակությանը  ներկայացնել իրականությունը․ սա է լրագրողի առաքելությունը։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *