Դեպքի վայրում․ Սամսոն Մարտիրոսյան

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

«Պատմականորեն, որևէ դարաշրջանի որևէ իշխանություն մարդկանց հենց այնպես իրավունքներ չի նվիրել, այլ ընդհակառակը, փորձել է վերցնել դրանք մարդկանցից», – այսպիսի միտք հնչեցրեց լրագրող, փոդքաստեր Սամսոն Մարտիրոսյանը, որի հիմնական անդրադառնալիք թեմաները պտտվում են մարդու իրավունքների շուրջ։

2019-ին Հետքի փոդքաստի բաժինը հիմնած Սամսոնը համոզված է, որ այս ոլորտը լուսաբանելիս լրագրողները շատ մարտահրավերների են բախվում․ մարդիկ հաճախ չգիտեն էլ, թե իրենց որ իրավունքներն են խախտվել ու ինչպես կարող է դրանում օգնել լրագրողը։

Այն հետաքննությունը, որն իրականացրել էր Սամսոն Մարտիրոսյանը, վերոնշյալ մարտահրավերի հակառակ օրինակն է, որտեղ տուժածի բարեկամը լավագույնս տեղեկացված էր տեղի ունեցած անարդարություններով։ 

Հետաքննությունը Լոռի բերդի մի բնակչի մասին էր, որին 640,000 դրամ չվճարած վարկի պատճառով զրկել էին տնից։ Մինչ պատմության հերոսը արտագնա աշխատանքի էր, զուգահեռաբար խախտումներով ընթանում էին դատական գործընթացներն, իսկ աճուրդի հանված տունն էլ դատավորի բարեկամն էր գնել։

Սամսոնի վերջին նախագիծը՝ «Միս ու արյուն» փոդքաստը ուշագրավ է մի քանի տեսանկյունից։ Մի կողմից, որ շարքը ԼԳԲՏՔԱ+ համայնքի մասին հայկական մեդիայում այն օրինակելի աշխատանքներից է, որում տարբեր գենդերային ինքնություն ունեցող անձինք զոհ ու էկզոտիկ կերպարներ չեն։ Մյուս կողմից, որ հեղինակը խոսել է ոչ միայն համայնքի ներկայացուցիչների, այլ նաև նրանց ծնողների հույզերի, առաջին արձագանքների ու նրանց երեխաների հետ հետագա հարաբերությունների մասին։ Եվ երրորդը․ այս թեման հայ հանրության մոտ մեղմ ասած ոչ միանշանակ արձագանքներ է առաջացնում, ինչի պատճառով հաճախ թեմատիկ հրապարակումների տակ թողնում են ատելութւյան խոսք պարունակող մեկնաբանություններ։ Կարճ ասած՝ երրորդ կողմն այն գիտակցական ռիսկն է, որին գնացել է Հետքի խմբագրությունը։

«Միս ու արյան» միջոցով փոդքաստի հեղինակը պարզել է, որ Հայաստանում գոյություն ունի ԼԳԲՏ անձանց ծնողների հիմնած հասարակական կազմակերպություն, որը հնարավորություն է տալիս նրանց կիսվելու սեփական պատմություններով, անհանգստություններով՝ միաժամանակ ստանալով կրթության այն բացը, որն օգնում է ավելի արդյունավետ շփում կազմակերպել զավակների հետ։ 

Ակտիվորեն վարելով Թվիթերի իր հաշիվը՝ Սամսոնը անդրադարձել էր նաև 2022-ին Երևանում տեղի ունեցած գեյ զույգի ինքնասպանության դեպքին, որի մասին գրառումը լայն տարածում էր գտել ու հանդիսացել միջազգային մի շարք լրատվականների անդրադաձների հիմք։

Հիմնված լինելով չվնասելու սկզբունքի վրա՝ մարդու իրավունքներ լուսաբանող լրագրողները հաճախ են առերեսվում աշխատանքային այնպիսի բարդ իրավիճակների, որոնցից դուրս գալու կամ դրանց մեջ չխորանալու համար Սամսոնը խորհուրդ է տալիս ուրիշ զբաղմունք ու հետաքրքրություն գտնել։ Նրա դեպքում դա զուգահեռ զարգացող երաժշտական գործունեությունն է։ Այստեղ անհրաժեշտ է լրագրողներին զուտ հուշել՝ բացի հանրային հարցեր լուծելուց նաև հոգ տարեք ձեր հոգեկան առողջության մասին։

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *