Դեպքի վայրում․ Արթուր Խաչատրյան

Հանրային հեռուստաընկերության լրագրող Արթուր Խաչատրյանը «Լուրերի» անձնակազմին միացավ 2019-ին։ Նա հիմնականում լուսաբանում է տնտեսական թեմաներ, նաև լուրերի մեկնաբան է։

Մինչ այդ երկու տարի եղել է «Իրական ժամանակ» (Настоящее Время) ռուսալեզու հեռուստաընկերության թղթակիցը Հայաստանում և լուսաբանել է թավշյա հեղափոխությունը: Արթուրը հեղափոխությունը համարում է ամենամեծ լրագրողական դպրոցը.

«Մենք անդադար աշխատում էինք ուղիղ եթերով, սոցիալական ցանցերի համար։ Միացումներ էինք անում ժամը մեկ ու աշխատանքի պայմաններն էքստրեմալ էին։ Մոտ մեկ ամիս քնում էինք մեքենաների մեջ, քանի որ վախենում էինք որևէ բան բաց թողնել»։

Աշխատանքի հաջորդ էքստրեմալ պայմաններն ստեղծվեցին 2020-ի գարնանը։

Կորոնավիրուսային համավարակի տարածման պատճառով արտակարգ դրություն հայտարարվեց մարտի 16-ին։ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության բոլոր լրագրողների պես Արթուրն էլ անցավ արտակարգ ռեժիմով աշխատանքի։

«Հոգեբանորեն կայուն մնալու համար, կարծում եմ, կարևոր էր նաև նախորդ փորձը։ Մենք լուսաբանել ենք «Էլեկտրիկ Երևանը», որի ընթացքում տեղի են ունեցել բախումներ, մենք լուսաբանել ենք 2018 թվականի հեղափոխությունը, որի ընթացքում նույնպես եղել են բախումներ։ Եվ յուրաքանչյուր նման սթրեսային իրավիճակում կա՛մ պետք է հաղթահարես այն, կա՛մ հեռանաս մասնագիտությունից։ Այլ տարբերակ չկա»,- ասում է նա։

Համավարակն իր հետ բերեց աշխատանքի նոր կանոններ։ Հեռավար հարցազրույցները, համավարակի պայմաններում բանախոսների և հենց իրենց՝ լրագրողների, անվտանգության պահպանման անհրաժեշտությունը նոր խոչընդոտներ ստեղծեցին լրագրողների համար։

«Սրանք փոփոխություններ են, որոնք գործելու են տարիներ շարունակ, մենք այլ կերպ ենք ապրելու և այլ կերպ ենք աշխատելու»,- համոզված է Արթուր Խաչատրյանը։

Արեն Մելիքյան
Լուսանկարները՝ Հակոբ Հովհաննիսյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *