Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) ամփոփեց 2025 թվականի կատարված աշխատանքները։ Անցած տարվա ընթացքում Հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ՝ հեղինակային իրավունքների, սարսափ ու ակնհայտ բռնություն, հայհոյանք ու գռեհկաբանություն պարունակող բովանդակության հեռարձակման, հանրօգուտ հաղորդումների առնվազն 20% չպահպանման և այլ պատճառներով։
Ըստ Հանձնաժողովի վիճակագրության՝ վերջին տարիներին հարուցված վարույթների թիվն աճել է՝ օրինակ 2011-2018 թվականների ընթացքում նախաձեռնվել է ընդամենը 15 վարույթ։
«Նախկինում ոչ իրավական մեթոդներով լուծվող խնդիրներն այժմ դատարանի միջոցով են կարգավորվում, ինչը նպաստում է իրավական մշակույթի ձևավորմանը։ ՀՌՀ-ի դեմ դատական հայցերի թիվը ևս աճել է։ Միայն անցյալ տարի մենք մասնակցել ենք 14 դատական գործընթացում, էլի պիտի համեմատություն բերեմ, որ 2011-2018 թվականներին Հանձնաժողովի դեմ եղել է ընդամենը 3 դատական հայց։ Սակայն, կան նաև օրենսդրական բացեր»,- ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Որպես օրինակ Հակոբյանը բերեց «Ռադիո Տոսպայի» դեպքը, երբ հանձնաժողովը կասեցրել էր «Սպուտնիկի» հեռարձակումը՝ Տիգրան Քյոսայանի հնչեցրած հայտարարությունների համար։ Ռադիոընկերությունն էլ բողոքարկել էր որոշումը և առաջին ատյանի դատարանում հաղթել։ Հակոբյանի կարծիքով խնդիրն այն է, որ գործող օրենսդրության մեջ դեռ հստակ սահմանված չեն ատելության խոսքի, ներքին գործերի մեր միջամտության և այլն երևույթների իրավական սահմանումները, ինչը դժվարեցնում է իրենց աշխատանքը և նման դեպքերի պատճառ դառնում։
Օրենսդրական բացի պատճառով անցած տարի քիչ չեն եղել նաև հեղինակային իրավունքի խախտման դեպքերը՝ հատկապես ցանցային օպերատորների մոտ։ Կատարված 42 ստուգումներից 26-ի արդյունքում հայտնաբերվել են խախտումներ։ Գործող օրենքով անկախ խախտումների քանակից պատիժը նույնն է՝ 50,000 դրամ։ Խնդիրը լուծելու համար «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով, որը շուտով պետք է քննարկվի Ազգային ժողովում, առաջարկվում է, որ կախված խախտումների քանակից տուգանքի չափն էլ փոփոխվի։
Առաջարկվող օրենքի փոփոխությամբ այն կարգավորումները, որոնք գործում են հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների վերաբերյալ, պետք է տարածվեն նաև կաբելային ցանցերում գործող հեռուստաընկերությունների վրա։ Նախագիծն առաջարկում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմի, բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը արգելել նաև ցանցային օպերատորների եթերում։
«Մենք ընդամենը փորձում ենք հավասար պայմաններ ստեղծել հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների և համացանցի համար, որովհետև այսօր տարբերությունը գրեթե ոչ ոք չի զգում։ Որոշ կարգավորումներ լինելու են մեր Հանձնաժողովի կողմից ընդունված նորմատիվ կամ անձնական ակտերով: Մի մասը քրեական օրենսդրության կամ վարչական օրենսդրության մեջ արդեն կան, մի մասն էլ դեռ մշակված չէ։ Փորձում ենք առաջնորդվել միջազգային սահմանումներով։ Ատելության խոսքի սահմանում դեռևս չունենք, հուսով ենք, որ արդարադատության նախարարությունը դա կմշակի և կտրամադրի մեզ որպես գործիք մինչև այս օրենքը ուժի մեջ մտնելը»,- ասաց Հակոբյանը։
Նախագիծը նախատեսում է նաև կարգավորումներ, որոնք թույլ կտան հայաստանյան տեղեկատվական դաշտը պաշտպանել օտարերկրյա ինֆորմացիոն հոսքերից ու ազդեցություններից։ Օրինակ, եթե օտարերկյա հեռուստածրագրի եթերում հնչել են հայտարարություններ, կոչեր, որոնք որևէ կերպ միջամտում են Հայաստանի ներքին գործերին, ապա Հանձնաժողովը որոշ ժամանակով կարող է դադարեցնել այդ ծրագրի գործունեությունը։ Հակոբյանը նշեց, որ այս հատվածի վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են, քանի որ շատ դժվար է տարբերակել, թե օտարերկրյա հաղորդումների ժամանակ ո՞րն է կարծիքը, որը մեր երկրի ներքին գործերին միջամտելու փորձը։
«Դեռ վեճեր կան այս հարցի վերաբերյալ։ Օրինակ` Արդարադատության նախարարությունը կամ ԱԺ մասնագետները հարցադրում են անում՝ ինչ բան է ներքին քաղաքական միջամտությունը: Ես չեմ բացառում, որ նույնիսկ այդ հատվածն օրենքից հանվի: Իսկ եթե չհանվի, պետք է բոլորս մտածենք այնպիսի ճիշտ մեկնաբանություն տանք, որպեսզի դա հետո տարընթերցում չպարունակի և չտա մեզ այն գործիքները, որով կարողանանք փակել մեզ դուր չեկած որևէ հեռուստաընկերություն: Սա դեռևս լուծված խնդիր չէ»,- ասաց Տիգրան Հակոբյանը։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի փոփոխության նախագիծը օրեր առաջ է արժանացել ԱԺ կրթության, գիտության, մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը, այն առաջիկայում կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։