Մի քանի օր է, ինչ մեդիա տիրույթում ակտիվորեն քննարկում է տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությունը։
«Ուժեղ Հայաստանում չի լինելու անբավարարված կին»,- ասել էր Սարգիս Կարապետյանը փետրվարի 1-ին հրապարակված յություբյան «Եռանկյունի» կոչվող փոդքասթի եթերում։ Քննարկումը ծավալվել էր ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ, մասնակիցներից մեկն էլ ասել էր, որ պետք է հավանաբար «սեքսի նախարարություն» ստեղծել, ինչին էլ ի պատասխան Սարգիս Կարապետյանը հավելել էր․ «Ինչքանով ես գիտեմ՝ առանց սեքսի դեմոգրաֆիկ հարցերը չեն լուծվում»։
Այս միտքը լայն տարածում ու մեծ աղմուկ բարձրացրեց նախ սոցցանցերի հայաստանյան տիրույթում, ապա խիստ գնահատականի արժանացավ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագիտական շրջանակների կողմից, օգտատերից մեկը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց, վերջում էլ թեման հասավ բրիտանական մամուլ, այս մասին հոդված հրապարակեց The Telegraph-ը։
Ի վերջո ինչո՞ւ աղմուկ բարձրացրեց այս միտքը, ի՞նչն էր խնդրահարույց։
Media.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն ասաց, որ առաջին հայացքից այս միտքն իսկապես կարող է ընկալվել որպես անհաջող հումոր կամ գռեհիկ ձևակերպում, բայց իրականում այն բացահայտում է համատարած մի մտածողություն, որ կանանց նվաստացման ու սեռական կյանքի թեման քաղաքական հարց լուծելու գործիք է։
Ըստ նրա՝ Սամվել Կարապետյանի որդին այսպիսով կնոջը ներկայացնում է ոչ թե որպես ինքնուրույն սուբյեկտ, այլ՝ օբյեկտ, որի արժանապատվությունը կրճատվում է մինչև սեռական բավարարվածություն: Բացի այդ, իրավապաշտպանի խոսքով, տարածվում է նաև այն միտքը, որ տղամարդիկ են այդ արժանապատվության տերը:
«Կա ևս մեկ ասպեկտ․ քաղաքական ծրագրերը ներխուժում են մարդու անձնական, մասնավոր կյանք, բավարարվածության հարցը դառնում է քաղաքական քննարկման առարկա, ինչն ընդունելի չէ: Վերարտադրվում են նաև խորքային ստերիոտիպերը․ կնոջ բավարարվածությունը ուժեղ պետության գրավական է դիտարկվում, պատասխանատվությունը դրվում է կնոջ վրա: Նման մտքերը լեգիտիմացվում են, երբ գալիս են հանրային դաշտ, երբ դրանք շրջանառվում են քաղաքական շրջանակների կողմից»,- ասաց Զառա Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից էլ նախորդ տարվա մայիսին նման միտք էր հնչել, ինչը ևս գալիս է ապացուցելու, որ կանանց թեման պարբերաբար շահարկվում է քաղաքական քննարկումներում (նկատի ունի Բագրատ Գալստանյանին ուղված Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սրբազա՛ն, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»,- խմբ․):
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ չի կարելի կանանց օգտագործել քաղաքական քարոզարշավներում դիվիդենտներ շահելու համար։
«Կանայք և խոցելի խմբերը չեն կարող լինել քաղաքական շահարկումների թեմա, քանի որ սա խտրականության, արժանապատվության խախտման և հասարակական վնասի ուղիղ դրևսրում է»,- ասված է կոալիցիայի տարածած հայտարարության մեջ։
Media.am -ի հետ զրույցում սոցիոլոգ Արփի Մանուսյանն էլ նկատեց, որ փոդքասթում քննարկմանը մասնակցում էր մարդ, ով իրեն ներկայացնում է որպես սոցիոլոգ, սակայն ոչ միայն չի հակառակվում այս մտքին, այլև աջակցում է։
«Վերջերս կրկին ականատես եղանք, թե ինչպես են տղամարդիկ քննարկում կանանց «բավարարվածության» հարցը՝ կեղծ-ինտելեկտուալ դիրքից։ Կանանց՝ որպես Դոգին կամ Նիկոլին «սպառող» սուբյեկտների շուրջ իբրև թե վերլուծական դատողություններ է անում սոցիոլոգը, որը ոչ միայն չի արձագանքում ռուսաստանցի միլիարդատիրոջ որդու թոքսիկ մասկուլին խոսքին, այլև նրան տրամադրում է անվտանգ հարթակ՝ առանց քննադատական հակակշռի։ Սա արդեն ոչ միայն քաղաքական, այլև մասնագիտական էթիկայի, չափանիշների և պատասխանատվության խնդիր է։ Որպես սոցիոլոգ՝ սա հատկապես ցավոտ է ինձ համար։
Հասարակագիտությունը և հասարակագետը կարող են և հաճախ ունենում են քաղաքական դիրքավորում, սակայն չեն կարող հանդուրժել սեքսիզմը, գենդերային և դասային արտոնյալությունը, դրանց բնականացումն ու վերարտադրությունը։ Առավել վտանգավոր է, երբ փորձագիտական կամ մասնագիտական գիտելիքը խոշոր կապիտալի գերակայության, ուժային ասիմետրիաների և հանրային շահի գիտակցության բացակայության պայմաններում գործիքայնացվում է՝ վերարտադրելով հենց այն անհավասարություններն ու բռնության լեզուն, որոնց քննադատությանը պետք է ուղղված լիներ»,- շեշտեց Մանուսյանը։
Հաշվի առնելով հանգամանքը, որ օգտատերերից մեկը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, հետաքրքրվեցինք՝ իրավական ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս հայտարարությունը Սարգիս Կարապետյանի համար։
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն այս առնչությամբ ասաց, որ եթե պատիժը լիներ էթիկայի, գիտակցության փոփոխության, մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացներին մասնակցելու տեսքով, ապա արդյունավետ կլիներ։ «Ասենք բանտարկեցին կամ տուգանեցին, հանրային աշխատանքներ նշանակեցին, մարդը դադարելո՞ւ է այդպես մտածել։ Մեկ էլ վարչապետին էր պետք դատել քեռակնոջ համար, բայց գիտենք, որ մեր երկրում նաև օրենքն է խտրականորեն կիրառվում։ Մեկին կարող են դատել ու նստացնել նույն տիպի խոսքի համար, մյուսին՝ պաշտոն տալ»,- հավելեց նա։