Պատկերը՝ zangezurtert.am-ի

Գորիսի շրջանային թերթի՝ 84 տարվա պատմություն ունեցող «Զանգեզուր»-ի ավելի քան 70 հազար էջից բաղկացած արխիվը հասանելի է օնլայն տիրույթում։ 

1934-ին ստեղծված թերթն իր գործունեության ընթացքում հանդես է եկել տարբեր անուններով՝ «Կարմիր Զանգեզուր», «Ստալինյան դրոշ», «Որոտան»։ Անկախ անվանումից այն մշտապես պատմել է Սյունիքի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքի մասին։  

Արխիվային նյութերի թվայնացումն իրականացրել է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագիր շրջանակում։  

Թերթի վերջին համարը հրապարակվել է 2018 թվականին, որից հետո տեխնիկական խնդիրների պատճառով անձնակազմը որոշել է դադարեցնել աշխատանքները և ամբողջ արխիվը ի պահ է տվել «Գորիսի մամուլի ակումբին»՝ հույս ունենալով, որ հասարակական կազմակերպությունը կկարողանա մի օր լուծել արխիվի թվայնացման խնդիրը։  

«Կարմիր Զանգեզուր»՝ 1934 թ․

«Գորիսի մամուլի ակումբ»-ի նախագահ Սուսաննա Շահնազարյանը պատմում է, որ իր մասնագիտական գործունեության մի մեծ հատված ևս կապված է «Զանգեզուրի» հետ։ 1983-ից թերթում որպես լրագրող է աշխատել, իսկ 1996-ից մինչև 2000 թվականանը եղել է «Զանգեզուրի» խմբագիրը։ Հենց այդ տարիներին էլ նրա ջանքերով մինչ այդ արճճային տպագրությամբ հրապարակվող թերթն անցում է կատարել համակարգչային տպագրության։ 

««Զանգեզուրը» տարածաշրջանի պատմության տարբեր ժամանակաշրջանները միմյանց հետ փոխկապակցող բացառիկ ռեսուրս է։ Արխիվում պահպանված են փաստեր, իրադարձություններ, վիճակագրական տեղեկությունների մեծ բազա, որոնք կարող են օգտակար լինել բազմաթիվ ոլորտների ուսումնասիրությունների համար։ Օրինակ՝ բավականին շատ նյութ կա Արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող մասնագետների համար։ Աշխատել «Զանգեզուրում», լինել դրա մասնիկը շատ մեծ պատիվ էր, նույնիսկ շատ լրագրողներ այդ տարիներին անգամ նախանձում էին զանգեզուրցիներիս։ 

Երբ թերթի ամբողջ արխիվը վստահվեց մամուլի ակումբին, մենք անընդահատ փորձում էինք տարբեր ծրագրերով ֆոնդահայթայթում իրականացնել, գտնել միջոցներ, որ կարողանայինք թվայնացման գործընթացը սկսել»,- ասում է Սուսաննա Շահնազարյանը։  

«Զանգեզուր» թերթի արխիվը։ Լուսանկարը՝ Սուսաննա Շահնազարյանի

Մամուլի ակումբի նախագահը պատմում է, որ թվայնացման գործընթացը բավականին աշխատատար է եղել։ 1934 թվականից սկսած բոլոր համարների էջերը առանձնացրել են, որ կարողանան սկանավորել։ Ավելի քան մեկ տարի տևած աշխատանքի արդյունքում այսօր ընթերցողը պարզ որոնման միջոցով կարող է գտնել անհրաժեշտ ինֆորմացիան։ 

«Կարդալու, վերլուծելու շատ նյութ կա, սակայն ես ուզում եմ առանձնահատուկ շեշտել, թե որքան հետաքրքիր ու աժեքավոր է թերթի լուսանկարների արխիվը։  

Փաստերից, իրադարձությունների բացի, հետաքրքիր է նաև դիտարկել, թե տարբեր ժամանակահատվածներում լրագրության ո՞ր ժանրերն են ավելի նախընտրելի եղել, խոսքն ու լեզուն ի՞նչ էվոլյուցիա է ապրել։ Օրինակ թվայնացման ընթացքում ակնհայտ էր, որ ֆելիետոնի ժանրը բավականին ընդունված է եղել ու կիրառվել է բավականին խտացված գույներով ու հատուկ շեշտադրումներով»,- ասում է մամուլի ակումբի նախագահը։ 

Իր տասնամյակների պատմության ընթացքում թերթը դարձել է խոշորագույն ու պատմական իրադարձությունների վավերագրողը։ 

Խորհրդային կարգերի ավարտի և նորանկախ Հայաստանի կայացման ճանապարհին՝ Կոմունիստական կուսակցության շրջանային կոմիտեի պաշտոնաթերթը փոխվել ու հարստացել է նոր գաղափարներով՝ դառնալով անկախ Հայաստանի առաջին լրատվամիջոցներից մեկը։  

Սամվել Ալեքսանյանը «Զանգեզուրի» խմբագիրն է եղել 1988-1996 թվականներին։ Հենց նրա ղեկավարության ժամանակ է թերթի աշխատակազմը չեղարկել կուսակցական պատկանելիությունը և դարձել անկախ։ 

«Ես հիշում եմ Գորիսի կենտրոնում՝ Լենինի արձանի մոտ, բավականին բազմամարդ ցույց էր և երբ մենք առաջին անգամ, լուսաբանեցինք այն այնպես, ինչպես կար, դա ռումբի նման պայթեց։ Մեզ կանչում էին պատասխանատվության, մեզանից բացատրություն էին պահանջում։ Այդ ժամանակ մեզ հաճախ մեղադրում էին անհարկի համարձակության համար, ինքնակամության համար։ Այդ ժամանակ հարկավոր էր նոր գործելաոճ»,- ասում է Սամվել Ալեքսանյանը։  

Նախկին խմբագիրը պատմում է, որ այդ տարիներին թերթի թիվ մեկ թեման Արցախյան պատերազմն էր։ Ամեն օր Ստեփանակերտի իրենց գործընկերներից տարբեր միջոցներով ինֆորմացիա էին ստանում։ Թերթի տնօրինության տակ գտնվող Գորիսի ռադիոյի միջոցով էլ օպերատիվորեն տարածում էին այդ ինֆորմացիան։ Մայրաքաղաքային բազմաթիվ լրատվամիջոցների համար այդ օրերին «Զանգեզուրը» ինֆորմացիայի սկզբնաղբյուր էր հանդիսանում։  

«Զանգեզուր» թերթի արխիվը։ Լուսանկարը՝ Սուսաննա Շահնազարյանի

«Ես այդ ժամանակ նաև թղթակցում էի «Արմենպրես»-ին ու օրվա ընթացքում երկու-երեք լուր էի տալիս նրանց։ Մենք գնում էինք այդ ռմբակոծված բնակավայրերը, մտնում էինք տները, ճշտում էինք ավերածությունների ծավալները, փաստահավաք աշխատանք էինք իրականացնում։ Մեր խմբագրության լրագրողներին հրավիրում էին ներկա գտնվելու տարբեր հանդիպումների։ Օրինակ, մինչև միջանցքի բացվելը, սահմանագծում կարող է հանդիպեին Ադրբեջանի ներքին գործերի նախարարը և մեր կողմի ներկայացուցիչները, մեր գործընկերները գրեթե միշտ ներկա էին այդ հանդիպումներին։ Մի անգամ էլ ուղղաթիռը կրակագծով պետք է անցներ և գնար Ստեփանակերտ։ Ես խնդրեցի, որ ուղղաթիռում մեկ տեղ էլ մեր լրագրողի համար հատկացնեն։ Ոչ ոք չգիտեր, թե ուղղաթիռն ինչ ճակատագիր կունենա, բայց մեր լրագրողները պատրասատ սպասում էին, թե ում պետք է հանձնարարեմ այդ աշխատանքը»,-ասում է թերթի նախկին խմբագիրը։ 

Թվայնացված նյութերն արժեքավոր տեղեկություններ են պարունակում նաև տարբեր ժամանակահատվածներում մարդու իրավունքի պաշտպանության ու խոսքի ազատության թեմաներով։ Կարևոր են նաև Ստալինյան բռնաճնշումների մասին նյութերը, որոնք բացի վիճակագրական փաստերից, նաև ներկայացնում են մարդուն պարսավելու, պիտակավորելու, անհանդուրժողականության մասին տարբեր պատմություններ։ 

Արխիվի թվայնացման նախաձեռնողները հուսով են, որ այն օգտակար կլինի պատմաբանների, հետազոտողների ու փորձագետների համար։