Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ
Բելլա Բաբախանյան

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը լուր է տարածել այն մասին, որ Մինսկում 15 օրով կալանավորվել է հայազգի բլոգեր Բելլա Բաբախանյանը, որն ավելի հայտնի է որպես «У Бэллы» անվամբ բլոգի հեղինակ։ 

Լապշինին, ի դեպ, 2017 թվականին Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո էին Բելառուսում ձերբակալել, ապա արտահանձնել Ադրբեջան, որտեղ նա անցկացրել էր մեկ տարի։ 

Տարածած տեսանյութում Լապշինն ասում է, որ Բելլայի մասին իրեն պատմել են նրա ընկերները, ովքեր խիստ մտահոգված են ձերբակալությամբ։ Ըստ նրա՝ Բելլլան Բելառուսում ձերբակալվել է ադրբեջանական կողմի պահանջով և մեղադրվում է միջազգային թշմամանք սերմանելու, պատերազմ հրահրելու, իշխանությանը վիրավորելու, զրպարտության, սպանության սպառնալիքի համար և կա վտանգ, որ նրան էլ կարող են արտահանձնել Ադրբեջան։ 

Բելլայի բլոգը ուսումնասիրելիս երևում է, որ նա իսկապես ակտիվ բանավեճեր է վարում ադրբեջանցիների հետ, լայվերի ժամանակ հարևան երկրի ներկայացուցիչների հետ բարձր տոներով խոսում են՝ ով է ճիշտ, ով սխալ, երբեմն վիրավորում են միմյանց, ինչն էլ, հնարավոր է, դուր չի եկել ադրբեջանական կողմին։ Վերջին տեսանյութում ադրբեջանցիներն անգամ ասել են, որ դիմելու են իրավապահ մարմիններին՝ Բելլային ձերբակալելու համար, սակայն բլոգերը դրան լուրջ չի վերաբերվել։ 

«Առաջին հերթին հետ կբերեմ մեր սուրբ Լեռը՝ Արարատը, Թուրքիան, Ադրբեջանը․․․ Մեր հայերը սփռվել են աշխարհով, բոլորը պետք է ապրեն Հայաստանում»,- նշում է Բելլան լայվերից մեկի ժամանակ: 

vox populi

Մի անգամ էլ Բելլա Բաբախանյանը քիթն է սրբել ադրբեջանական դրոշով ու ասել է, որ դա պատասխան է ադրբեջանական բլոգերների՝ հայկական դրոշի վրա միզելու քայլին։ 

Հետաքրքրական է, որ Բելառուսում բլոգերին ձերբակալելու լուրը այդպես էլ պաշտոնական հերքում կամ հաստատում մինչ այս պահը չի ստացել՝ չնայած նրան, որ մի քանի օր է, ինչ պտտվում է հայաստանյան մեդիա դաշտում։ Ոչ Հայաստանի, ոչ Բելառուսի իրավապահ մարմինները կամ այլ կառույցներ չեն անդրադարձել հայազգի բլոգերի կալանավորմանը, բայց սա չի խանգարում շատ շատերին մեկնաբանություններ անել ու վարկածներ շրջանառել։ 

Լուրը ձնագնդի էֆեկտով ստացել է բազմաթիվ երանգներ, անգամ միջպետական բնույթի և առանց ստույգ տեղեկատվության առկայության՝ առայժմ միայն Լապշինի փոխանցմամբ։ 

Թեմային անդրադարձել է քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը։ Վերջինս նշել է, որ ինքը կապի մեջ է Բելլա Բաբախանյանի հարազատների հետ, ովքեր հաստատել են վարչական կալանքի մեջ գտնվելու լուրը։ Նա հայտնել է, որ Բելլա Բաբախանյանը ՀՀ քաղաքացի է, ունի Բելառուսում գտնվելու կացության իրավունք, բայց Բելառուսի քաղաքացի չէ, ուստի ՀՀ իշխանություններին կոչ է արել զբաղվել հարցով։  

Միաժամանակ Մարուքյանը հերքել է Լապշինի հայտարարությունն այն մասին, թե վերջինս կալանավորվել է իր կողմից նշված հոդվածներով։  

Էդմոն Մարուքյանը միակ մարդը չէ, որը հերքում է Լապշինին։ Ռոզա Բաղդասարյան անունով բլոգեր, ով ներկայանում է որպես Բելլայի ընկեր, ասում է, որ թեմայի վերաբերյալ «սխալ ինֆորմացիա են տարածում, դրանով խաղում են թուրքերի խաղերով»։ Նա ևս հերքում է Ալեքսանդր Լապշինի հայտարարությունը, ասելով, որ կալանքը նշյալ հոդվածների պատճառով չէ, իսկ թե ինչի համար է՝ այդպես էլ չի ասում։ 

Պետրոսյան անունով բլոգերն էլ հերքում է Լապշինին, ասելով, որ ամեն ինչ հսկողության տակ է, ինքը որպես Բելլային հարազատ մարդ գիտի, թե ինչ է կատարվում և Բելլան այս պահին օգնության կարիք չունի։ Նա ևս չի ասում, թե 15 օր ինչի համար է կալանքի տակ գտնվում բլոգերը, բայց կրկին կոչ է անում չվնասել պրոցեսին՝ չմտածված հայտարարություններով։ 

Քանի որ Հայաստանը Բելառուսում դեսպան չունի, վեց ամիս առաջ ՀՀ դեսպանը հետ է կանչվել Բելառուսից՝ ի նշան բողոքի, չկա Մինսկում գտնվող պատկան մարմին, ով կարող է պարզաբանել տեղի ունեցողը։ Իսկ ՀՀ պատկան մարմիններն էլ առայժմ լռում են։  

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Media.am-ին ասացին, որ հրապարակման ենթակա տեղեկատվություն այս պահին չունեն։ 

Թեմայի վերաբերյալ նորությունների կամ պաշտոնական մեկնաբանությունների առկայության դեպքում խմբագրությունը հանդես կգա հավելյալ թարմացմամբ։  

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել