Լրատվական դաշտում տարին սկսվեց հաքերային հարձակմամբ։ Հունվարի 6-ին հաքերները կոտրել էին News.am կայքի տելեգրամյան ալիքը։
Դեպքն առաջինը նկատել ու բարձրաձայնել էր մեդիափորձագետ Արթուր Պապյանը։
Ըստ նրա՝ հաքերների քայլերի հաջորդականությունը՝ կոտրել էջը, հետո ինչ-որ հրապարակումներ անել, շատ նման էր ադրբեջանցիների ձեռագրին։
«Ես գրառում էի արել ու նշել, որ լրատվամիջոցի տելեգրամյան ալիքը ադրբեջանցիները կոտրել են։ Իմ գրառումը տեսել էր հաքերը, արձագանքել էր ու հենց ինքն էլ նշել էր, որ ռուս է, ոչ թե ադրբեջանցի»,- ասում է Արթուր Պապյանը։
Անվանափոխված ու «Слава России» անունը կրող տելեգրամյան ալիքում հենց ինքը` հաքերը, գրել էր, որ կոտրված օգտահաշիվը գնել է համացանցային ինչ- որ արտահոսքերից և հետո է միայն տեսել, որ դրան կցված է նաև լրատվական էջի տելեգրամյան ալիք։ Նա պատրաստակամություն էր հայտնել վերադարձնել լրատվամիջոցի տելեգրամյան ալիքը, սակայն նշել էր, որ չի պատրաստվում վերադարձնել օգտահաշիվը, քանի որ դրա համար վճարել է։
Հետո նոր գրառմամբ նշել էր, որ կվերադարձնի նաև օգտահաշիվը ու հետադարձ կապի հասցե էր թողել։
Որոշ ժամանակ անց News.am-ին հաջողվել էր վերականգնել տելեգրամյան ալիքի բնականոն աշխատանքը։
Լրատվամիջոցից հրաժարվեցին մեզ որևէ մեկնաբանություն տալ թեմայի վերաբերյալ՝ նշելով, որ խնդիրը կարգավորվել է և լրատվամիջոցն անցել է իր բնականոն աշխատանքին։
Արթուր Պապյանն ասում է՝ ակնհայտ է, որ հարձակումը թիրախավորված չի եղել հենց կայքի նկատմամբ։
«Կայքի ադմիններից մեկի տելեգրամյան օգտահաշիվը ֆիշինգային հարձակման զոհ է դարձել, հետո էլ վաճառվել է։ Լրատվականի տելեգրամյան ալիքը կոտրելն այս դեպքում երկրորդ փուլով իրականացված գործողություն է եղել» ,-ասում է մեդիափորձագետը։
Նկատելի է, որ վերջին տարիներին Հայաստանում ֆիշինգային հարձակումները դարձել են ավելի ագրեսիվ։ Չնայած որ, այդ հարձակումների թիրախում հաճախ լրատվամիջոցները չեն լինում, բայց դրանք լուրջ սպառնալիք են դարձել նաև լրագրողների ու լրատվամիջոցների համար։
Արթուր Պապյանն ասում է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, ֆիշինգային հարձակումներին դիմագրավելն այսօր ավելի դժվար է դարձել, և գրեթե, ոչ ոք դրանից ապահովագրված չէ։
Սակայն նմանատիպ դեպքերից խուսափելու համար խորհուրդ է տալիս մշտապես օգտվել երկփուլային անվտանգային համակարգերից, մասնակցել թվային անվտանգությանը վերաբերող դասընթացների ու բարձրացնել թվային գրագիտության մակարդակը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: