Վրաստանում հայկական համայնքի ներկայացուցիչներն ու տեղի հասարակական կազմակերպություններն անհանգստացած են լրատվամիջոցներից մեկի կողմից շրջանառվող հակահայ բովանդակությամբ։
Խոսքը «POSTV» հեռուստաընկերության մասին է, որը կապում են իշխանական շրջանակների հետ։ Լրատվամիջոցի լրագրողն ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեին հայատյաց հարց է ուղել։ Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ։
«Դուք ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք, ամաչո՞ւմ եք»,- հարցրել է լրագրողը քաղաքական գործչին։
Ի պատասխան Մամուկա Խազարաձեն ու իրեն շրջապատող մարդիկ ծիծաղել են։ «Որտեղի՞ց նման բան հորինեցիք»,- արձագանքել է քաղաքական գործիչը։
«Էթնիկ փոքրամասնություններին օտարերկրացիներ անվանելը, նրանց քաղաքացիությունից զրկելը, հայատյացությունը, էթնոկենտրիզմը՝ 90-ականների ռեպրեսիվ և սև վրացական ազգայնականության հիմնական դիսկուրսները վերածնվում են իշխող ուժի կողմից։ Ցավալի է»,- ֆեյսբուքյան իր էջում այս առնչությամբ գրել է «Սոցիալական արդարության կենտրոն»-ի տնօրեններից Թամթա Միքելաձեն։
Իշխանական լրատվամիջոցը, «մեղադրելով» ընդդիմադիր գործչին հայ լինելու մեջ, փորձ է անում հեղինակազրկել նրան, դիսկրեդիտացիայի ենթարկել։ Քանի որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են, որոնք երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան, իշխող ուժի մեդիա քաչոզչությունը, հավանաբար, գործի է դրել բոլոր հնարավոր միջոցները՝ վարկաբեկելու ընդդիմությանը։ Այդ միջոցներից մեկը, ինչպես ընկալվում է լրագրողի հնչեցված մտքից, հայ լինել-չլինելու մասին հարցադրումն է։
Պատկերացնելու համար, թե «Վրացական երազանքն» ինչ քարոզչական մեթոդներ է օգտագործում իշխանությունը պահելու համար բերենք ևս երկու օրինակ։
Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում իշխող ուժի քարոզչական խումբը տեղադրել է մեծ պաստառ, որտեղ արյունոտ ֆոնին պատկերված են ընդդիմադիր գործիչները շփոթված, բարկացած, զարմացած դեմքերով։ Նրանց վիզը շղթայված է ու գրված է․ «Ոչ պատերազմին, ոչ ագենտուրային»։
Տեղական «Ֆորմուլա», «Պերվելի» և «Մթավարի» անկախ լրատվամիջոցները հրաժարվել են ցուցադրել այս գովազդային պաստառն իրենց եթերներում ու այդ պատճառով տուգանվել են։
Վրացական JWT Metro ստեղծագործական գործակալության աշխատակիցներն էլ որոշել են դուրս գալ աշխատանքից։ Ընկերությունը սկանդալային նախընտրական տեսահոլովակ է նկարահանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության համար, որում համեմատել է պատերազմից տուժած Ուկրաինային «խաղաղ և բարգավաճ» Վրաստանի հետ։ Գործակալությունից դուրս եկած աշխատակիցները համաձայն չեն այդ հոլովակի բովանդակության հետ։
Նրանք ասում են, որ իրենց ղեկավարն առանց իրենց հետ համաձայնեցնելու ու տեղյակ պահելու չպետք է նկարահաներ նման հոլովակ, քանի որ դեռ մի քանի ամիս առաջ իրենք միացել էին նախաձեռնությանը, որ չեն համագործակցի այն ապրանքանիշերի հետ, որոնք պաշտպանում են «Վրացական երազանքի» նախաձեռնած «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: