2024.10.04,

Նյուսրում

Ընդդիմության առաջնորդը Հանրայինի եթերում․ բացառությու՞ն, թե՞օրինաչափություն

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հանրային հեռուստատեսություն մտնելու և ուղիղ եթեր պահանջելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի քայլը նման էր բաց դուռը թակելուն։  

Այս մասին media.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի մեդիափորձագետ Հակոբ Կարապետյանը` խոսելով հոկտեմբերի 2-ի իրադարձությունների մասին։  

Այդ օրը Բագրատ Սրբազանն իր նախաձեռնած հանրահավաքից հետո թիմակիցների հետ շարժվեց դեպի Հանրային ու հայտարարեց, որ պահանջում է իրեն ուղիղ եթեր տալ՝ ուղերձ հնչեցնելու համար։ Հանրայինը շատ արագ արձագանքեց՝ հայտարարելով, որ պատրաստ է ուղիղ եթերում, բայց հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին: Գալստանյանը արձագանքեց, թե հարցազրույց չեն ուզում, միայն՝ ուղերձ։  

Երբ շարժման մասնակիցները հասան հեռուստատեսություն, շենքը որպես հատուկ պահպանվող տարածք, արդեն շրջափակված էր ոստիկաններով: Նրանց փողոցում դիմավորեց Հանրային Հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: Վերջինիս հետ բանակցություններից հետո կողմերը եկան համաձայնության, որ Գալստանյանը կհնչեցնի իր ուղերձը, ինչից հետո՝ մնացյալ ժամանակը, հարցազրույց կտա հաղորդավար Պետրոս Ղազարյանին։ 

Հակոբ Կարապետյանն ասում է, որ իր համար անհասկանալի էր նման պահանջը, քանի որ Հանրայինը գոնե ֆորմալ առումով հարթակ է տրամադրում բոլոր ուժերին և ինչպես այդ օրը պարզ դարձավ մի քանի անգամ հրավիրել է նաև Բագրատ Գալստանյանին ու իր թիմակիցներին, սակայն, նրանք մերժել են հրավերները։ 

«Չկա հանրային հետաքրքրություն ներկայացնող անհատ, կուսակցական, ով Առաջին ալիքում եթերից զրկված լինի։ Գոնե ֆորմալ առումով բոլորն ունեն այս հարթակը։ Ինչու եմ ասում ֆորմալ առումով, որովհետև այլ հարց է, թե ինչպես են բուն տաղավարում նրանց վերաբերում՝ հարցերի շեշտադրմամբ, հռետորաբանությամբ։ Հանրայինի տնօրինությունը մի քանի անգամ հայտարարեց, որ Գալստանյանը երբեք զրկված չի եղել եթերից, վերջինս էլ հարցազրույցի ժամանակ հաստատեց դա»,- ասաց Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ հեռուստատեսության դրսևորած վարքն իրավիճակին համարժեք էր։ 

Թե որքանո՞վ էին օբյեկտիվ Պետրոս Ղազարյանի հարցերը Բագրատ Գալստանյանին՝ Հակոբ Կարապետյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ այդ հարցազրույցն ամեն դեպքում տարբերվում էր մյուսներից, քանի որ պլանավորած չէր։  

Խոսելով Հանրայինի հայտարարության մասին, թե ընդդիմադիրները հրաժարվում են ընդունել հարցազրույցի իրենց առաջարկները, մեդիափորձագետն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, քաղաքական գործիչ հանրային հաղորդակցությունն իրեն հարմար կերպով է մշակում։  

«Եթե հրաժարվում են, նպատակահարմար չեն գտնում խոսել Հանրայինով, իրենց իրավունքն է։ Կարևոր է, որ առաջարկը կա, կարևոր է, որ բոլորն ունեն ձայնի իրավունք, որ զրկված չեն եթերից։ Մնացածը՝ իրենց նպատակահարմարության հարցն է»,- ասաց նա։  

Կարապետյանը միաժամանակ շեշտեց, որ վերջին երեք-չորս տարվա միտումները տխրեցնող են․ իշխանության ներկայացուցիչներն ընտրում են իշխանական լրատվամիջոցներում հանդես գալը, ընդդիմության ներկայացուցիչները՝ ընդդիմիության լրատվամիջոցներում։  

«Այս միտումը միանշանակ աղքատացնում է հանրային խոսքը, բանավեճի մշակույթը զարգացնելու հնարավորություն չի տալիս։ Յուրաքանչյուրն ընտրում է իրեն հարմար հարցազրուցավարին, ինչը, կրկնում եմ, չի զարգացնում դեմոկրատական այնպիսի ինստիտուտի զարգացմանը, որը բանավեճն է»,- ընդգծեց նա։  

Այն հարցին, թե այս նախադեպը կարո՞ղ է դառնալ սովորական և ցանկացած հանրահավաքի նախաձեռնող գա ու պահանջի եթեր Հանրայինում, Հակոբ Կարապետյանը պատասխանեց, որ ցանկացած քիչ թե շատ հանրային հետաքրքրություն ներկայացնող գործիչ ունի այդ խոսքի իրավունքը Հանրայինում և դրա համար ամենևին միտինգներ անելու ու Հանրայինը «գրավելու» անհրաժեշտություն չկա։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *