2024.09.11,

Նյուսրում

Ճանաչել մեդիան՝ դավադրության տեսություններից մինչև ինֆլյուենսերներ

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Մեդիան հինգ մատի պես ճանաչելու գործիքներն այլևս մեկտեղված են նոր լույս տեսած ձեռնարկում, որն այդպես էլ կոչվում է` «Հինգ մատի պես ճանաչել մեդիան»:  

Մեդիագրագիտությանը վերաբերող հայաստանյան հրատարակչություններից այս մեկը տարբերվում է ոչ միայն բովանդակությամբ, այլև՝ ֆորմատով: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) այս արտադրանքն իր մեջ պարունակում է մուլտիմեդիա ձևաչափի հնարավոր բազմաթիվ նյութեր․ ոչ միայն տեքստ, պատկեր, այլև՝ տեսանյութեր, աուդիոնյութեր, ինտերակտիվ խաղեր։  

Գրքի հիման վրա ստեղծված օնլայն դասընթացը հասանելի է ՄՆԿ-ի  առցանց դասընթացների էջում։

Գրքի շնորհանդեսի ժամանակ ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրերի ղեկավար, ձեռնարկի խմբագիրներից Անի Եղիազարյանն ասաց, որ ձեռնարկը կարևոր ռեսուրս է և, միանշանակ, համալրելու է մեդիագրագիտության ռեսուրսների բանկը։   

«Այս գրքի թիրախը երիտասարդներն են ու երիտասարդների հետ աշխատող դասընթացավարները, երիտասարդական աշխատողները, ուսուցիչները, դասախոսները, որոնց համար ձեռնարկը կդառնա ուղեցույց։ Այն տեսական հատվածներից բացի ներառում է նաև հստակ գործիքակազմ (toolkit), որը հնարավորություն է տալիս գործնականում կիրառելու ստացած գիտելիքները»,- նշեց նա։  

Խմբագիրը պատմեց նաև, թե ինչու են ձեռնարկն անվանել «Հինգ մատի պես»․ «Բացիր ձեռքդ, արի սկսենք հաշվարկը․ յուրաքանչյուր թեմայից հետո, երբ վստահ լինես, որ յուրացրել ես այն, փակիր մի մատդ․․․ ու երբ արդեն բռունցք ունենաս, ասա՝ ես ճանաչեցի մեդիան 5 մատիս պես»։  

Անի Եղիազարյանի խոսքով՝ մեդիագրագիտությանը վերաբերող ռեսուրսների կարիք միշտ կա, քանի որ ժամանակակից աշխարհում ամեն ինչ օր օրի զարգանում է, ստեղծվում են նոր մարտահրավերներ, որոնց դեմ պայքարի նոր գործիքակազմեր են պետք։  

«Մեդիագրագիությունը ճշգրիտ գիտություն չէ, որ ասես՝ վերջ, սովորեցի, այլևս մեդիագրագետ եմ։ Ամեն օր ստեղծվում են թվային միջավայրում հանդիպող նոր մարտահրավերներ, նոր վիրուսներ, անձնական տվյալները հափշտակելու նոր մեխանիզմներ և այլն։ Չկա մեկ բանաձև, որն այս ամենից քեզ հեռու կպահի։ Դու պետք է անընդհատ սովորես ու զարգացնես մեդիագրագիտության հմտություններդ դրանց թակարդում չհայտնվելու համար»,- շեշտեց նա։  

ՄՆԿ մեդիափորձագետ Արմեն Սարգսյանն էլ նկատեց, որ տարիներ շարունակ մեդիագրագիտության մասին խոսել են ու հարցը բարձրացրել են լրագրողների միջոցով, քանի որ նրանք են ոլորտի խնդիրներին անմիջապես առնչվող մարդիկ։ Հետևաբար, գրքերի լսարանն էլ լրագրողներն ու ԶԼՄ ներկայացուցիչներն են դարձել։ Այս ձեռնարկի առանձնահատկությունն այն է, որ այն որդեգրել է ավելի լայն թիրախային լսարան ձևավորելու սկզբունքը․ այն ստեղծվել է մարդկանց համար, որոնք առնչություն չունեն ԶԼՄ-ների հետ և կարող են յուրացնել։ 

«Այս գիրքը ևս մեկ առանձնահատկություն ունի․ այն պարունակում է գործիքակազմ։ Միայն մեդիագրագետ լինելը մեր օրերում բավարար չէ, դու պետք է ունենաս հստակ գործիքներ, որոնք կկիրառես ապահով լինելու համար։ Ձեռնարկում գործնական հատվածը՝ գործիքները, գերակշռում են տեսական մասին»,- ասաց Արմեն Սարգսյանը։  

Մեդիափորձագետը նկատեց, որ ձեռնարկի հինգ գլուխներից ինքն առանձնացնում է վերջինը, որը մեդիա նոր աղբյուրների՝ ինֆլյուենսերների, աշխատանքի էության մասին է։ Այն բացատրում է, թե ովքեր են ինֆլյուենսերները, որն է նրանց աշխատանքի իմաստն ու նպատակը, ինչպես են նրանք դառնում տեղեկատվություն տարածող ու կարծիք ձևավորող սուբյեկտներ։  

Ձեռնարկի հեղինակներից մեկի՝ թվային անվտանգության մասնագետ Ալեքսանդր Մարտիրոսյանի դիտարկմամբ էլ, պատահական չէ, որ գրքի թիրախը հենց երիտասարդությունն է։ Ըստ նրա՝ թվում է, թե երիտասարդները պետք է ավելի մեդիագրագետ լինեն ու քիչ ընկնեն թակարդները, այնինչ դա այդպես չէ։  

«Թվում է, թե երիտասարդները շատ բան գիտեն մեդիայի մասին և կարող են գրագետ ձևով դիրքավորվել ու կողմնորոշվել տեղեկատվական միջավայրում, բայց իմ փորձից պետք է ասեմ, որ այդ եզրակացությունը մոլորություն է։ Երիտասարդները շատ լավ են տիրապետում սոցիալական մեդիայի հարթակներին, դրանց հնարավորություններին, ֆունկցիոնալին, գիտեն, թե որ կոճակի միջոցով ինչ «հրաշքներ» կարող են գործել։ Իրենք տիրապետում են ձևին, բայց շատերն անգամ գաղափար չունեն բովանդակության մասին, չգիտեն ինչպես վարվել տեղեկատվության հետ, որը սպառել, որը՝ ոչ, ինչպես կողմոնորշվել տեղեկատվական հոսքերի պայմաններում, ինչ վտանգներ կան առցանց միջավայրում, ինչպիսի թվային հետք են թողնում ու ինչպես է պետք ձևավորել սեփական թվային ինքնությունը։  

Սրանք կարևոր բաներ են, որոնց մասին մենք մոռացել ենք ու հաճախ հարկ չենք համարում խորանալ բովանդակության մեջ՝ պահպանելով միայն ձևը։ Այս ձեռնարկի խնդիրն է վերափոխել և՛ ձևը, և՛ բովանդակությունը այնպես, որ մեկը մյուսին փոխլրացնեն։ Կարծում եմ, որ այն շատ դուր կգա մեր երիտասարդներին»,- շեշտեց նա։ 

Ձեռնարկը պատրաստել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում։ Այն Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:
Ձեռնարկը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *