Հայաստանում Յություբի մոնետիզացիան (դրամայնացումը) ակտիվացնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Յություբի մոնետիզացիան կաշխատի 2024 թ․-ի առաջին կեսին, ինչը դրական սպասումներ էր առաջացրել վիդեոբովանդակություն ստեղծող բլոգերների մոտ։
Հուլիսի 4-ի դրությամբ մոնետիզացիան այդպես էլ Հայաստանի համար չի ակտիվացել։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից media.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Յություբի դրամայնացման ծառայությունները հասանելի դարձնելը բացառապես Գուգլ ընկերության որոշումն է և որ նախարարությունը բանակցում է ընկերության հետ՝ բոլոր վարչարարական արգելքները հաղթահարելու և բարենպաստ միջավայր ստեղծելու ուղությամբ։
«Նախարարությունը այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ակտիվորեն շարունակում է աշխատանքային հանդիպումները և քննարկումները ընկերության տարբեր մակարդակների ներկայացուցիչների հետ դրական արդյունք ստանալու նպատակով։ ՀՀ կողմից որևէ խոչընդոտ առկա չէ, հետևաբար ակնկալում ենք ընկերության դրական դիրքորոշումը»,- փոխանցեցին ԲՏԱ նախարարությունից։
Նշենք, որ ԱՄՆ-ում, ԵՄ երկրներում, Հայաստանի հարևան Վրաստանում, Յություբը տարիներ շարունակ վճարում է տեսանյութերի հեղինակներին՝ դրանց դիտելիության չափով։ Հայաստանում, սակայն, այս գործիքը չի աշխատում։
Յություբ ալիքի սեփականատերը շահույթ է ստանում, երբ իր ներբեռնած տեսանյութի ժամանակ գովազդ է ցուցադրվում։ Գովազդատուները վճարում են Յություբին, Յություբն էլ վճարում է ալիքի սեփականատիրոջը։ Գումարը հաշվարկվում է ըստ գովազդի դիտումների։
Դրամայնացմանը միանալու համար հարկավոր է բավարարել Յություբի սահմանած նվազագույն պահանջներին՝ ունենալ առնվազն 1000 բաժանորդ, 4000 ժամ դիտում մեկ տարվա ընթացքում։
Յուրաքանչյուր երկրում 1000 դիտումն ունի տարբեր արժեք։ Թե որքա՞ն կարժենա այն Հայաստանում, դեռևս հայտնի չէ։