2023.12.01,

Նյուսրում

Յություբ մոնետիզացիայի ակտիվացումը Հայաստանում․ ակնկալիքներն ու հեռանկարները

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հայաստանում Յություբի մոնետիզացիան (դրամայնացումը) ակտիվացնելու մասին լուրերը դրական սպասումների առիթ են վիդեոկոնտենտ ստեղծող օգտատերերի համար։  

ԱՄՆ-ում, ԵՄ երկրներում, անգամ հարևան Վրաստանում, Յություբը տարիներ շարունակ վճարում է տեսանյութերի հեղինակներին՝ դրանց դիտելիության չափով։ Հայաստանում, սակայն, այս գործիքը չի աշխատել։  

Այն կակտիվանա 2024 թվականին, ինչի մասին վերջերս, հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Շատ երկրներում, օրինակ Ռուսաստանում, Յություբը լուրջ այլընտրանքային մեդիա ռեսուրս է։ Այս հարթակը մրցակցության մեջ է հեռուստատեսության հետ, քանի որ ազատ է, առանց գրաքննության։  

Մեդիա Սիսթեմս գովազդային գործակալության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Բելլա Կարապետյանն ասում է, որ գումար վաստակելու հեռանկարով պայմանավորված շատերը կսկսեն մեդիա կոնտենտ ստեղծել, որոնց թվում վստահաբար կլինեն օգտակար, զարգացնող թեմաներ։  

Ըստ նրա՝ սա շատ լավ հնարավություն է հայ կոնտենտ ստեղծողների համար, ոչ միայն գումար վաստակել, այլ նաև շուկան ընդլայնել և միջազգային լսարան ներգրավել։ Կարապետյանը նկատում է, որ Հայաստանյան շուկան վաղուց արդեն պատրաստ էր այս փոփոխությանը: Միաժամանակ, մասնագետի խոսքով, պետք է նաև հաշվի առնել, որ գովազդների ակտիվությունից ելնելով հնարավոր է նաև լսարանի ներգրավվածության որոշակի անկում:  

Այնուամենայնիվ, նա նշում է, որ փոփոխության հետևանքով ալիքի սեփականատերերը ստիպված չեն լինի Յություբից գումար վաստակելու համար այլընտրանքային ճանապարհներ փնտրել, օրինակ ալիքը բացել ԱՄՆ-ում, այնտեղ հաշիվ պահել, բայց ներբեռնել կոնտենտը Հայաստանից։  

Ի՞նչ է մոնետիզացիան  

Յություբ ալիքի սեփականատերը շահույթ է ստանում, երբ իր ներբեռնած տեսանյութի ժամանակ գովազդ է ցուցադրվում։ Գովազդատուները վճարում են Յություբին, Յություբն էլ վճարում է ալիքի սեփականատիրոջը։ Գումարը հաշվարկվում է ըստ գովազդի դիտումների։  

Դրամայնացմանը միանալու համար հարկավոր է բավարարել Յություբի սահմանած նվազագույն պահանջներին՝ ունենալ առնվազն 1000 բաժանորդ, 4000 ժամ դիտում մեկ տարվա ընթացքում։  

Յուրաքանչյուր երկրում 1000 դիտումն ունի տարբեր արժեք։ Թե որքա՞ն կարժենա այն Հայաստանում, դեռևս հայտնի չէ։  

Բելլա Կարապետյանը նշում է, որ հարևան Վրաստանում դիտումների արժեքը բավական բարձր է՝ գովազդատուի համար 1000 դիտումն արժե 3,46 ԱՄՆ դոլար։ Կան թե՛ անգլալեզու, թե ռուսալեզու ալիքներ, որոնց հետևորդները աշխարհից են, միլիոնավոր դիտումներ ունեն։ Կոտվիցկիյ անվամբ ալիքն, օրինակ, որը գրանցված է Վրաստանում, տարեկան շուրջ 500,000 ԱՄՆ դոլար է վաստակում, երբեմն՝ ավելին։  

Գովազդային ի՞նչ ֆորմատներ կան Յություբում 

Բացի տեսանյութի ժամանակ ցուցադրվող գովազդից, Յություբում կան մոնետիզացիայի այլ հնարավորություններ ևս, որոնց դիմաց ալիքի սեփականատերը նույնպես գումարներ է ստանում։  

Օրինակ՝  

-Բրենդի հետ համագործակցություն։ Համաշխարհային բրենդների գովազդային հոլովակները ցուցադրելու կամ նրանց մասին պատմելու համար 1 միլիոն բաժանորդ ունեցող վիդեոբլոգերին հասնում է 4500 ԱՄՆ դոլար:  

-Ուղղորդման ծրագիր։ Եթե տեսանյութի ժամանակ ցուցադրվող գովազդից հետո օգտատերը անցնում է հղմամբ ու գնում կատարում, ապա վլոգերը գումար է ստանում նաև դրանից։ Հղմանը հետևելու ու գնում կատարելու համար վլոգերը կարող է վաստակել գնված ապրանքի գումարի 20-70%-ը։  

Գովազդային այն տեսանյութերը, որոնք ունեն բաց թողնելու հնարավորություն, ավելի քիչ արժեն, հետևաբար, դրանց ցուցադրությունից հեղինակն ավելի քիչ շահույթ կունենա։ Փոխարենը, ավելի շատ գումար են բերում այն հոլովակները, որոնք բաց թողնելու հնարավորություն չունեն, բայց պետք է հասկանալ, որ դրանց կիրառության հետևանքով էլ բաժանորդները կարող են դադարել հետևել ալիքին կամ անջատել ծանուցումները։  

Մասնագետի խոսքով՝ շատերը գովազդներ չդիտելու համար ակտիվացնում են Յություբ Պրեմիումը, ալիքի սեփականատերերը կարող են այս ֆունկցիայից էլ գումար վաստակել, եթե իրենց տեսանյութերը դիտվեն Պրեմիում բաժանորդների կողմից կամ վերբեռնվեն միայն Պրեմիում բաժանորդների համար։ Բավականաչափ ներգրավված լսարան ունենալու դեպքում հնարավոր է նաև ձևավորել վճարովի անդամակցություն։ Այսինքն՝ վճարել ալիքի կոնտենտը ստանալու համար։ Նման ալիքներն իրենց բաժանորդներին մատուցում են բացառիկ կոնտենտ, որպես բրենդ ունենում են էմոջիներ, ստիկերներ և այլն՝ հասարակ լսարանից տարբերվելու համար:  

Որքա՞ն գումար են վաստակում Յություբում  

Բելլա Կարապետյանն ասում է, որ ամեն ինչ անհատական է, ալիքի սեփականատերերը անգամ նույն աշխարհագրական դիրքում գտնվելով կարող են վաստակել տարբեր գումարներ՝ կախված բաժանորդների ակտիվությունից, տեսանյութի թեմատիկայից, գովազդային ինտեգրացիաներից։  

Հիմնական չափորոշիչները, որոնք որոշիչ են եկամտի գոյացման հարցում հետևյալն են՝  

-Աշխարհագրական դիրք։ Կարևոր է ոչ միայն հանգամանքը, թե որտեղից է ներբեռնվում տեսանյութը, այլև այն, թե որ երկրի օգտատերերն են այն դիտում։ Ամենամեծ եկամուտ ստացող յություբերները Գերմանիայում և ԱՄՆ-ում են:  

-Ալիքի թեման։ Գովազդատուների հետաքրքրությունը կախված է թեմայից: Գովազդատուները կվճարեն ապրանքները գովազդելու համար այն սպառողների շրջանում, ովքեր պատկանում են թիրախային լսարանին և վճարունակ են: Օրինակ՝ ավտոմեքենայի մասերի մասին վլոգում մանկական կրեմ գովազդելու համար վարձատրությունը փոքր կլինի։ Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ գովազդը, որը չի համապատասխանում թեմային, չի կարող օգտագործվել: 

-Հաշվի բաժանորդները։ Մեծ դեր ունի ալիքի հետևորդների տարիքային շրջանակը։ Եթե բաժանորդների մեծամասնությունը անչափահաս է, գովազդային վճարներն ավելի ցածր կլինեն, նման ալիքի հետևորդները չեն համարվի վճարունակ։  

-Տեսանյութի երկարությունը և որակը։ Գովազդը, որը ինտեգրված է երկար տեսանյութերի մեջ, ավելի շահավետ է: Երկար տեսահոլովակում հնարավոր է տեղադրել մի քանի գովազդ, իսկ կարճում՝ մեկը։ Յութուբյան կոնտենտը ժամանակի ընթացքում որակապես այնքան է բարձրացել, որ անորակ ձայնով կամ պատկերով տեսանյութերը գրավիչ չեն օգտատետերի համար և գովազդներ նման տեսանյութերի վրա գրեթե չեն տեղադրվում։  

Բելլա Կարապետյանը նշեց, որ Յություբի համար շատ կարևոր է, որ իր կոնանակարգը չխախտվի, չխախտվեն հեղինակային իրավունքները, տեղի չունենան ֆինանսական հափշտակություններ, ուստի բոլոր նրանք, ովքեր մոնետիզացվում են գործում են օրենքի դաշտում՝ ունեն ՍՊԸ կամ անհատ ձեռներեց են։  

Տիգրանուհի Մարտիրոսյան 

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *