2024.05.30,

Նյուսրում

Ինտերնետ թակարդ՝ Գարիկ Մարտիրոսյանի հետ կեղծ հարցազրույցի կիրառմամբ

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Սոցիալական ցանցերում ֆինանսական զեղծարարության նոր տարբերակ է պտտվում․ այս անգամ օգտագործվում են տեղական լրատվամիջոցները։  

Կեղծարարները տարբեր պաստառներ են պատրաստել հայազգի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի լուսանկարներով ու կից ռուսերենով գրել․ «Սկանդալ, որը ցնցեց ողջ երկիրը։ Սա Գարիկ Մարտիրոսյանի կարիերայի ավարտն է»։  

Լուսանկարներին հավաստի տեսք տալու համար նրանք օգտագործել են հայաստանյան լրատվամիջոցների լոգոները՝ Արմենպրես, Голос Армении, News.am, FreeNews.am և այլն ու դրանք տարածել ֆեյսբուքյան, ինստագրամյան տարբեր էջերով։ 

Զեղծարարները գրառմանը կցել են հղում, որը տանում է դեպի clockeffect, webvinhomes և այլ անուններով կեղծ կայքեր։  

Այդ ծուղակ կայքերը պատրաստված են news.am կայքի տեսքով, օգտագործված է news.am-ի լոգոն։  

Մարդը, որը կարող է անուշադիր լինել ու չնայել, թե ինչ հղման վրա է սեղմել, կմտածի, որ այն իսկապես news.am կայքն է։  

Զեղծարարները լավ մտածված թակարդ են պատրաստել․ կայքում զետեղել են Գարիկ Մարտիրոսյանի հետ հորինված հարցազրույցը C.À.Podcast անվամբ ալիքին։ Հարցազրույցում Գարիկ Մարտիրոսյանը իբր պատմում է, թե ինչպես է դարձել միլիոնատեր, պատասխանում է լրագրողի սուր հարցերին ու պատասխաններից մեկում էլ իբրև խոստովանում, որ կան հարստանալու բազում միջոցներ, որոնցից մեկն էլ immediatefortune անունով կայքն է։  

Հենց այստեղից էլ պարզ է դառնում, որ սա կեղծ հարցազրույց է։ Մեր որոնումը ցույց տվեց, որ C.À.Podcast անունով փոդքասթ, որին իբր հյուր է գնացել Գարիկ Մարտիրոսյանը, գոյություն չունի, իսկ news.am-ի տեսքով կեղծ կայքի ցանկացած այլ դաշտի վրա սեղմելիս բացվում են news.am-ի հետ կապ չունեցող էջեր։  

Գարիկ Մարտիրոսյանն այդ կեղծ հարցազրույցում երկար պատմում է, թե ինչպես է գումար աշխատում այդ կայքի միջոցով, թե ինչպես այն փրկեց իրեն քովիդի ժամանակ, ինչքան ու ինչպես է պետք ներդրում անել, որպեսզի յուրաքանչյուրն իր պես միլիոնատեր դառնա։ 

Հարցազրույցն ավելի հավաստի դարձնելու համար կեղծարարները պատրաստել են նաև բանկային քաղվածքի կեղծ լուսանկար (ID բանկի լոգոյով), որտեղ երևում է, թե ինչպես են այդ գումարները նստել հումորիստի հաշվին։  

Պատահական չէ նաև, որ կեղծարարները ընտրել են հենց Գարիկ Մարտիրոսյանի կերպարը․ անձ, որը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև՝ Հայաստանից դուրս, նկարահանվել է բանկային համակարգի, ֆինանսական ոլորտի հետ կապ ունեցող գովազդային հոլովակներում և սա չի առաջացնի մարդկանց մեջ կասկածներ։

Հարթակը, որի միջոցով Գարիկ Մարտիրոսյանն իբրև հարստացել է, ոչ այլ ինչ է քան ներդրումային կեղծ հարթակ։ Առաջարկվում է կայքում գրանցվել, ներդրում կատարել ու սպասել, որ այն ինքն իրեն գումար կաշխատի քեզ համար, կկրկնապատկի ու կքառապատկի ներդրածդ գումարը։  

Համացանցի միջոցով ֆինանսական խարդախության դեպքերը ավելացել են։ Սրա մասին բազմիցս գրել ենք։ Բայց ամեն օր փոխվում են դրանք ներկայացնելու, փաթեթավորելու եղանակները։ Կեղծարարներն ամեն անգամ նոր միջոցներ են օգտագործում՝ մարդկանց խաբելու ու նրանց գրավելու համար։  

Մի քանի հուշում, որոնք կօգնեն բացահայտել նման խարդախությունները․  

– Կեղծարարները ներկայացնում են չափազանց գայթակղիչ առաջարկներ, մեկ ժամում, մեկ օրում խոշոր չափի գումար վաստակելու հնարավորություններ։ Եթե այս առաջարկներն այնպիսին են, որ հեռու են իրական լինելուց, ինչպես «անվճար պանիրը» թակարդում, դրանք պետք է շրջանցել։ 

– Չեն տալիս մտածելու ժամանակ։ Ձեզ առաջարկում են գայթակղիչ պայմանները միայն «հիմա» գրանցվելու պարագայում։ 

– Ձեզ խնդրում են տրամադրել անձնական տվյալներ գրանցվելու, առաջարկից օգտվելու համար (գաղտնաբառեր, անձնագրի համար և այլն)։ 

Ավելի մանրամասն այն մասին, թե ինչ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ ֆինանսական զեղծարարությունները, կարդացեք մեր «Ինչպես մեդիագրագիտության պակասը կարող է տնտեսական աղետ առաջացնել» հոդվածում։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *