2023.07.31,

Քննադատ

Ինչպես մեդիագրագիտության պակասը կարող է տնտեսական աղետ առաջացնել

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հանրային մակարդակով մեդիագրագիտության պակասը կարող է բազմաթիվ հետևանքներ ունենալ։ Աշխարհաքաղաքական իրավիճակի հետ հապված հաճախ մեդիագրագիտությունը քննարկում ենք տեղեկատվական պատերազմի կոնտեքստում։ Քովիդի ժամանակներում անհեթեթ լուրերի տարածման պատճառով կարող էր վտանգվել մարդու առողջությունը։

Իսկ այժմ խիստ օրհասական է դառնում ահռելի տնտեսական վնասը, որը պատճառվում է զանազան խաբեությունների միջոցով, որոնց զոհ են դառնում հայաստանցիները։

Մարդիկ զոհ են դառնում տարատեսակ խաբեությունների, որոնք տարածվում են սոցցացներով։ Գովազդների միջոցով մարդկանց հրավիրում են ներդրումներ կատարել հայտնի մեծ ընկերություններում։ Կամ ներդրումներ իրականացնել կրիպտոարժույթի շուկաներում։ Կամ օնլայն աշխատանքի միջոցով վաստակել մեծ գումարներ` կրկին ներդրումների հնարավորություններով։

Կեղծ ներդրման մասին գովազդի օրինակ Ֆեյսբուքում

Բոլոր նման դեպքերում զանազան տարատեսակ սխեմաներ են գործում, որոնք մարդկանց այնքան են հրապուրում, որ առանց խորանալու թեմայի մեջ, բնակչության մի ստվար զանգված իր վերջին գումարները, իսկ հաճախ նույնիսկ պարտքով վերցրած մեծ գումարները, փաստացի նվիրում են խաբեբաների։

Միայն ինձ հասած տվյալները խոսում են այն մասին, որ Հայաստանից նման կերպով անհայտ ուղղություններով գնում և կորում են ամսական հարյուր հազարավոր դոլարներ։ Իրական թվերը կարող են լինել շատ ավելի մեծ։ Ոչ ոք այդ իրական թվերին չի տիրապետում, քանի որ տուժածների մեծ մասը ոչ էլ հասնում են իրավապահների դուռը։

Ավելի մանրամասն նման կեղծ ներդրումային ծրագրերի, դրանց սխեմաների մասին կարող եք ծանոթանալ տեսանյութում.




Կրիպտոարժույթով աշխատող խաբեությունների մասին կարող եք տեղեկանալ այստեղ.




Նմանատիպ խաբեությունները կարող են ունենալ երկարաժամկետ հանրային բացասական ազդեցություն։

Մարդիկ ցանկություն ունեն այսպես, թե այնպես իրենց խնայած գումարները տնտեսության մեջ ներդնել։ Իսկ նման խաբեությունների քանակի աճը կարող է ֆինանսական ոլորտի հանդեպ հանրային անվստահության հանգեցնել։ Գումարները դուրս են բերվելու տնտեսությունից, պահվելու հին խորհրդային ձևերով՝ «դոշակի տակ»։

Բացի դրանից, խաբեությունները իրականացվում են շատ արհեստավարժ՝ միջազգային կիբերհանցագործ խմբերի կողմից։ Ինչի պատճառով դրանց հայտնաբերումը գրեթե անհնարին է դառնում։ Սա էլ նվազեցնում է վստահությունը իրավապահ ոլորտի հանդեպ։ Այնպես որ հանրային բացասական վտանգները մեծ են, նույնիսկ անկախ անհատական վնասից, որն հասցվում է մեծ քանակի հայաստանյան ընտանիքներին։

Հարց է ծագում. ի՞նչ անել։ Իհարկե, միշտ հանգում ենք նրան, որ հարկավոր է բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը Հայաստանում։ Բայց, տվյալ դեպքում, դա հերիք չէ։ Հարկավոր է նաև լայնածավալ աշխատանքներ իրականացնել հանրային ֆինանսական գրագիտության հետ կապված։ Ընդ որում տվյալ հարցում գոյություն ունեն մոտիվացված դերակատարներ. Կենտրոնական բանկը և ընդհանուր բանկային համակարգը։

Հաշվի առնելով, որ Հայաստան են ներթափանցում բազմաթիվ խաբեության տեսակներ, որոնք աշխարհում արդեն տարիներ շարունակ լավ հղկվել են, ապա կարելի է կանխատեսել, որ իրավիճակը, առանց լուրջ միջամտության, գնալով վատթարանալու է։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *