2024.03.06,

Նյուսրում

Ֆեյսբուքի խափանումը ցույց տվեց հաղորդակցության մեկ աղբյուրից կախվածության վտանգները

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Երեկ աշխարհը, Հայաստանն այդ թվում, մի քանի րոպեով զրկվեց Ֆեյսբուքից ու Ինստագրամից։ Մետա ընկերության համակարգի խափանման հետևանքով մարդիկ չէին կարողանում մուտք գործել իրենց անձնական հաշիվները, գրառումներ կատարել, նամակագրություն վարել։  

Մինչև մասնագետները փորձում են պարզել, թե ի վերջո ինչո՞ւ, ինչի՞ հետևանքով տեղի ունեցավ գլոբալ խափանումը, տնտեսագետները հաշվարկում են, թե քանի միլիոն դոլար կորցրեց Մետայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։  

Նյու Յորքի Wedbush Securities ներդրումային կազմակերպության գործադիր տնօրեն Դեն Այվսն, օրինակ, DailyMail-ին ասել է, որ իրենց հաշվարկներով Մարկ Ցուկերբերգը երեքշաբթի առավոտյան կորցրել է մոտ 100 միլիոն դոլար եկամուտ՝ ամբողջ աշխարհում պլատֆորմների անկման պատճառով: 1,6 տոկոսով ընկել է նաև Մետայի բաժնետոմսերի գինը համաշխարհային շուկայում։ 

Տնտեսագետն ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ մինչ այս պահը Մետան պաշտոնապես չի հայտնել թե որքան արժեցավ իր համար այս խափանումը ու հավանաբար չի էլ հայտնի՝ թողնելով դա գաղտնի։  

Հիմա կարևորի մասին․ պարզվեց, որ բոլորս կախվածություն ունենք։  

Այն միտքը, որ սոցիալական ցանցերը դարձել են բոլորիս կյանքի անբաժանելի մասը, թերի է արտահայտում իրականությունը։ Իրականում՝ մենք դարձել ենք սոցիալական ցանցերի գերին։ Մեկը քիչ, մեկը շատ, մեկը գիտակցված, մյուսն անգիտակից։ 

Խափանման րոպեների ժամանակ մենք բոլորս ուղևորվեցինք Տելեգրամ և X՝ մեկ հարցի հետևից՝ ե՞րբ է վերականագնվելու Ֆեյսբուքը։  

Ունե՞ք ինտերնետային կախվածություն, թե ոչ, կարող եք իմանալ պարզ նախանշաններից․ անընդհատ ունեք մուտքային նամակները ստուգելու պահանջմունք, միշտ գտնվում եք օնլայն, անգամ գիշերը չեք անջատում համակարգիչը կամ հեռախոսը, որպեսզի հանկարծ բաց չթողնեք հետաքրքիր որևէ բան: 

Այս խափանումը ևս մեկ կարևոր խնդիր վերհանեց։ Մենք չգիտենք, թե որտեղից տեղեկատվություն ստանալ, եթե ոչ Ֆեյսբուքից։ Մեզանում ձևավորվել է լուրերը ֆեյսբուքով կարդալու սովորույթ։ Իհարկե, չի կարելի հերքել, որ մեկ հարթակից կյանքի համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները ստանալը կոմֆորտ է։ Մտնում ես ֆեյսբուք՝ կարդալու և ընկեր-հարազատների, և հեռու բարեկամների, և երկրում տեղի ունեցողի մասին։  

Չկա անհրաժեշտություն պարբերաբար թարմացնել մի քանի կայք, ընկնել գլխացավանքի մեջ, թե որ կայքում ինչը փնտրես, որտեղից ինչ կարդաս։ Ավելին, չկա հարազատների հեռախոսահամարներն ունենալու կարիք, չէ՞ որ կա մեսենջեր։ Ֆեյսբուքն այս առումով ստեղծում է կոմֆորտի պատրանք, բայց ծուլացնում է մեր տեղեկատվական դիմադրողականությունը։  

Նման դեպքերը, գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, թե որքան կարևոր է մեդագրագետ լինելը, որքան կարևոր է տեղեկություն ստանալու աղբյուրներին ծանոթ լինելը, առնվազն մեկ-երկու վստահելի կայքերի կամ պաշտոնական աղբյուների հասցեները (դոմեյնը) հիշելը։  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *