Հայաստանում լրագրողները սկսել են այլընտանքային հարթակներ ստեղծել։ Լինելով գործող լրագրողներ, նրանք զուգահեռաբար մասնագիտական աշխատանք են կատարում նաև սոցհարթակներում՝ Տելեգրամում, Յություբում, ՏիկՏոկում։
Հիմնական պատճառը, ինչպես պարզեցինք մեր բանախոսների հետ զրույցից, ստեղծագործական ողջ պոտենցիալը չիրացնելն ու անձնական հեղինակությունը բարձրացնելն է։
ՍիվիլՆեթի լրագրող Գևորգ Թոսունյանը վերջերս Տելեգրամում ալիք է բացել, որն անվանել է Երեկոյան Թոսունյան։ Գրառումներ է կատարում հասարակական, սոցիալական թեմաներով, տեղադրում է հատվածներ գրականությունից։ Ուզում է, որ այն դառնա իրազեկող, կրթական ու անձնական աճ ապահովող ալիք։ Չի բացառում, որ երկրի համար ճգնաժամային, լարված, պատերազմական կամ այլ իրավիճակներում քաղաքական բովանդակության գրառումներ էլ անի։
Գևորգ Թոսունյանի խոսքով՝ իր գործունեությունը սոցհարթակներում չի հակասում լրատվամիջոցում կատարած աշխատանքին։
«Ես Տելեգրամում կիսվում եմ նաև ՍիվիլՆեթի համար արված իմ աշխատանքներով։ Սա հավելյալ հարթակ է՝ ևս մեկ անգամ տարածելու, շրջանառելու կայքի անունն ու աշխատանքը։ Չեմ կարծում, իհարկե, որ ՍիվիլՆեթն ունի անհատապես իմ կարիքը հանրայնացվելու գործում, քանի որ կայքն ավելի հայտնի է, բայց ես էլ ունեմ իմ լուման այս գործում։ Լրատվամիջոցը ունի ոճ, ձևաչափ ու շատ խնդիրներ կամ կենցաղային հարցեր, որոնք ինձ անհանգստացնում են, ենթակա չեն կայքում հրապարակման։ Այս հարթակը պարզապես ստեղծագործելու լայն հնարավորություն է տալիս»,- մանրամասնում է լրագրողը։
Գևորգ Թոսունյանը նկատում է, որ լրագրողների ակտիվացումը անձնական հարթակներում հուշում է այն մասին, որ ոլորտում կա բաց․ մեդիան չի բավարարում հանրային բոլորի շերտերի սպասումներն ու ակնկալիքները, հատկապես՝ երիտասարդության։
«ՏիկՏոկում կա մեծ թվով հայ լսարան ու լրատվամիջոցներն այդ լսարանի կյանքում ներգրավված չեն։ Մենք ապրում ենք մի դարում, երբ անհատներն ավելի հեշտ են կարողանում գրավել մարդկանց ուշադրությունը։ Եվ լրագրողներն էլ, որպես անհատներ, ովքեր հանդես են գալիս իրենց դեմքով, ոչ թե լրատվամիջոցի, ավելի հեշտ կարող են ուղորդել այդ մարդկանց դեպի կայք, տեղ հասցնել ինֆորմացիան, գրավել այդ լսարանին»,- նշում է լրագրողը։
Թոսունյանն ասում է, որ տենդենցը որքան դրական, այնքան էլ բացասական հետևանքներ ունի, քանի որ շատերը, ովքեր չունեն լրագրողական կրթություն, ոլորտում չեն աշխատել կամ հետապնդում են քաղաքական շահեր՝ ներկայանալով որպես լրագրողներ, կեղծ տեղեկություններ են շրջանառում, չստուգված լուրեր են տարածում ու վարկաբեկում են մասնագիտությունը։
«Վարդան Ղուկասյանը, որը հայհոյանքների շնորհիվ մտավ դաշտ, հավաքեց մեծ լսարան, ըստ էության, դարձել է լրատվամիջոց, որովհետև լուրեր է տարածում, կարծիք է հայտնում։ Մի կողմ դնենք, թե այդ լուրերի քանի տոկոսն է իրական, քանի տոկոսը ոչ, բայց նա ունի հետևորդների մեծ բանակ, որը, ցավոք, չունեն լրատվամիջոցներն ու բարեխիղճ լրագրողները։ Նման ալիքները, ցավոք, շատանալու են, եթե լրատվամիջոցներն ու լրագրողները չլրացնեն այդ բացը։
Մենք հետ ենք մնում ժամանակից։ Լրատվամիջոցները երիտասարդության համար կարծես ծերացել են, ըմբռնելի չեն մի ողջ սերունդի համար։ Մենք աշխատում ենք հին ստանդարտներով, երբ լրագրողը իրավունք չունի հայտնել իր կարծիքը, երևալ, խոսել։ Չգիտեմ՝ միջավայրի, թե մեր ստացած կրթության պատճառով, մենք՝ լրագրողներս, կորցրել ենք մեր անհատականությունը։ Կարծում եմ, որ հանրությունը պետք է տեսնի, որ լրագրողը, ով գրում է հոդվածներ, նաև մարդ է, անհատ, ունի իր մոտեցումները, էմոցիաները»,- ընդգծում է Գևորգ Թոսունյանը։
MediaHub.am-ի լրագրող Վահե Մակարյանը, որը լրատվական կայքում իր հիմնական գործունեությանը զուգահեռ վարում է նաև Տելեգրամ ալիք` Makaryan News անունով, ասում է, որ երկար է մտածել այն մասին, թե ինչ ուղղվածություն պետք է ունենա այս հարթակը, որպեսզի հետաքրքիր լինի իր ընթերցողների համար ու նաև չհակասի այն լրատվամիջոցում իր գործունեությանը, որում աշխատում է:
«Ինձ համար առաջնայինը լրատվամիջոցն է, որտեղ աշխատում եմ։ Տելեգրամն ինձ համար ստեղծագործելու, իմ միտքը, տեսակետը ներկայացնելու հավելյալ գործիք է։ Օրվա լրահոսից բացի ես Տելեգրամում կիսվում եմ նաև իմ հոդվածներով ու ներկայացնում նաև իմ կարծիքը այս կամ այն հարցի շուրջ՝ մի փոքր ավելի ազատ ոճով, երբեմն սարկազմով կամ հումորով: Լրատվամիջոցը թելադրում է իր ոճը, ունի իր կանոնները, իսկ Տելեգրամը թույլ է տալիս ավելի ազատ ստեղծագործել»,- նշում է Մակարյանը։
Նա ասում է, որ վերջին տարիներին մարդիկ սկսել են լրագրողներին դեմքով էլ ճանաչել` շնորհիվ հենց սոցիալական ցանցերի, որովհետև տարիներ շարունակ նրանց ճանաչել են միայն ձեռագրով կամ ձայնով։ Իսկ սոցիալական ցանցերի շնորհիվ արդեն կարողանում են իդենտիֆիկացնել լրագրողին։
«Կարծում եմ՝ երբ մարդ որևէ նյութ է կարդում ու անուն-ազգանունով գիտի, թե որ լրագրողն է գրել, ավելի շատ է վստահում այդ լրատվամիջոցին, քան երբ անանուն հոդվածեր է տեսնում։ Եվ որտեղ էլ լինի այդ լրագրողը, որ լրատվամիջոցում էլ աշխատի, իր ընթերցողը իր հետ գնալու է։ Իհարկե, ես չեմ խոսում այն լրատվամիջոցների մասին, որոնք տարիների համբավ ունեն, հեղինակություն ունեն, և շատ լրագրողներ կայանում են իրենց անվան հաշվին, շատերն էլ իրենց անվամբ են ավելի կայացնում և ուժեղացնում տվյալ լրատվամիջոցը: Այդ ամենը, կարծում եմ, փոխադարձ է»,- ասում է Վահե Մակարյանը։
Լրագրողը հավաստիացնում է, որ անկախ ամեն ինչից` իր Տելեգրամ ալիքում փորձում է պահել էթիկայի կանոնները, հեռացնում է անձնական հայհոյանքները, չի ընկնում հետևորդները հավաքելու սենսացիոն ճանապարհի հետևից։
Իր լրագրողական գործունեությունը այլ հարթակներում ներկայացնում է նաև Factor TV-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը։ Նա Յություբում 74000 հետևորդ ունի, 21000 էլ ՏիկՏոկում։ Ասում է, որ բացի Factor-ում արված իր նյութերը անոնսում է, ուղղորդում ամբողջականը դիտել կայքում, անցկացնում է լայվեր, լսում քաղաքացիներին հուզող թեմաները, որոնք երբեմն դառնում են ռեպորտաժներ կամ հոդվածներ։
«Հետաքննություն եմ անցկացրել ՏիկՏոկում բարձրացված թեմայով և այն հրապարակել Factor TV-ում։ Լայվի ժամանակ ինձ օգտատետերից մեկը գրել էր, որ ասֆալտապատման ոլորտում կոռուպցիոն շղթա կար ու նշել, որ տեխսպասարկումը կատարում են իշխանության հետ կապված մարդիկ։
Լրագրողն ասում է, որ իրեն այլևս պարտավորեցնող է զգում, քանի որ տասը ամիսների ընթացքում 70 հազարից ավելի օգտատեր իր ալիքին բաժանորդագրվել է և իրենից ակնկալիքներ ունի։
Նարեկ Կիրակոսյանը ցավով նշում է, որ քանի որ Հայաստանը Յություբ գործընկեր չէ և կոնտենտը չի մոնետիզացվում, ինքը չի կարողանում Հայաստանից գրանցված դիտումների համար գումար աշխատել։ Ասում է, որ առայժմ իր անձնական միջոցներն է ներդրում ալիքը կայացնելու համար։ Լրագրողը դեմ չէ նաև գովազդային ինտեգրացիաներին, բայց մի պայմանով, որ դրանք լինեն առանց նախապայմանների ու չազդեն բովանդակության վրա։
Լրագրողը ենթադրում է, որ անհատ լրագրողների նկատմամբ հանրային ուշադրությունն ու հետաքրքրությունը մեծանում է, քանի որ առկա է հետադարձ կապ։
«Երբ մարդիկ որևէ թեմայով գրում են լրատվամիջոցին, խնդիր կա, որ ուզում են բարձրաձայնել կամ պարզապես մեկնաբանություն ունեն, իրենք չգիտեն՝ ով է նստած էկրանից այն կողմ, լրատվամիջոցի անունից ով է պատասխանում։ Իսկ անհատների դեպքում ամեն ինչ ավելի պարզ է ու հասցեական։ Գիտեն՝ հարց են գրել ինձ, պատասխանել եմ ես ու ակնկալում են հարցի պատասխան ինձանից»,- մանրամասնում է Կիրակոսյանը։
Լրագրողն ասում է, որ իր լրատվամիջոցում ունի լիակատար ազատություն, չի խախտում էթիկան, հարցերը հնչեցնում է առանց անձնական վերաբերմունքի ու նույնն էլ անում է Յություբում ու ՏիկՏոկում։
Թե հետագա ինչ զարգացում կունենան ալիքները, կդառնա՞ն արդյոք ֆինանսական հավելյալ աղբյուրի միջոցներ, ժամանակը ցույց կտա։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: