2024.03.05,

Նյուսրում

Լրագրողներին թույլ չեն տվել մուտք գործել Եռաբլուր, երբ այնտեղ էր Նիկոլ Փաշինյանը

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Պետական պահպանության ծառայության աշխատակիցներն ու ոստիկաններն այսօր թույլ չեն տվել լրագրողներին լուսաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Եռաբլուր։ 

Վարչապետը «Եռաբլուր» զինվորական պանթեոն էր այցելել իր հարգանքի տուրքը մատուցելու Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցի կապակցությամբ։   

24news.am-ի լրագրող Մերի Մանուկյանը պատմում է, որ ոստիկաններն իրենց և Oragir.News-ի, News.am-ի, NewDay.am-ի լրագրողներին թույլ չեն տվել «Եռաբլուր» պանթեոնի մուտքից ներս մտնել։  

Վարչապետի այցի ժամանակ միայն կառավարության լրատվական բաժնի աշխատակիցներին է հնարավորություն տրվել տեղում աշխատելու։ Ոստիկաններն ու ՊՊԾ աշխատակիցներն անգամ խոչընդոտել են՝ առանց պանթեոն մուտք գործելու, իրենց կանգնած դիրքից կադրեր նկարելու օպերատորների փորձերին։ Մերին ասում է, որ կանգնել են տեսախցիկների առջև, հրելով ու քաշքշելով փորձել հեռացնել լրագրողներին։  

«Ոստիկաններն ու ՊՊԾ աշխատակիցները մեր մուտքի արգելքը պատճառաբանում էին՝ ասելով, որ հավատարմագրված չենք։ Մինչդեռ և՛ ես և՛ այն լրատվամիջոցը, որը ես ներկայացնում եմ հավատարմագրված ենք և՛ կառավարությունում և՛ ՊՆ- ում »,- ասում է Մերի Մանուկյանը։  

Լրագրողների պահանջը, որ ոստիկանները բերեն և ներկայացնեն հավատարմագրված լրագրողների անունները, որոնք իրավունք ունեն մուտք գործելու զինվորական պանթեոն և աշխատելու, այդպես էլ մնացել է անպատասխան։  

«Քանի որ նախկինում ևս եղել էին դեպքեր, երբ չէր թույլատրվել լուսաբանել վարչապետի այցը Եռաբլուր, այս անգամ ես նախապես գրություն էի գրել ՊՆ և այս օրվա համար համաձայնություն խնդրել նկարահանումներ իրականացնելու, սակայն այս անգամ նույնիսկ այդ փաստը հաշվի չառնվեց»,- ասում է 24news.am-ի լրագրողը։  

ՊՆ մամուլի խոսնակ Արա Թորոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ լրատվամիջոցից ստացել են նշված գրությունը, բայց գրության պատասխանը դեռ չի փոխանցվել լրատվամիջոցին։  

«Տվյալ լրատվամիջոցից երեկ ենք դիմում գրություն ստացել և սահմանված ժամկետում (5 օրյա ժամկետում) իրենց կպատասխանենք»,- ասում է ՊՆ մամուլի խոսնակը։  

24news.am-ը լինելով ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոց բազմիցս իրականացրել է նկարահանումներ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Մերին պատմում է, որ սովորաբար, ըստ կարգի տեղեկացրել են ՊՆ-ը և առանց հավելյալ խոչընդոտների իրականացրել՝ իրենց աշխատանքը։ 

«Խնդիրը կայանում է նրանում, որ Նիկոլ Փաշինյանի որևէ այց, որևէ գերատեսչություն որևէ վայր մենք հնարավորություն չենք ունենում լուսաբանելու, սա առաջին դեպքը չէ»,-ասում է Մերին։ 

Այն, որ լրագրողների հետ վարչապետի ուղիղ հաղորդակցումը նվազել է, նկատում է նաև Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նրա կարծիքով վարչապետը դադարել է ոչ կազմակերպված ձևաչափերով լրագրողների հետ շփվել, մինչդեռ այս երևույթը առկա էր 2018-ին։  

«Վարչապետի, բարձրաստիճան պաշտոնյաների և լրագրողների հարաբերություններում լարվածություն կա, որն այնքան էլ առողջ չէ։ Եվ սա երկկողմանի խնդիր է։ Մի կողմից մենք ունենք վարչապետի հետ անմիջական շփման խնդիր և դա է պատճառը, որ լրագրողները փորձում են օգտագործել բոլոր հնարավոր միջոցներն ու վայրերը նրան իրենց հուզող հարցերը տալու համար։ Մյուս խնդիրն էլ այն է, որ նույնիսկ այնպիսի վայրերը, ինչպիսին Եռաբլուրն է, օգտագործվում է լրագրողների կողմից քաղաքական նպատակներով»,- ասում է Նավասարդյանը։ 

ԵՄԱ պատվավոր նախագահի կարծիքով Եռաբլուրում և հանրային նշանակություն ունեցող նմանատիպ վայրերում, որևէ դեպքում, որևէ միջոցառման ժամանակ ընդունելի չեն լրագրողների մուտքի արգելքները, եթե առկա չեն հստակ անվտանգային խնդիրներ։  

Իրավիճակը շտկելու համար նա առաջարկում է՝ հիմնվելով լրագրողական էթիկայի վրա, սահմանել իրավիճակներ, վայրեր, որտեղ քաղաքական խնդիրներ կամ քաղաքական հակասական երևույթներ չպիտի քննարկվեն լրագրողների կողմից։ Եվ այնտեղ պաշտոնյաների երևալը չպետք է օգտագործվի այդ նպատակով:

Եռաբլուր մուտքի արգելքը և դրա համար ձևական հիմք դարձած հավատարմագրման պահանջը արտառոց և անընդունելի երևույթ են որակել լրագրողական կազմակերպությունները։ Հայտարարության մեջ նշված է, որ ուժային կառույցների բերած պատճառաբանություններն անհիմն են, քանի որ ԶԼՄ-ները նախապես չեն տեղեկացվել հավատարմագրման անհրաժեշտության մասին, և այն ըստ էության չի կազմակերպվել։

Լրատվական կազմակերպությունները կառավարության աշխատակազմից պահանջել են․

  • հրապարակայնորեն բացատրություն տալ կիրառված անհիմն արգելքի առնչությամբ, ինչպես նաև երաշխավորել, որ ապագայում նման գործելաոճը չի կրկնվի,
  • հանրային հետաքրքրություն ներկայացնող, լուսաբանման ենթակա ցանկացած պաշտոնական միջոցառում կազմակերպելիս բարենպաստ պայմաններ ստեղծել լրագրողների համար՝ բացառելով նրանց օրինական գործունեության որևէ խոչընդոտում։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *