2024.02.07,

Նյուսրում

ՄԻԵԴ-ի վճիռն օգնեց «Հետք»-ին շահել դատը

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Մեկ շաբաթվա ընթացքում երկու դատական վճիռ ի օգուտ Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության։ 

16 տարի տևած դատական գործընթացից հետո՝ 2024-ի սկզբին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժեց Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հայցն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության (փաստացի կազմակերպության կայքի՝ Հետքի)։  

Գործի նախապատմությունը

2008 թվականին Հետաքննող լրագրողներ ՀԿ-ն Ազգ օրաթերթ-ի ներդիրում հրապարակել էր «Ում գրպանն են մտնում ավազահանքի փողերը» հոդվածը։ Հրապարակման մեջ նշվել էր, որ ըստ քաղաքում տարածված լուրերի Աղստև գետի ափից ապօրինի ավազի հանման բիզնեսը գտնվում է Իջևանի քաղաքապետարանի վերահսկողության տակ։ Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան և լրագրող Գրիշա Բալասանյանը պատմում է, որ նախքան հոդվածը տպագրելը լրագրողը դիմել էր տարբեր պետական մարմինների, այդ թվում Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին, սակայն պատասխան չէր ստացել։  

Հենց այս հրապարակումն էլ պատճառ էր դարձել, որ 2008-ին Իջևանի քաղաքապետարանը և Իջևանի քաղաքապետը հայցով դիմեին հետաքննող լրագրողների դեմ ՝ զրպարտություն համարվող տեղեկատվությունը հերքելու, պատվին արժանապատվությանը և գործարար համբավին հասցված վնասը փոխհատուցելու պահանջով։ 

«Դատական գործը բավականին երկար ընթացք է ունեցել։ Առաջին ատյանի դատարանի վճիռը ի օգուտ հետաքննող լրագրողների էր, որը սակայն վերաքննիչը բեկանել էր ու որոշում էր կայացրել ի օգուտ հայցվորների։ Դրանից հետո Հետաքննող լրագրողներ ՀԿ-ն դիմել էր վճռաբեկ դատարան, սակայն երբ բողոքը վարույթ չէր ընդունվել, դիմել էր Եվրոպական դատարան»,- ասում է Գրիշա Բալասանյանը։  

ՄԻԵԴԻ վճիռը

2021 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Հետաքննող լրագրողներն ընդդեմ Հայաստանի» գործով իր վճռի մեջ արձանագրել էր, որ ներպետական դատարանները պատշաճ չեն քննել գործը և գնահատողական դատողություններն ու փաստերը իրարից չեն տարանջատել, ինչի արդյունքում էլ տապալվել է գործի քննությունը։  

«Եվրոպական դատարանը հստակ նախադեպային որոշումներ ունի, որտեղ նշվում է, որ լրագրողը, որոշակի փաստերից ելնելով, կարող է գնահատողական դատողություններ անել և դրանք ենթակա չեն ապացուցման։ Մեր ներպետական դատարանները,  բոլոր գնահատողական դատողությունները, որպես փաստ էին ընդունել և դրանց ապացուցման բեռը դրել էին լրատվամիջոցի վրա»,- ասում է Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի փաստաբան Գրիշա Բալասանյանը։  

Եվրոպական դատարանի այս վճիռը հիմք ընդունելով որպես նոր հանգամանք` գործը նորից ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության, որտեղ էլ մերժվել է հայցվորի պահանջը։ Դատարանը փաստել է, որ Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի հրապարակած հոդվածում առկա չեն զրպարտության ու վիրավորանքի դրվագներ։ 

Հետքի փաստաբանն ասում է, որ սա միակ գործն էր վիրավորանքի և զրպարտության պահանջով, որտեղ Հետաքննող լրագրողներ ՀԿ-ն պարտվել էր և շատ կարևոր է, որ 16 տարի անց լրատվամիջոցը կարողացավ ապացուցել իր մասնագիտական ազնվությունն ու բարեխղճությունը։  

Դատարանի երկրորդ վճիռն ի օգուտ լրատվամիջոցի

Նախորդ դատական ակտից ընդամենը մեկ շաբաթ առաջ էլ դատարանը ևս մեկ վճիռ էր կայացրել ի օգուտ hetq.am-ի լրագրողների։ 

2022 թվականին հրապարակված «Բանկում խաբել են վարկառուին, ԴԱՀԿ աշխատակիցն ազատվել է աշխատանքից ու գնել նրա տունը» վերնագրով հոդվածի համար քաղաքացի Գրիշա Դավթյանը դիմել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և պահանջել, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և 6 միլիոն 800 հազար դրամ փոխհատուցում վճարել։ 

Նյութի համահեղինակ Գրիշա Բալասանյանը պատմում է, որ 2 տարի առաջ Հետքի խմբագրություն էր դիմել քաղաքացի Տիգրան Խանջյանը և պատմել, որ տարիներ առաջ վարկ ստանալու նպատակով դիմել էր հայաստանյան բանկերից մեկին, սակայն հենց բանկի աշխատակցի գործողությունների հետևանքով խաբեության զոհ էր դարձել և արդյունքում կորցրել բանկում գրավադրված իր տունը։  

«Մեզ դիմած քաղաքացին պատմում էր, որ հարուցված է եղել քրեական գործ, որը որոշ ժամանակով կասեցվել է, քանի որ գործի մասնակիցներից մի քանիսը Հայաստանում չեն եղել։ Այդ ժամանակ բանկը դիմել է դատարան և քաղաքացուն տնից վտարելու պահանջ է ներկայացրել՝ տունը աճուրդով վաճառելու նպատակով։ Քաղաքացին դատարանում վիճարկել է այս որոշումը։ ԴԱՀԿ ծառայությունը, չսպասելով դատարանի վճռին, իրականացրել է վտարման գործընթացը»,- պատմում է նյութի համահեղինակը։ 

Հոդվածում ասվում է, որ տունը աճուրդով վաճառելու որոշումը ընդունելու ժամանակ, գնորդ Գրիշա Դավթյանը եղել է ԴԱՀԿ ծառայության աշխատակից և պատմությանը ու տիրող իրավիճակին ծանոթ է եղել։ Հետագայում աճուրդի փուլում, արդեն դուրս է եկել աշխատանքից և գնել այն։  

«Հաշվի առնելով այն փաստը, որ ԴԱՀԿ ծառայությունը չի սպասել դատական ակտերի կայացմանը, հաշվի չի առնվել ամբողջ պատմությունը, թե ինչպես է քաղաքացին տուժել, մենք գրել էինք, որ գործել է բանկ-իրավապահ մարմիններ-ԴԱՀԿ ծառայություն հանցավոր սխեմա։ Հենց այս պատճառով էլ ԴԱՀԿ նախկին աշխատակից, տան գնորդ հանդիսացած քաղաքացին դատի է տվել մեզ՝ համարելով, որ մենք զրպարտել ենք և վիրավորել նրան»,-ասում է Հետքի լրագրող, փաստաբանը։ 

Գրիշան պատմում է, որ նախքան նյութը հրապարակելը փորձել են լսել նաև տունը գնած քաղաքացուն, սակայն նա հրաժարվել է զրուցել լրագրողների հետ։  

Հետքի հրապարակման և հայցի հետ առնչվող բոլոր մանրամասներն ու դետալները քննելուց հետո, նաև հաշվի առնելով լրագրողների այն պնդումը, որ լուսաբանված դեպքը վերաբերել է նաև պետական մարմինների գործողություններին և ունի հանրային հնչեղություն՝ դատարանը որոշել է, որ Հետքի լրագրողները որևէ էթիկական նորմ չեն խախտել։ Հրապարակված նյութում էլ հայցվորի հասցեին վիրավորանք ու զրպարտություն չի հնչել։ Այս ամենը հաշվի առնելով դատարանը հայցը մերժել է։  

Բարեխիղճ լրատվամիջոցների համար նմանատիպ վճիռները կարևոր են, հասարակության մոտ թյուր պատկերացում չձևավորելու, փաստելու համար, որ լրատվամիջոցը, հավատարիմ մնալով լրագրողական էթիկայի նորմերին, հրապարակում է միայն ստուգված տեղեկատվություն՝ սպառելով տեղեկատվություն ստանալու բոլոր հնարավոր միջոցները։

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *