2024.01.25,

Նյուսրում

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը կփոփոխվի

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մշակած ««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը նորից կփոփոխվի։ 

Այս օրենքը լրագրողների աշխատանքային հիմնական գործիքներից է։ Հենց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հիման վրա են պետական կառույցները պարտավորված տեղեկություն տրամադրել այն հարցերի շուրջ, որոնք որպես բաց տվյալ ներկայացված չեն պետական ռեսուրսներում։ 

Լրագրողական կազմակերպությունները, համեմատելով կառավարության առաջարկած տարբերակը գործող օրենքի հետ, այն որակեցին հետադիմական։  

Խնդրահարույց կարգավորումներ

  •  Նախագիծը վտանգում է տեղեկատվության ազատության իրավունքի պատշաճ իրացումը։  
  • Կան հակասող դրույթներ, որոնք տարընթերցումների առիթ են հանդիսանալու։
  • Սահմանումներ, որոնք կտրուկ նեղացնում են տեղեկատվության շրջանակը։  
  • Որոշ տեղեկություններ տրամադրելու համար ավելի երկար ժամկետներ են սահմանվում։  
  • Նախագծով չեն կարգավորվում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի ձևով տեղեկատվություն տրամադրելու առանձնահատկությունները։ 

Մեդիա ոլորտի հասարակական կազմակերպություններից բացի, նախագծից դժգոհ է նաև կառավարությունը։ Վարչապետի աշխատակազմում տեղի ունեցած քննարկման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացնել նոր նախագիծ։ 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի կարծիքով առաջարկված նախագիծն ամբողջությամբ մերժելի էր՝ խնդիրները թե՛ բովանդակային էին, թե՛ ընթացակարգային։  

19․12․2023 թ․-ին e-draft.am հարթակում տեղադրված նախագիծը չէր քննարկվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և անակնկալ կերպով, շուտափույթ ու խնդրահարույց տեսքով հայտնվել էր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական համակարգում։  

«Հիմնական խնդիրներից մեկն այն է, որ տվյալների պահպանման, կառավարման տեխնիկական հարցերը, որոնք պետք է կարգավորվեն միանգամայն առանձին իրավական ակտով, բերվել և մտցվել էին տեղեկատվության ազատության մասին օրենքի մեջ։ Այսինքն տեխնիկական հարցերը խառնվել էին իրավունքին վերաբերող հարցերին։ Արդյունքում և՛ օրենքը կիրառողների և՛ օրենքից օգտվողների համար ստեղծվելու էր անհասկանալի, խառնաշփոթ հիշեցնող մի իրավիճակ»,- ասում է Դոյդոյանը։ 

Նրա կարծիքով տվյալների կառավարման քաղաքականության մշակմանն ուղղված իրավական ակտի կարիքը վաղուց էր զգացվում, սակայն այդ նախագիծը պետք է վերաբերի միայն տվյալների կառավարմանը և որևէ դեպքում չանդրադառնա տեղեկատվության ազատության օրենքին։  

ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախկին պետ Գևորգ Հայրապետյանը օրենքի նախագծի քննարկումներին մասնակցել է դեռևս պաշտոնավարման ընթացքում՝ 2023-ի ամռանից։ Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նախագծի քննարկումներին մասնակցում է՝ որպես մեդիաոլորտի հասարակական սպեկտորի ներկայացուցիչ։  

Նրա գնահատմամբ՝ վարչապետի աշխատակազմում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություներ կատարելու նախագծի քննարկումը միջանկյալ փուլ էր, որտեղ բովանդակային հարցերի մասին քննարկում տեղի չի ունեցել, քանի որ եղել է պայմանավորվածություն, որ նախագիծը պետք է փոփոխվի։ Ի սկզբանե հանդիպման նպատակը եղել է ընթացակարգային հարցերն ու ընթացակարգային փուլերը քննարկելը։ 

«Երբ տեղեկատվության ազատության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը եկավ Անձնական տվյալների պաշտպանության գրասենյակ, մենք արեցինք մեր դիտարկումները և ասացինք, որ այդ տեսքով այն չի կարող գոյություն ունենալ։ 

Խնդիրը հետևյալն է․ օբյեկտիվ իրականության մեջ կա այն բացը, որ տեղեկությունները ոչ միշտ են գրանցվում, դասակարգվում կամ պատշաճ կերպով պահվում։ Սակայն, երբ մենք իրավունքի մասին օրենքում փորձում ենք ներառել նաև իրավունքի իրացման մասին տեխնիկական կանոնները, առաջանում են բազմաթիվ ռիսկեր, որ տեխնիկական այդ դրույթները կարող են խոչընդոտել ու սահմանափակել իրավունքի իրացման ձևերն ու սահմանները»,- ասում է Գևորգ Հայրապետյանը։  

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախկին պետը պատմում է, որ դեռևս նախնական քննարկումների ժամանակ գործակալությունն առաջարկել է, իրավունքի իրացման վերաբերյալ ենթաօրենսդրական ակտերի կամ պրակտիկայում առկա խնդիրների կարգավորման նպատակով մշակել և ընդունել առանձին օրենք, որը կլուծի տեխնիկական խնդիրները։ Հետո նոր միայն անհրաժեշտության դեպքում որոշակի փոփոխությունների ենթարկել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը։ 

Գործադիրում էլ կարծես թե եկել են նույն եզրահանգմանը։ Վարչապետի աշխատակազմում քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տասնօրյա ժամկետում կառավարության փորձագիտական խումբը պետք է մշակի և ներկայացնի առանձնացված նախագիծ, որը կվերաբերի միայն տվյալների մշակմանն ու կառավարմանը, իսկ e-draft.am հարթակում տեղադրված նախագիծը մոռացության կմատնվի։  

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *