2024.01.10,

Նյուսրում

Ինչու է ինֆլուենսեր մարքեթինգը գրավել հարկային մարմինների ուշադրությունը

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հայաստանում մեծ տեմպերով զարգանում է ինֆլյուենսեր մարքեթինգը։ Եթե նախկինում մարքեթինգի այս ճյուղին բիզնեսը վերաբերում էր թերահավատորեն, հիմա արդեն նույնիսկ շատ խոշոր ընկերություններ իրենց գովազդային բյուջեի առանձին մասը հատկացնում են բլոգերներին: Բիզնեսը սկսել է գնահատել անհատ-բլոգերների դերը իրենց գովազդային արշավներում, ինչի մասին վկայում են նաև մեր բանախոսները։ 

Ովքե՞ր են ինֆլյուենսերները  

Ինֆլյուենսերները մարդիկ են, ովքեր ունեն մեծ քանակի լոյալ հետևորդներից կազմված լսարան։ Նրանք գովազդում են որևէ արտադրանք կամ ծառայություն գումարի դիմաց, խորհուրդ են տալիս իրենց հետևորդներին գնել այն։ Բրենդը, հաշվի առնելով իր արտադրության կամ ծառայության թիրախային լսարանը, փորձում է գտնել համապատասխան լսարան ունեցող բլոգերի՝ ինֆլյուենսերի, և օգտագործել նրա ազդեցությունը։  

Գովազդ անող բլոգերները կհարկվեն 

Այս ոլորտն այնքան արագ է զարգանում, որ գրավել է պետական մարմինների ուշադրությունը։ Պարբերաբար շրջանառվում են խոսակցություններ, որ բլոգերները մեծ գումարներ են վերցնում գովազդի դիմաց, բայց հարկային դաշտում չեն գործում։   

Դաշտը, ինչպես պարզվեց, անտեսված չէ հարկային մարմնի կողմից։ Հունվարի 4-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ սոցցանցերում գումարով գովազդներ անող բլոգերների նկատմամբ կարող է վարչարարություն կիրառվել, եթե նրանք հարկային դաշտից դուրս լինեն։ Նա ընդգծել էր, որ իրականացվում են ստուգումներ և եթե այդ անձինք գրանցված չեն որպես բիզնես կամ որպես ֆիզիկական անձ եկամուտները չեն հայտարարագրվել, ապա անպայման վարչարարություն կկիրառվի։ 

Ռուբեն Եսայան

Վիդեոբլոգեր Ռուբեն Եսայանը, որը երկար տարիների փորձ ունի այս ոլորտում, ասում է, որ վաղուց է գործում հարկային դաշտում։ Միաժամանակ, նա նշում է, որ դժվար է լինելու հետևել, թե ինֆլյուենսերներից ովքեր հարկ չեն վճարում։ «Ինֆլյուենսերը կարող է գովազդ անել ու ասել, որ դա ընկերոջ խնդրանքով է արել և գումար դրա դիմաց չի ստացել։ Դաշտը հետևելու համար լուրջ գործիքներ են հարկավոր»,- ասում է վիդեոբլոգերը։  

Հայաստանում առաջին բլոգերներից Մարիաննա Քաբաբյանը, ով ներկայումս Incube մարքեթինգային ընկերության հիմնադիրն է, նշում է, որ ինքն օրինակ հարկային դաշտում է 2016 թվականից։  

Ասում է, որ խոշոր ընկերությունների հետ գովազդային պայմանագրեր կնքելու համար ԱՁ է գրանցել, քանի որ այլ կերպ հնարավոր չէ համագործակցել, բիզնեսը չի կարող ինֆլյուենսերին օրինակ առձեռն գումար տալ։ Նա խորհուրդ է տալիս դրանից չխուսափել ու նշում, որ վճարած շնորհիվ կարողացել է հիպոթեքային վարկ ձևակերպել, ինչի հնարավորությունը չունեն հարկերի անօրինական դաշտում գործող շատ մարդիկ։ 

Գովազդի արժեքի գրված ու չգրված օրենքները 

Ռուբեն Եսայանը պատմում է, որ շուկայում գրված ու չգրված օրենքներ չկան, յուրաքանչյուրն ինքն է որոշում կատարած աշխատանքի արժեքը՝ հաշվի առնելով հետևորդների ակտիվությունն ու իր ազդեցությունը նրանց վրա։  

Ասում է, որ ինքն Ինստագրամի «Սթորի» բաժնում կարող է անվճար կամ սիմվոլիկ գումարով էլ գովազդներ անել, եթե խոսքն օրինակ բարեգործության մասին է։ «Ռիլզ»-ի միջոցով արտադրանքը գովազդելը, Եսայանի փոխանցմամբ, ավելի թանկ է, քանի որ գովազդատուի համար մշակվում է առանձին սցենար, աշխատում է օպերատորների, մոնտաժողների թիմ, ներգրավվում են դերասաններ, որոնց բոլորին վճարել է պետք։ 

Մարիաննա Քաբաբյան

Մարիաննա Քաբաբյանը նշում է, որ եթե մեկ-երկու տարի առաջ բլոգերն իր ծառայությունը գնահատում էր ըստ հետևորդների քանակի, ապա այսօր գովազդի գինը 10.000 և 100.000 հետևորդ ունեցող ինֆլյուենսերի մոտ կարող է նույնը լինել։  

«Ինֆլյուենսեր է և՛ Քիմ Քարդաշյանը, և՛ Կրիշտիանու Ռոնալդուն, և՛ ձեր կողքի շքամուտքում ապրող մի աղջիկ, ով ունի 1000 հետևորդ։ Եվ սա նորմալ է։ Եթե մարդն ունի ազդեցություն թեկուզ տասը հոգու վրա, ինքը կարող է իրեն ինֆլյուենսեր համարել։ Ժամանակին փոքր հետևորդներ ունեցող էջերին շատ էին թերագնահատում, բայց 4000 հետևորդ ունեցող էջի գովազդը կարող է արդարացնել իրեն նույն չափով, որքանով 40.000 հետևորդ ունեցողինը։ Գինը որոշվում է ըստ ազդեցության չափի, հետևորդների ակտիվության»,- ասում է Մարիաննա Քաբաբյանը։ 

Ըստ նրա՝ գովազդի արժեքը սոցցանցերում տատանվում է 60.000-ից մինչև 1.5 մլն դրամ՝ կախված աշխատանքի ծավալից ու որակից։  

Ինֆլյուենսերներն՝ ընդդեմ ավանդական գովազդների  

Ինֆլյուենսեր մարքեթինգի տեմպը, վիդեոբլոգեր Ռուբեն Եսայանի խոսքով, գնալով աճում է։ Եթե 2020-2021 թվականներին ինֆլյուենսեր մարքեթինգով զբաղվողների քանակն ավելի քիչ էր, ապա այսօր նրանց թիվն անհամեմատ ավելի շատ է։ «Սա շատ լավ է, վկայում է այն մասին, որ ոլորտը զարգանում է և դեռ զարգանալու է»,- նշում է նա։ 

Այլ հարց է, որ Հայաստանում ինֆլյուենսինգը զարգանում է առայժմ Ինստագրամում։ «Եթե աշխարհում, օրինակ, առաջատարը Յություբն է, ապա Հայաստանում Ինստագրամն է։ Պատճառն այն է, որ Յություբը մեր երկրում առայժմ չի մոնետիզացվում։ Երբ մոնետիզացիան միանա, Յութուբում էլ մրցակցությունը կմեծանա ու այս հարթակում էլ նոր խաղացողներ կհայտնվեն։ Յություբում տեղական շուկան փոքր է, քիչ թվով մարդիկ են կոնտենտ արտադրում հենց Յություբի համար, դրա համար բիզնեսն էլ առանձնապես չի դիտարկում այն որպես գովազդվելու հարթակ»,- ասում է Եսայանը։ 

Ըստ նրա՝ զուգահեռ զարգանում է նաև բիզնեսի մարքեթինգային ռազմավարությունն ու նրանց մտահորիզոնը։  

«Գովազդատուները սկսել են գիտակցել սոցիալական մեդիա մարքեթինգի և թվային աշխարհում գովազդների կարևորությունը։ Մարդիկ տեսնում են, որ այս գովազդն ավելի մատչելի է, քան ավանդական գովազդը հեռուստատեսությունում կամ ռադիոյում, իսկ արդյունքը՝ բավարար է։ Սոցհարթակներում գովազդը թիրախային է։ Բիզնեսը՝ իր ոլորտից ու գործունեությունից կախված, կարողանում է գտնել հենց իր գնորդին ու աշխատել նրա վրա։ Հեռուստատեսությունն ապահովում է ավելի լայն տեսանելիություն, որը բիզնեսի ոչ բոլոր տեսակներին է հարկավոր։ Կան բրենդներ, փոքր, միջին բիզնեսներ, որոնք պատրաստ էլ չեն ընդլայնել իրենց արտադրությունը, շատ մեծ թվով պատվերներ ընդունել։ Դրա համար նրանց բավարարում է Ինստագրամի մասշտաբը։  

Պիտի նշեմ, որ գովազդատուներին էլ փոխվել են։ Չեն դիմում միայն նրա համար, որ ինֆլյունեսերի սթորիում երևալը թրենդ է։ Կար ժամանակ, երբ այո, տեսնում էին, որ մրցակիցն անում է, իրենք էլ անում էին։ Ժամանակները փոխվել են, մարդիկ սկսում են հասկանալ կարևորությունը»,- մանրամասնում է վիդեոբլոգերը։  

Մարիաննա Քաբաբյանի խոսքով՝ արտաքին ու ներքին գովազդը, ավանդական մեդիան՝ հեռուստատեսությունն ու ռադիոն, եղել ու մնում են լայն մասաներ ներգրավվելու արդյունավետ միջոց, բայց դրանք հասանելի չեն բոլորին։ Նրա դիտարկմամբ, դա միայն Հայաստանի խնդիրը չէ, ողջ աշխարհում է ինֆլյուենսեր մարքեթինգը ներկայիս ամենապահանջված գործիքը։  

«Շատ հաճախ բիզնեսը չի կարողանում իրեն թույլ տալ բոլոր գովազդային տեսակներից օգտվել ու նախապատվությունը տալիս է SMM-ին, որը համեմատաբար ավելի մատչելի է, արդյունքն ավելի արագ տեսանելի է»,- մանրամասնում է բլոգերը։  

Սիրանուշ Գրիգորյան

SMM մասնագետ Սիրանուշ Գրիգորյանը, որը հայտնի է կրեատիվ «ռիլզերի» գաղափարներով ու իրագործմամբ, համակարծիք է, որ շուկան փոխվել է դեպի դրականը։ Ասում է, որ ինֆլյուենսները դարձել են ավելի պրոֆեսիոնալ։  

«Երկու-երեք տարի առաջ բլոգերները գովազդում էին ամեն ինչ, որ չկորցնեն գովազդատուին։ Այսօր շուկան դարձել է ավելի գիտակից, ավելի հասուն ու բլոգերները ընտրողաբար են մոտենում արտադրությանն ու ծառայությանը, որը պիտի գովազդեն։ Գովազդները շատացել են և բլոգերները կարողանում են իրենց թույլ տալ հրաժարվել ու մերժել շատերին։ Կան բլոգերներ, որոնք թանկացրել են գովազդի գինը և նախընտրում են ամսական մեկ կամ երկու գովազդ տեղադրել, որպեսզի չձանձրացնեն իրենց հետևորդներին։ Բիզնեսն, իհարկե, սա գնահատում է»,- ասում է նա։  

Ո՞ւմ են հետևում օգտատերերը 

Սիրանուշ Գրիգորյանը նշում է, որ դրական տենդենցներից են նաև թաքնված գովազդները, որոնք ևս դարձել են ավելի մտածված ու թիրախային։  

«Գովազդները, երբ բլոգերը կադրում ապրանքը ձեռքը նստած է ու ասում է՝ լավն է, խորհուրդ եմ տալիս, գնեք, այլևս դիտվող չեն։ Եկավ ինֆլյուենսների մի սերունդ, որը փոխեց դաշտը, մրցակցության մեջ մտավ շոու-բիզնեսի աստղերի հետ, ովքեր ոչինչ չէին անում, բայց ունեին 50.000 և ավել հետևորդներ։ Այսօր այդ աստղերը զիջում են իրենց դիրքերը և կարող եմ ասել, որ չունեն անգամ այդքան գովազդի պատվերներ, որքան բլոգերները։  

Ի՞նչ արեցին նրանք։ Նրանք համարձակ տեսանյութեր սկսեցին նկարել, հումորային, թեթև, ինչ-որ տեղ պրովոկացիոն, որ մարդիկ նայեն։ Ու մեկ էլ մի օր այդ տեսանյութում խոսքի մեջ պատահաբար սկսեցին օգտագործել բրենդների անուններ։ Սա թաքնված գովազդի լավագույն դրսևորումն է, որը նրանք անում են բավական բարձր մակարդակով։ Ապահովվում է և ճանաչելիությունը, և հետաքրքրությունը»,- մանրամասնում է նա։ 

Սիրանուշ Գրիգորյանը նաև նկատում է, որ հայ բլոգերների նկատմամբ մեծացել է հետաքրքրությունը այլ երկրներից։ Օրինակ, հայաստանցիների համար տուրիստական երկրներ համարվող Եգիպտոսը, Հունաստանը, Վրաստանը բլոգերներին հրավիրում են՝ երկիրը կամ որևէ հյուրանոց գովազդելու համար, որպեսզի տուրիստական հոսքը դեպի այդ երկրներ մեծանա։  

Տիգրանուհի Մարտիրոսյան  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *