2023.11.21,

Նյուսրում

Հայաստանում մեդիասպառողը պատրաստ չէ վճարել որակյալ բովանդակության համար․ հետազոտություն   

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Ի՞նչ են կարդում ու դիտում Հայաստանում, որտեղի՞ց են անհրաժեշտ ինֆորմացիան գտնում ու ո՞ր աղբյուրին են վստահում։ Այս հարցերի պատասխանները և մեդիասպառման օրինաչափությունների ու սովորույթների պատկերը փոխանցում է «Ինտերնյուս»-ի «Խոսքի ազատությունն ու մեդիայի սպառումը Հայաստանում» հետազոտությունը։  

Անհատական դեմ առ դեմ հարցազրույցների ընթացքում հարցմանը մասնակից 1109 մեդիասպառողների պատասխանները տալիս են տեղեկատվական դաշտում առաջարկն ու պահանջարկը վերլուծելու հնարավորություն։  

Ըստ հետազոտության՝ տեղեկատվական աղբյուրների օգտագործման առաջին եռյակում նախ հայկական հեռուստաալիքներն են՝ 84%, հետո 67%-ով հայկական լրատվական կայքերն են, եռյակն ամփոփում են ռուսական հեռուստալիքները՝ 53% ցուցանիշով։  

Միջազգային հեռուստաընկերությունների սպառումը ռուսականի համեմատ զգալի ցածր է՝ 25%։  

Հայկական հեռուստալիքների դեպքում հարցվողները նշել են, որ շաբաթը գոնե մեկ անգամ դիտում են «Արմենիա», «Շանթ» և «Առաջին ալիք» հեռուստաընկերությունները։ Տեղական մյուս հեռուստաընկերություններից առաջ են անցնում ռուսական ալիքները։ 

Ընդհանուր հարցվածների 14%-էլ նշել է, որ չի դիտում որևէ հեռուստաալիք, ավելի քիչ քան 1%-ը դժվարացել է նշել որևէ հեռուստաալիքի անվանում։  

Հեռուստաընկերություններից հետո, որպես տեղեկատվական աղբյուր երկրորդ հորիզոնականում առցանց մամուլն է։ Եթե հեռուստաընկերությունների դեպքում հարցվածների 14% էր ասել, որ որևէ հեռուստաալիք չի դիտում, ապա լրատվական կայքերի դեպքում այս ցուցանիշը հասնում է 35%-ի։  

Հետազոտության մասնակիցների 22%-ը նշել է, որ շաբաթը գոնե մեկ անգամ կարդում է Azatutyun.am -ի նյութերը, 12 %-ը News.am-ի, 9 %-ը- 1in.am-ի։ Ռուսական լրատվական կայքերից օգտվողների քանակը հավասար է Civilnet.am-ի քանակին՝ հարցվողների 3%-ը շաբաթը գոնե մեկ անգամ օգտվում է այս կայքերից։ Ավելի ցածր ցուցանիշներ են հավաքել Hetq.am-ը և 168.am-ը՝ յուրաքանչյուրը 2%: 

Ինֆորմացիան անմիջապես լրատվական կայքերից ստանում է հարցվողների միայն 12%-ը, մասնակիցների 88%-ը նշել է, որ ավելի հաճախ ինֆորմացիան ստանում են սոցիալական հարթակների միջոցով։ 2021-ին արված հետազոտության արդյունքների համեմատ սոցիալական հարթակների միջոցով ինֆորմացիան ստանալու ցուցանիշը 12%-ով ավելացել է։  

Ռադիոյից օգտվողներն ու ռադիոլսողներն ավելի քիչ են։ Հարցվածների 75%-ը նշել է, որ չի հետևում որևէ ռադիոկայանի, 3%-էլ դժվարացել է նշել որևէ ռադիոկայան, որին հետևում է։ Ելնելով մյուս հարցվողների պատասխաններից` ստացվել է հետևյալ պատկերը՝ հարցվողների 8%-ը շաբաթը գոնե մեկ անգամ լսում է Հայաստանի Հանրային ռադիոն, 5 %-ը Ռադիո Ջանը, 4%-ը FM 105.5-ը, մյուս ռադիոընկերությունների դեպքում ցուցանիշներն ավելի փոքր են։  

Հայաստանում որքանո՞վ է մեդիադաշտը վստահելի

Անդրադառնալով վստահության թեմային, թե, որքանով են հայկական ԶԼՄ-ներով ներկայացվող լուրերը վստահելի՝ հարցվողների կարծիքները գրեթե հավասարաչափ են բաշխվել՝ դրական կարծիքը ավելի է ընդամենը 2%-ով։

Ամենավստահելի սոցիալական ցանցերի եռյակը գլխավորում է Facebook-ը, հետո գալիս է YouTube-ը, այնուհետև Telegram-ը։  

Նույնիսկ այն դեպքում, երբ հարցվածների գրեթե կեսը նշել է, որ hայկական լրատվամիջոցները վստահելի չեն, միևնույն է մեր հասարակությունը դեռևս այնքան էլ չի ցանկանում վճարել լրատվամիջոցներին՝ որակյալ, վստահելի բովանդակություն ստանալու համար։ Հարցվածների 81%-ը պատրաստ չէ վճարել որակյալ մեդիաբովանդակության համար։

Իսկ այն մեդիասպառողներն էլ, ովքեր արդեն վճարում են կամ տեսականորեն պատրաստ են վճարել, գումարի սահմանաչափը տատանվում է մինչև 2000 դրամի միջակայքում։ Երբ գումարը կրկնապատկվում է, կրկնակիից էլ ավելի նվազում է վճարելու պատրաստակամ մեդիասպառողների քանակը։ 

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *