2023.10.31,

Նյուսրում

Ֆեյսբուքի և Ինստագրամի ալգորիթմները նորից փոխվել են

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Մետա ընկերությունը կրկին որոշակի փոփոխություններ է կատարել ֆեյսբուքի ու Ինստագրամի ալգորիթմում։ Ավելացել են գովազդային նոր գործիքներ, որոշները՝ հեռացվել են, խստացվել է կարգավորումների քաղաքականությունը։

Մասնագետներն ասում են, որ ցանկացած փոփոխություն պատահական չի արվում, այն ուղղված է սոցիալական հարթակների աշխատանքի բարելավմանը՝ բիզնես էջ-օգտատեր կապի ամրապնդմանը։

Զրուցել ենք սոցիալական մեդիայի մարքեթինգի մասնագետների հետ՝ փոփոխությունների ու առաջխաղացման անկյունաքարային գործիքների մասին։  

Մանե Գրիգորյան 
Դեքսատել ընկերության հայաստանյան մասնաճյուղի ավագ SMM մենեջեր,  
ՀՊՏՀ թվային մարքեթինգի դասախոս 

Ֆեյսբուքն ու Ինստագրամը վերջին շրջանում ավելի ուշադիր են դարձել կոնտենտի նկատմամբ, հրապարակումները, որոնք խախտում էին քաղաքականությունը ու կարող էին աննկատ մնալ, այլևս աննկատ չեն մնում։

Միշտ էլ եղել է Privacy Policy-ն, որն օրինակ արգելում է գովազդել ծխախոտ, էլեկտրոնային ծխախոտ, զենք և այլն։ Բայց հիմա դժվար է դարձել առաջխաղացնել նաև քաղաքական, սոցիալական թեմաներով հրապարակումները, անշարժ գույքի վաճառքով զբաղվող գործակալությունների էջերը։

Իհարկե, կարող ես նշել, որ հրապարակումդ այդ թեմատիկայով է ու բոտերը կլինեն ավելի ուշադիր՝ դրանք դիտարկելու ժամանակ, հակառակ դեպքում, կանոնակարգը մի քանի անգամ  խախտելուց հետո, էջը կարող են ընդհուպ արգելափակել։

Նշում անելով, որ գովազդը զգայուն թեմայով է, սահմանափակվում են թիրախային լսարան ընտրելու գործիքները։ Եթե օրինակ որևէ ռեստորան գովազդելիս կարող ես դետալային թիրախավորում անել, նշել նրանց, ում ծննդյան օրն է շուտով կամ սիրում են գինի, ապա զգայուն թեմաների պարագայում դետալային թիրախավորում անելու հնարավորությունը բացակայում է։ Քանի որ դրանք Մետայի կողմից համարվում են զգայուն թեմաներ, արվում է ամեն ինչ, որ թվով քիչ մարդկանց էմոցիաները ոտնահարվեն։

Կոնտենտի մոդերացիան այնքան է խստացել, որ բոտերը ֆիլտրում են նաև այն հրապարակումները, որոնք կրկնվում են։ Մետան տեղ է տալիս ունիկալ կոնտենտին։ Առաջխաղացվում են այն լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք չկան այլ էջերում։

Լրատվական կայքերի ֆեյսբուքյան էջերն, օրինակ, ունեն այս խնդիրը։ Որևէ իրադարձությունից նկարներ են տեղադրվում տարբեր լրատվականներում ու դրանց տեսանելիությունը նվազում է, քանի որ նույն նկարը պտտվում է բոլոր էջերով։

Ֆեյսբուքը կարողանում է հասկանալ՝ երբ է արվել նկարը, ում կողմից և արդյոք այն արդեն հրապարակված է, թե ոչ։ Վերահրապարկված կոնտենտը չի առաջխաղացվում։

Քաղաքական կին գործիչ կա, ով իր տեսակետներն է հայտնում ֆեյսբուքում ու անկախ նրանից, թե ինչի մասին է գրում, կցում է իր լուսանկարը։ Նա ունի մեծ թվով հավանումներ ու մեկնաբանություններ, որովհետև ֆեյսբուքը ունիկալ է համարում նրա կոնտենտը, նկարները չեն կրկնվում, որևէ այլ տեղ չկան ու առաջարկում է այն ավելի շատ թվով մարդկանց։

Բացի այդ, թանկացել է այս հարթակներում վճարովի գովազդի գինը, ինչպես Հայաստանի, այնպես էլ մյուս երկրների համար։

Շատ նամակներ եմ ստանում այն մասին, որ գովազդներն այլևս նախկինի պես չեն աշխատում, վատ են աշխատում։ Մարդիկ մտածում են, որ դա ալգորիթմի փոփոխության հետ է կապված, բայց դա այդպես չէ։ Խնդիրը նրանում է, որ գինը թանկացել է։ Եթե 8 տարի առաջ 1$-ով ես կունենայի 2000-3000 դիտում, ապա հիմա նույն գումարը ներգրավում է 200-300 հոգի։

Հիմա հնարավորություն կա ընտրել՝ ուզո՞ւմ ես արդյոք գովազդային արդյունքից բավարարված չլինելու պարագայում քո գովազդը տեսնեն նաև նրանք, ովքեր քո թիրախային լսարանը չեն, թե ոչ։ Այսինքն՝ Ֆեյսբուքն անում է ամեն ինչ, որ լինես գոհ ու շարունակես գումար ծախսել գովազդային արշավների վրա։

Նորություն չեմ ասի, կկրկնվեմ, բայց կարևոր է տեսանյութերի տեղադրումը։ Ինտերնետից ներբեռնած նկարները, գրաֆիկաները, ինչպես ասացի, չեն աշխատում այն թափով, որով նախկինում, օրգանիկ առաջխաղացվում են տեսանյութերը, մասնավորապես՝ ռիլզերը։ Երբ ստեղծվեց ՏիկՏոկը, Մետան ստեղծեց ալտերնատիվ՝ Ինստագրամի ռիլզերը, որպեսզի թե բլոգերները, թե օգտատերերը չգնան ՏիկՏոկ։ Դրա համար այս տեսանյութերը օրգանիկ խթանվում են։

Ամփոփելով ասեմ, որ չկա մի հստակ, ֆիքսված բանաձև, թե ինչպես պետք է առաջխաղացնել էջը։ Յուրաքանչյուր բիզնես թելադրում է իր աշխատաոճը, ունի իր լսարանն ու լսարանի հետ շփման ոճը։ Ուստի բոլոր մասնագետներին խորհուրդ եմ տալիս չվախենալ փորձարկումներից ու մտածել՝ լայն։

Տիգրան Հարությունյան  
Persona Գրուպ ընկերության հիմնադիր-տնօրեն  

Վերջին երկու տարիներին Մետան պարբերաբար հանդես է գալիս փոփոխություններով։ ՏիկՏոկի ստեղծումը նպաստեց նրան, որ Ֆեյսբուքի ու Ինստագրամի ալգորիթմներում որոշակի փոփոխություններ տեղի ունենան։ Երբ Մետայում տեսան, թե ինչ արդիական է ՏիկՏոկը, որքան շատ են մարդիկ դիտում այդ տեսանյութերը, ստիպված եղան մրցակցությունից դուրս չմնալու համար ստեղծել ռիլզերը։

Ինստագրամը, որը ի սկզբանե ստեղծվել էր լուսանկարների տեղադրման համար, մղեց այդ գաղափարը երկրորդ պլան ու առաջնային տեղ տվեց տեսանյութերին։ Ի դեպ, Յություբը ևս, սկսեց զարգացնել շորթսերը՝ կարճ հոլովակները, որպեսզի հետ չմնա ընդհանուր թրենդից։

Բայց, ուզում եմ շեշտել, որ շատ կարևոր է, որ ռիլզը լինի որակյալ՝ ունենա որակյալ պատկեր, որակյալ ձայն, լինի կրեատիվ։ Հակառակ դեպքում, Մետան չի առաջխաղացնի անորակ կոնտենտը։ Այո, որակյալ ռիլզ նկարելը ծախսատար է, բայց առաջխաղացման միակ օրգանիկ տարբերակը գրավիչ տեսանյութերի ստեղծումն է։

Սա ամենևին չի նշանակում մոռանալ սթորիների, լուսանկարների, լայվերի մասին ու կենտրոնանալ միայն ռիլզերի վրա։ Դրանք թվային մարքեթինգի մի մասն են։

Չմոռանանք, որ Ինստագրամի օրգանիկ տեսանելիությունը 30 տոկոս է, Ֆեյսբուքինը՝ 10 տոկոս։ Եթե բիզնեսը ձգտում է ավելիին, ապա պետք է դիմի վճարովի գովազդի օգնությանը։ Որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքը, եթե կհիշեք, փոխեց էջերի ձևաչափը, դրանք դարձան օգտահաշիվ-էջեր ու օրգանիկ տեսանելիությունն իջավ։ Ուստի գոնե նախկին ցուցանիշներին հասնելու համար էջերը սկսեցին օգտվել գովազդներից։

2021 թվականից սկսած Ֆեյսբուքն իր էջից աստիճանաբար հեռացնում է լրատվական կոնտենտը, որը մեծամասամբ բաղկացած է քաղաքական, սոցիալական թեմաներից։ Խստացվում է քաղաքականությունը, նման բովանդակությամբ հրապարակումները դիտարկվում են խոշորացույցի տակ։

Սրանից տուժում են, օրինակ, լրատվական կայքերի սոցհարթակները։ Մեդիա կոնտենտ տարածող էջերը, հատկապես նրանք, որոնք Մետայի կողմից ստուգված չեն ու համապատասխան կապույտ նշումը չունեն, բովանդակության տարածման խնդիրներ են ունենում։ Ֆեյսբուքը կարող է պատրվակներ փնտրել, որ էջն արգելափակի, որովհետև համարում է, որ էջում կան այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են ոտնահարել այս կամ այն խմբի էմոցիաները կամ իրավունքները։

Սա էլ Մետայի քաղաքականությունն է՝ սահմանափակել այնպիսի էջերի աշխատանքը, որոնք գումար են վաստակում իրենց բովանդակությամբ։

Տիգրանուհի Մարտիրոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *