Սոցիալական մեդիայի հետազոտողները մեծ քանակությամբ ապատեղեկատվություն են նկատել X-ում (նախկինում՝ Twitter) կապված պաղեստինա-իսրայելական պատերազմի հետ։
Հետազոտողներից մեկը՝ Մայք Ռոտշիլդը, Bloomberg-ին ասել է, որ դա պայմանավորված է նրանով, որ անցյալ տարի Twitter-ը գնած Իլոն Մասկը քիչ է կենտրոնանում կեղծ լուրերի և ապակողմնորոշիչ տեղեկատվության դեմ պայքարի վրա:
X-ի անվտանգության և վավերացման քաղաքականության փոփոխությունները վաղուց են քննադատվում մեդիափորձագետների կողմից։ Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ X-ը հնարավորություն է տվել գնել օգտահաշիվների նույնականացման կապույտ նշանները, որոնք նախկինում տրվում էին միայն ստուգված անձանց։
Կապույտ նշանների այսչափ տարածվածությունը վերածել է X-ը անվստահելի լրատվական աղբյուրի, ինչն ակնհայտ արտահայտվում է պաղեստինա-իսրայելական պատերազմի վերաբերյալ հրապարապումներում։
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից մի քանի ժամ անց սոցիալական ցանցերում հայտնվել են հրթիռային ավիահարվածների, ավերված շենքերի և բռնության տեսարանների չստուգված լուսանկարներ և տեսանյութեր։ Միևնույն ժամանակ, շատ գրառումներում օգտագործվել են զինված հակամարտությունների հին պատկերներ և տեսախաղերի կադրեր։
X-ի ապատեղակատվական հոսքում հայտնվել է անգամ ադրբեջանցի ուժայինների կողմից ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին ձերբակալելու նկարը։ Այն ներկայացվել է որպես իսրայելցիների կողմից ՀԱՄԱՍ-ի մարտիկին ձերբակալելու դրվագ։ Ի դեպ, տարածողն ունեցել է կապույտ նշան, ինչի շնորհիվ այն ընկալվել է, որպես վստահելի աղբյուր։
Մեկ այլ դեպքում X-ի օգտատերերից մեկը հաղորդել էր, որ ԱՄՆ-ը 8 մլրդ դոլարի ռազմական օգնություն է ուղարկում Իսրայելին և որպես ապացույց կցել էր Սպիտակ Տան հայտարարության սքրինշոթը։ Այնինչ, ԱՄՆ կառավարության պաշտոնական կայքում նման հայտարարություն չէր հրապարակվել։ Տեղադրված սքրինշոթը, ինչպես հետագայում պարզել էր Reuters-ը, Սպիտակ Տան հուլիսյան հայտարարության պատճենն էր՝ Ուկրաինային ֆինանսական օգնության մասին։ Օգտատերը կեղծել էր ամսաթիվը ու հրապարակել այն։ Այս տեղեկատվությունը տարածել էին նաև հայաստանյան օնլայն մի քանի լրատվամիջոցներ, որոնք հղում էին արել ռուսական ТАСС գործակալությանը։
Ակտիվ շրջանառվում էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է փլուզվում Գազայի աշտարակներից մեկը։ Օգտատերերը գրում էին, թե այն փլուզվում է պաղեստինյան հարվածի հետևանքով։ Այնինչ, Misbar-ը պարզել էր, որ իրականում տեսանյութը կապ չունի վերջին գործողությունների հետ, այն նկարահանվել է 2021 թվականին։ Տեսանյութի սկզբնաղբյուրը Ալ-Ջազիրան ու ԲիԲիՍի-ն էին, որոնց յութուբյան ալիքում էլ 2021 թվականին այն հրապարակվել էր։
Այս պատերազմը մեկ անգամ էլ ցույց տվեց, որ մարդիկ ոչ միշտ են կարողանում տարբերակել իրական ու ոչ իրական կադրերը։
X-ում շրջանառվող տեսանյութը, որտեղ հարվածում են ուղղաթիռին, պարզվեց, որ իրական տեսարան չէր։ Գրվում էր, որ ՀԱՄԱՍ-ի մարտիկները Գազայի հատվածում խոցում են իսրայելական ուղղաթիռը, ավելի ուշ պարզվեց, որ այն 2013 թվականին թողարկված ARMA 3 կոչվող խաղից հատված է։
Եվս մեկ հայտնի տեսանյութ, որը ակտիվորեն շրջանառվում էր այս օրերին երեխաների մասնակցությամբ էր։ Ճաղերի հետևում գտնվող երեխաները, որոնց ներկայացնում էին որպես իսրայելցի գերիներ, ավելի ուշ պարզվեց, որ նկարահանված են Սիրայում։
ԵՄ-ի սեպտեմբերյան ուսումնասիրությունը ևս ցույց է տվել, որ ապատեղեկատվությունը X-ում ավելի տեսանելի է դարձել և համեմատաբար ավելի մեծ ներգրավվածություն է ստացել, քան այլ հարթակներում։ Որպես պատճառ նշվում է այն, որ X-ը կրճատել է ապատեղակատվության դեմ պայքարի բաժնի աշխատակիցներին շատերին ու կենտրոնացել այլ խնդիրների լուծման վրա, որոնք համարել է ավելի կարևոր։
Այս իրավիճակում լրագրողներն էլ ստիպված են ավելի ուշադիր լինել ու չօգտագործել անգամ կապույտ նշաններ ունեցող օգտահաշիվների տարածած տեղեկատվությունն ու լուսանկարները՝ քանի դեռ դրանք մի քանի աղբյուրից չեն ստուգվել և հաստատվել։
Թե ինչպես ստուգել տեսանյութերի ու լուսանկարների իսկությունը կոնկրետ օրինակով կարելի է կարդալ այստեղ, իսկ այս հոդվածը ապատեղեկատվությունը բացահայտելու համար Արհեստական բանականության գործիքների կիրառման մասին է։
Տիգրանուհի Մարտիրոսյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: