Հայաստանի կառավարությունը հազվադեպ է սահմանափակել բովանդակությունը սոցիալական ցանցերում, թեև որոշ սահմանափակումներ է մտցրել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության ժամանակ։ Այս մասին ասվում է Freedom On The Net զեկույցում, որն իրականացնում է Freedom House միջազգային կազմակերպությունը։
Այս հարցում Հայաստանի վարկանշային գնահատականը բարելավվել է՝ դառնալով 3-ից 2:
«Կառավարությունը հաճախ չի պահանջում օգտատերերից հեռացնել բովանդակությունը, թեև դա արել է նախկինում: 2020 թվականի որոշ ժամանակահատվածներում կառավարությունը արտակարգ միջոցներ է ձեռնարկել, որոնք լիազորել են իշխանություններին արգելել կամ ջնջել բովանդակությունը, որը վերաբերել է COVID-19 համավարակին կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ 2022 թվականի առաջին կիսամյակում Meta-ն չի սահմանափակել որևէ բովանդակության հասանելիությունը՝ հիմնվելով Հայաստանի կառավարության հայտերի վրա, Google-ը ևս Հայաստանի կառավարությունից բովանդակության հեռացման հայտ 2022 թվականի ընթացքում չի ստացել։
Միաժամանակ նշվում է, որ օրենքը թույլ է տալիս ինտերնետի բովանդակության զտումը միայն սահմանափակ դեպքերում, իսկ բովանդակության արգելափակման համար անհրաժեշտ է դատարանի որոշում․ «Դատարանները կարող են անօրինական բովանդակությունը արգելափակելու որոշում կայացնել՝ ներառյալ երեխաների սեռական բռնության պատկերները և մտավոր սեփականության իրավունքները խախտող նյութերը: Արգելափակումը կարող է վիճարկվել դատարանում բովանդակության սեփականատերերի կողմից, որոնք կարող են պահանջել փոխհատուցում, եթե դատավորը գտնի, որ արգելափակման հրամանն անօրինական է կամ ոչ անհրաժեշտ: Բովանդակության արգելափակման որոշումների բողոքարկումը կարող է ներկայացվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այնուամենայնիվ, արտակարգ դրության ժամանակ կառավարությունը իրավաբանորեն իրավասու է սահմանափակել զանգվածային լրատվության գործունեությունը, ինչպես նաև առցանց լրատվամիջոցներինը։
2022 թվականի դեկտեմբերի վերջին Արդարադատության նախարարությունն առաջարկեց նոր կանոններ, որոնք կկիրառվեն ռազմական դրության ժամանակ՝ կառավարությանը տալով վեբ կայքեր, հարթակներ և հավելվածներ արգելափակելու լիազորություն: Դրույթների նախագիծը նաև թույլ կտա կառավարությանը սահմանափակել ինտերնետ հասանելիությունը և ժամանակավորապես բռնագրավել լրատվամիջոցների կողմից բովանդակություն հրապարակելու համար օգտագործվող սարքերը: Առաջարկը խիստ քննադատության է ենթարկվել փորձագետների, այդ թվում՝ երկրի ՄԻՊ և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից»։
Զեկույցում շեշտվում է, որ սոցիալական մեդիա հարթակների, մասնավորապես Ֆեյսբուքի չափանիշները թափանցիկ չեն հայ օգտատերերի համար։ Ասվում է, որ Ֆեյսբուքն արգելել է մի քանի հայաստանյան հասարակական կարծիքի առաջնորդների և լրատվամիջոցների հաշիվները՝ իր պայմանները խախտելու համար։
«Իրավապաշտպանների կարծիքով՝ որոշումներում բացակայում է թափանցիկությունը, և որոշ արգելվածներ մեղադրվել են ատելության խոսքի մեջ՝ առանց պնդումները հաստատող ապացույցների։ 2023 թվականի մարտին Ֆեյսբուքի Վերահսկիչ խորհուրդը հայտարարեց, որ կվերանայի մի տեսանյութ, որտեղ իբր պատկերված է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները ծեծում գերի ընկած հայ զինվորներին։ Meta-ն ի սկզբանե գտել էր, որ գրառումը խախտում է համակարգող վնասի և հանցավորության խթանման քաղաքականությունը, սակայն թույլ էր տվել, որ բովանդակությունը մնա հարթակում «նախազգուշական պիտակով»՝ պատճառաբանելով, որ այն կարող է կարևոր լինել «մարդու իրավունքների խմբերի և անկախ քննիչների համար»,- մանրամասնվում է զեկույցում։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: