2023.10.02,

Նյուսրում

Լրագրողների աշխատանքը Ղարաբաղում՝ առանց ինտերնետի, էլեկտրաէներգիայի ու հանրային աջակցության

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձությունները ազդել են տեղական լրատվամիջոցների աշխատանքի վրա։ Բլոկադայի 9 ամիսների, ռմբակոծության 3 օրերի ընթացքում լրագրողները՝ վտանգելով իրենց կյանքը, լուսաբանել են իրադարձությունները, հաղթահարել բազում տեխնիկական խնդիրներ, որպեսզի կատարեն իրենց մասնագիտական պարտականությունները։

Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախից Հայաստան տեղահանված լրագրողների հետ։

Նորայր Հովսեփյան, Արցախի Հանրային հեռուստատեսության լրատվական բաժնի տնօրեն

Հույս ունենք, որ արցախցի լրագրողների համար կկարողանանք աշխատելու հարթակ ստեղծել

Բլոկադայի ժամանակ տեխնիկական խնդիրները օր օրի աճում էին։ Նկարահանումների ու հեռարձակումների ժամերը համապատախանեցնում էինք հովհարային անջատումների հետ։ Ունեինք տեխնիկան լիցքավորելու խնդիր։ Սկզբում կարողանում էինք գեներատորներով լուծել էլեկտրականության հարցը, լիցքավորել սարքավորումները, համակարգիչները միացնել՝ մոնտաժի համար, բայց ամեն ինչ ժամանակի ընթացքում դառնում էր սահմանափակ։

Վառելիքի բացակայության պատճառով բլոկադայում գտնվելու վերջին երեք-չորս ամիսների ընթացքում չէինք կարողանում Ստեփանակերտից դուրս նկարահանումներ կազմակերպել։ Փորձում էինք գտնել մարդկանց, ովքեր թեկուզ հեռախոսով նկարահանումներ կանեն գյուղերից։ Բայց դա էլ էր դժվար, քանի որ կապի բացակայության պատճառով մարդիկ շատ հաճախ նույնիսկ այդ կադրերը ուղարկել չէին կարողանում։

Դե իսկ ռազմական գործողությունների ժամանակ վնասվեցին հեռարձակող կայանները։ Թիրախավորվել էր գլխավոր՝ սփռող կայանը։ Հեռուստատեսությունը դադարեց աշխատել։ Մենք չկարողացանք հեռարձակել նույնիսկ լուրն այն մասին, որ Ստեփանակերտը ռմբակոծում են։ Ռմբակոծության հաջորդ երկու օրը աշխատում էինք համացանցի համար, ձայնագրություններ էինք անում, դրանք տեղադրում Յութուբյան ալիքում, Ֆեյսբուքում։ Բայց սա էլ կարճ տևեց, որովհետև մարդիկ ունեին տարհանվելու խնդիր ու բնականաբար չէին կարող շարունակել աշխատել։

Հեռուստատեսության տեխնիկայի որոշակի հատվածը կարողացել ենք մեզ հետ բերել Հայաստան։ Հույս ունենք, որ արցախցի լրագրողների համար կկարողանանք աշխատելու հարթակ ստեղծել։

Արցախում լրագրությամբ զբաղվելը միշտ էլ հեշտ չի եղել։ Գուցե հոգսերը քիչ են եղել, գիշերը հացի հերթում չենք գտնվել, բայց միշտ էլ լարված ենք աշխատել։

Գրաքնություն էլ միշտ եղել է, կային խաղի որոշակի կանոններ, կային «կտրուկ չի կարելիներ»։ Իհարկե որքան իրավիճակը սրվում էր, այնքան «չի կարելիների» շարքը մեծանում էր, առաջնահերթ էր դառնում անվտանգային հարցը և ցանկացած բան, որը կարող էր մեզ վնասել, բնականաբար, եթեր չէր գնում։

Մարութ Վանյան, անկախ լրագրող

Ինձ զգում էի մի դրության մեջ, երբ վիրավոր կենդանուն փորձում ես ցավազրկել, բայց ինքն այդ պահին ցավից կծում է ձեռքդ

Արցախի բլոկադան ստեղծել էր նաև տեղեկատվական բլոկադա։ Այս ընթացքում ես չէի աշխատում տեղական լրատվամիջոցների համար, համագործակցում էի միջազգային մեդիայի հետ, ինձ որևէ մեկը ցուցում չէր տալիս, թե ինչպես աշխատել, բայց զգում էի, որ ներքին գրաքննության իմ ինքս ինձ ենթարկում։

Որևէ բան նկարելուց, հրապարակելուց առաջ երկար մտածում էի՝ արժե՞ արդյոք դա անել, թե ոչ։ Մեզ բոլորիս լրագրողական թրեյնինգների ժամանակ սովորեցնում են՝ «չվնասել»։ Բայց այնպիսի իրավիճակ էր, որ չէիր հասկանում՝ ինչը կարող է վնասել, ինչը ոչ, ինչն է ռազմական գաղտնիք, ինչը ոչ։ Ինձ զգում էի մի դրության մեջ, երբ վիրավոր կենդանուն փորձում ես ցավազրկել, բայց ինքն այդ պահին ցավից կծում է ձեռքդ։ Ու չնայած հասկանում ես, որ իրեն օգուտ ես տալիս, բայց մյուս կողմից հանդիպում ես իր դիմադրությանը ու չես ուզում ավելորդ ցավեցնել։

Տեսնում էի, որ մարդիկ ժամերով հացի հերթ են կանգնել, բայց դատարկ ձեռքով հետ են վերադառնում, կանայք ուշագնաց են լինում այդ անվերջ հերթերի մեջ, ուզում էի այդ ամենը նկարել, այդ մարդկանց ձայնը, ցավը հանրայնացնել, տարածել, մտածում էի, որ կօգնեմ մի բանով, աշխարհում կտեսնեն, ավելի արագ կլուծեն հարցը, բայց մարդիկ բարկանում էին, չէին թողնում իրենց նկարահանել, տեսախցիկներից խուսափում էին։ Բանը ծեծկռտուքին էր հասնում, ասում էին, թե Ադրբեջանում կտեսնեն, կուրախանան, որ մենք վատ վիճակի մեջ ենք, մի նկարիր։

Տեխնիկական խնդիրները շատ էին, էլեկտարականությունը պարբերաբար անջատվում էր, ինտերնետը թույլ էր, նկարահանումներ էի իրականացնում, որոնց մեծ մասը ուղարկել չէի կարողանում։ Մի քանի ժամով համակարգիչը միացնել էր ստացվում, մոնտաժում էի նյութը, փորձում էի ուղարկել, ինտերնետն էին անջատում։ Միջազգային մամուլի հետ այս առումով աշխատանքը կազմակերպելը բավական բարդ էր, շատ էի նեղվում, որ այս խնդիրների պատճառով չէի կարողանում վերջնաժամկետներում տեղավորվել, արագ աշխատել, ինձ անպատասխանատու էի զգում։

Ապատեղեկատվության դեմ աշխատանքն էլ այդ օրերին տուժում էր։ Լարված իրավիճակով պայմանավորված շատերը մի բան էին լսում ու արագ հրապարակում այդ ամենը, լուրերը մի քանի աղբյուրից չէին ստուգվում։ Ու սա էլ հավելյալ խուճապ էր առաջացնում։ Էլ չեմ խոսում հեղինակային իրավունքի խախտման դեպքերի մասին։ Տեսանյութերը վերցնում էին, տարածում՝ առանց թույլտվության։

Հայկ Ղազարյան, ՍիվիՆեթի ղարաբաղյան գրասենյակի լրագրող

Մեզ մոտ սովոր չեն, որ միկրաֆոնով ու տեսախցիկով մեկը իրենց փողոցում կանգնեցնի ու հարցեր տա

Պատերազմի ժամանակ թվում է, թե շուրջդ ամեն ինչ նյութ է, բայց դա այդպես չէ։ Հենց տեսախցիկը վերցնում ես ձեռքդ որ նկարես, սկսում ես քեզ հարցեր տալ՝ սա կվնասի՞ մարդկանց, որ հրապարակեմ, այս տեղեկատվությունը պետական կամ ռազմական գաղտնիք պարունակո՞ւմ է, թե չէ։ Այս հարցերին որ պատասխանում ես, հասկանում ես, որ հրապարակելու ենթակա նյութը խիստ սահմանափակ է։

Սրան գումարած մարդկանց վերաբերմունքը մեդիայի նկատմամբ․ չեն ուզում նկարվեն, չեն ուզում խոսեն, նույնիսկ հեռախոսով նկարահանումները մեղծ ասած չեն ողջունում։

Այնքան լարված են, որ գիտեք՝ ինձ վրա հարձակվել էին ակցիան լուսաբանելուց հետո։

Երևանի և Ստեփանակերտի լրագրությունն այս առումով շատ է տարբերվում։ Հայաստանում լրագրությունը տարիների ընթացքում զարգացել է, սովորական մարդիկ հասկանում են՝ ով է լրագրողը, ինչի համար է լրատվամիջոցը, ավելի բաց են մեդիայի հետ շփման հարցում։ Երբ ընկերներս Հայաստան էին եկել, զարմացել էին Կոռնիձորի լրագրողների քանակից, վարքից։ Մեզ մոտ սովոր չեն, որ միկրաֆոնով ու տեսախցիկով մեկը իրենց փողոցում կանգնեցնի ու հարցեր տա։ Այն էլ հոգեբանական նման պայմաններում, երբ ամաչում են «փախստականի» պիտակից, ամիսներով նորմալ չեն սնվել, չեն հանգստացել, տունն ու տեղն էլ կորցրել են։

Դրա համար բավարարվել եմ իրադարձային նկարահանումներով, պաշտոնյաների, փորձագետների հետ հարցազրույցներով։

Գայանե Գևորգյան, Ազատ Արցախ թերթի լրագրող

Մենք ինքներս փորձում էինք հասկանալ, թե ինչը կարող է օգտագործվել թշնամու կողմից

Հենց ստացանք լուրը, որ Արցախը շրջափակման մեջ է, թերթի տպագրությունը դադարեց։ Մինչ այդ թերթը բավական կայացել էր, սկսել էինք գունավոր տպագրել, բայց ամեն ինչ դադարեցրինք, որովհետև թերթը տպագրվում էր Երևանում, ապա տեղափոխվում Արցախ, իսկ դա այլևս հնարավոր չէր կազմակերպել բլոկադայի պայմաններում։

Այդ ընթացքում մեծացավ օնլայն թերթի՝ կայքի, այցելությունը։ Հոդվածներ էինք գրում բացառապես կայքի համար և մարդիկ հրատապ տեղեկատվությունը կարողանում էին այդ միջոցով ստանալ։ Սա օգնեց նաև խուսափել հնարավոր կրճատումներից, թերթի անձնակազմը սկսեց աշխատել կայքի համար։

Որպես այդպիսին գրաքննություն չկար, մենք ինքներս փորձում էինք հասկանալ, թե ինչը կարող է օգտագործվել թշնամու կողմից, ինչը ոչ։ Օրինակ չէինք գրում ծնելիության, մահացության ցուցանիշների մասին։ Հիմնականում լուսաբանում էինք խնդիրների մասին, որոնք առաջացել էին բլոկադայի հետևանքով, մարդկային պատմություններ էինք ներկայացնում, տնտեսական վիճակին էինք անդրադառնում։

Տիգրանուհի Մարտիրոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *