Երեկվանից հայաստանյան լրատվամիջոցները շրջանառում են Լեռնային Ղարաբաղում վիրավորում ստացած անչափահաս երեխաների լուսանկարները:
Խոսքը մասնավորապես առցանց լրատվամիջոցների մասին է, որոնք նկարները համացանցում հայտնվելուն պես տարածեցին կայքերում ու սոցիալական մեդիայի իրենց հարթակներում:
Այնինչ, երեխաների մասին լուսաբանումները պետք է իրականացվեն՝ միմիայն հաշվի առնելով լուսաբանման էթիկայի կանոններն ու բարոյական նորմերը։ Նման պարագայում նրանց դեմքերը պետք է առնվազն փակված լինեն, որպեսզի ինքնությունն անճանաչելի լինի:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հիշեցնում է, որ այս պատկերների տարածմամբ խախտվում են էթիկական սկզբունքներն ու կանոնները, երեխաների իրավունքները, տուժածների հարազատների անձնական կյանքի սահմանները:
«Պետք է հաշվի առնել երեխայի լավագույն շահը, նրա արժանապատվության նկատմամբ հարգանքը պետք է դնել լրագրողի կողմից երեխայի մասին լուսաբանման հիմքում: Տվյալ պարագայում երեխայի դեմքը ցույց տալը նրա շահից չի բխում: Անչափահաս երեխան չի կարող պաշտպանել իր իրավունքները, հայտնել չնկարվելու ցանկություն ու դեմ լինել տարածմանը: Ուստի նման նկարները պետք է տարածվեն առնվազն դեմքը փակված: Նման լուսանկարները համացանցում կմնան ընդմիշտ ու երեխայի, նրա ծնողների հետագա կյանքում կարող են հոգեկան տրավմա առաջացնել»,- շեշտում է Աշոտ Մելիքյանը:
Քանի որ լուսանկարները լրատվամիջոցներում տարածվել են ԼՂ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից, հետաքրքրվեցինք՝ արդյոք նման պարագայո՞ւմ էլ լրագրողները պետք է փակեն երեխաների դեմքերը:
Աշոտ Մելիքյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ եթե նույնիսկ նկարների սկզբնաղբյուրը օմբուդսմենն է, լրատվամիջոցներն ամեն դեպքում պարտավոր են պահել էթիկայի նորմերը:
«Եթե անգամ Մարդու իրավունքները պաշտպանը սխալվել է, նկարները տարածել է, դա չի ազատում մեդիային պատասխանատվությունից: Լրատվամիջոցները պիտի հասկանան, որ իրենք ցավ են պատճառում թե՛ երեխաներին, թե՛ նրանց ծնողներին ու շրջապատին»,- ընդգծում է մասնագետը:
Մելիքյանն ասում է, որ դեմքը փակված լուսանկարները ոչ պակաս ազդեցիկ են, ուստի պետք չէ դրանով արդարացնել էթիկական նորմերի խախտումները:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը նաև նկատել է, որ առցանց մեդիան էթիկական նորմերին ավելի քիչ է հետևում, քան՝ հեռուստատեսությունը, ուստի զարմանալի չէ, որ երեխաների բաց դեմքով նկարները տարածվել են առավելապես կայքերում:
Երեխաներին վերաբերող հարցերի լուսաբանման հարցերը մանրամասն քննարկված են ՄԻՊ ձեռնարկում։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: