Հայաստանում գովազդի շուկան փոփոխվել է: Խոշոր ընկերությունները, որոնք տարիներ շարունակ գովազդել են իրենց արտադրանքը հեռուստատեսության, արտաքին գովազդի, օնլայն լրատվամիջոցների միջոցով, իրենց բյուջեներում նոր տող են ավելացրել՝ բլոգերներ և ինֆլյուենսերներ:
«Երևան մոլ» առևտրաժամանցային կենտրոնի բիզնեսի զարգացման տնօրեն Շուշան Ավագիմյանն ասում է, որ վերջին տարիների իմպերատիվն է դարձել բիզնեսի համար բլոգերների հետ աշխատանքը, քանի որ «մեդիայի հանդեպ վստահությունը գնալով պակասում է, արդյունավետությունը՝ ևս»:
«Բացի այդ, մեր բիզնես ոլորտի համար, այն է՝ նորաձևություն և զվարճանք, ավելի թիրախային է դարձել կոնկրետ ինֆլյունեսերների լսարանների միջոցով մեր մեսիջը տեղ հասցնելը։ Դե իսկ Ինստագրամն ու Ֆեյսբուքը, որտեղ հնարավոր է բյուջեներ տրամադրելու միջոցով հասնել հստակ թիրախավորված լսարանի, ևս խոսում է այն մասին, որ այդ հարթակները ավելի արդյունավետ են և թիրախավորված»,- բացատրում է Շուշան Ավագիմյանը:
«Փրայմ Քոմերշլ» ցանցային գովազդային գործակալության ղեկավար Սամվել Սահակյանն ասում է, որ գովազդատուների ընդհանուր բյուջեի մեջ բլոգերներին ու ինֆլյուենսերներին արդեն իսկ հատկացվում է գումարի շուրջ 6-7 տոկոսը:
Սահակյանն ասում է, որ այդ գումարը տրամադրվում է մասնավորապես հեռուստատեսությանը տրամադրվող գովազդային բյուջեի հաշվին:
Այնուամենայնիվ, ըստ նրա, հեռուստատեսային գովազդը Հայաստանում մնում է ամենապահանջվածը, խոշոր գովազդատուներն իրենց բյուջեների 50+ տոկոսը հատկացնում են հեռուստատեսային գովազդներին:
Դրա պատճառները մի քանիսն են․
- Հայաստանում հեռուստատեսային գովազդը հստակ չափվում է, աշխատում է միջազգային չափորոշիչներին համապատասխան մոդելով, գովազդատուի համար ավելի տեսանելի են դրա արդյունքները:
- Համացանցի հայկական տիրույթում չի ստեղծվում բավարար չափով մրցակցային կոնտենտ, ուստի բյուջեն տեղաբաշխելիս գովազդատուն գումարի մեծ մասը հատկացնում է հեռուստատեսությանը:
- Երևանի քաղաքապետարանը խստացնում է արտաքին գովազդի շուկան. փողոցային գովազդի քանակը նվազեցվելու է ու միաժամանակ թանկանալու, ինչի հետևանքով գովազդատուն ստիպված է լինելու կրկին դիմել հեռուստատեսությանը:
Սամվել Սահակյանի խոսքով՝ հեռուստատեսային գովազդի ծավալը նախորդ տարիների համեմատ մեծացել է:
«Ռուսական խոշոր ընկերություններ են հայտնվել շուկայում, ինչպես օրինակ «Յանդեքսը», որոնք ակտիվացրել են գովազդային շուկան: Սպասվում է «Օզոնի» մուտքը, որը ևս կակտիվացնի դաշտը: Քանի որ Հայաստանում ռուս ռելոկանտների հաշվին գնողունակության մակարդակը մեծացել է, գովազդային ներդրումների քանակը ևս մեծացել է: Շուրջ 10-15 տոկոսով հեռուսաստեսային գովազդի շուկան ընդլայնվել է»,- մանրամասնում է մասնագետը:
«Յուքոմ» ընկերության գովազդի և հաղորդակցության բաժնի ղեկավար Հասմիկ Մկրտչյանն էլ ասում է, որ իրենց համար ևս գովազդի առաջնային հարթակը հեռուստատեսությունն է:
Մկրտչյանը նշում է, որ գովազդային պլատֆորմաների ընտրությունը կախված է թիրախային լսարանից, տարբեր թիրախային լսարանի հասնելու համար օգտագործվում է տարբեր գովազդային ֆորմատ:
«Հեռուստատեսային գովազդի լսարանն ավելի մեծ է, իսկ թվային գովազդով կարողանում ես ավելի թիրախավորված գովազդ տեղադրել և արագ հասնել այն նեղ լսարանին, որն անհրաժեշտ է այս կամ այն պրոդուկտի կամ ծառայության առաջխաղացման համար»,- հավելում է նա:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: