2023.07.07,

Նյուսրում

Ինտերնետային գովազդների ծավալը Հայաստանում․ որքան գովազդ է տեղադրվում մեդիայում, սոցցանցերում, որոնողական համակարգերում

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Համացանցի հայաստանյան տիրույթում գովազդային շուկան կայուն աճում է։ Չնայած այն հանգամանքին, որ ավելանում են գովազդային հարթակներն ու ֆորմատները՝ օնլայն մեդիայում գովազդներ տեղադրելու պահանջը չի նվազում։

Մասնագետներն ասում են, որ ինֆլյուենսերների, ՏիկՏոկի, Ինստագրամի և այլընտրանքային գովազդային արշավների կարիքն ու պահանջը իսկապես մեծացել է, բայց ոչ օնլայն մեդիայի գովազդների հաշվին։

Թեմայի շուրջ զրուցել ենք Պրոդիջի մարքեթինգային ընկերության հիմնադիր Արսեն Սուլթանյանի հետ։ Նա մեզ տրամադրել է իր հետազոտության արդյունքները վերջին մի քանի տարիներին օնլայն գովազդի շուկայում և մասնավորապես մեդիա դաշտում գովազդների դինամիկայի մասին։

Վերջին 5 տարիներին հայաստանյան ինտերնետային ողջ տիրույթում գովազդի ծավալի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2021 թվականին։ 11 միլիոն 200 000 դոլարի գովազդ է միացվել, որի մեջ ներառված են գովազդները Գուգլ, Յանդեքս որոնողական համակարգերում, Ֆեյսբուքում, լրատվական կայքերում։

2022 թվականին 2021-ի համեմատ 6 տոկոսի նվազում է տեղի ունեցել․ գովազդային բյուջեն կազմել է 10 միլիոն 500 000 դոլար։ Այս գումարից մոտ 1 միլիոն դոլարի գովազդ է տեղադրվել օնլայն մեդիաներում։

Արսեն Սուլթանյանը սա բացատրում է մեդիայում շահումով խաղերի գովազդն արգելող օրենքի ներդրմամբ, որն ուժի մեջ է մտել 2022 թվականին ու արգելում է  շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով։

«2021 թվականին էլ նման մեծ ցուցանիշ գրանցվեց կրկին շահումով խաղերի օնլայն գովազդի շնորհիվ։ Ընկերությունները բոլոր հնարավոր հարթակներն օգտագործում էին բեթինգ գովազդի համար։ Մեդիան ամենապահանջված հարթակն էր ու կրեց ամենամեծ հարվածը։ Օրենքի ներդրումից հետո, բնականաբար, ունենք կտրուկ անկում, բայց նկատենք, որ 2020 թվականի համեմատ, ամեն դեպքում, նվազում չի գրանցվել»,- մանրամասնեց Արսեն Սուլթանյանը։

Սուլթանյանի խոսքով՝ մեդիայում գովազդներ տրամադրվող ամենախոշոր երեք ոլորտներն են՝

🔸Ֆինանսական սեկտոր (բանկեր, payment միջոցներ, հավելվածներ),

🔸Տելեկոմունիկացիաներ, կապի օպերատորներ,

🔸Ռիթեյլ (էլեկտրոտեխնիկայի, շինանյութի խանութներ և այլն):

«Խոշոր ընկերություններն են օնլայն մեդիայի ամենամեծ գովազդատուները։ Փոքր ու միջին բիզնեսը նախընտրում է ավելի նեղ, ավելի թիրախային գովազդ, դրա համար իրենք ընտրում են Ինստագրամը, ինֆլյուենսերներին, Ֆեյսբուքը, իսկ մեծ ընկերությունների համար սա բավարար չէ, նրանք ունեն նաև PR-ի, բրենդինգի խնդիր, որոնք լուծում են մեդիայի օգնությամբ»,- մանրամասնեց Ա․ Սուլթանյանը։

Ըստ նրա՝ օնլայն մեդիայում գովազդի գնի բարձրացման միտումկա, այն տարեցտարի թանկանում է։ «Սա մասամբ պայմանավորված է համացանցից օգտվողների թվի աճով, որն, իհարկե, ազդում է նաև մեդիայի դիտումների վրա,նչպես նաև երկրում արձանագրված գնաճով։ Կան մեդիա ընկերություններ, որոնք նաև որդեգրել են թանկ, բայց քիչ գովազդի սկզբունքը»,- ասաց Արսեն Սուլթանյանը։

Փորձագետն ասաց, որ եթե 2021-ին Հայաստանում համացանցից օգտվողների թիվը 2,204,869 էր, 2023-ին այս թիվն, ըստ կանխատեսման, կհասնի 2,316,508-ի, ինչը կազմում է բնակչության 83 տոկոսը (մանրամասները՝ աղյուսակում):

Հետաքրքրական է՝ Էստոնիան, որն ունի բնակչության ավելի փոքր քանակ, քան Հայաստանը, հետևաբար ավելի քիչ թվով օգտատերեր, քան Հայաստանը, կարողացել է ավելի մեծ բյուջե ուղղել ինտերնետային գովազդին։

Ստորև ներկայացված աղյուսակից պարզ է դառնում, որ 2022 թվականին 1 միլիոն 211,210 օգտատեր ունեցող Էստոնիան 21 միլիոն 300,000 դոլարի գովազդի գումար է ծախսել, ինչը 4,3 անգամ ավելի մեծ է, քան նույն տարվա հայաստանյան գովազդայի բյուջեն։

Հայաստանում մեկ ինտերնետ օգտատիրոջը բաժին է հասնում 4 դոլար, իսկ Էստոնիայի դեպքում՝ 17 դոլար։ Միաժամանակ, Հայաստանում օնլայն գովազդները տնտեսությանը համաչափ են աճում, Էստոնիայում, ի դեպ, նույնպես։

Ըստ աղյուսակի՝ համացանցի գովազդային բյուջեն կազմում է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ 0,6 տոկոսը։

Արսեն Սուլթանյանը նշեց, որ գովազդները հիմնականում տեղադրվում են ոչ միայն կայքում բաներների տեսքով, այլև ռեպորտաժների, հոդվածների ձևով, ունեն ագրեսիվ և պասիվ բնույթ։ Ըստ Սուլթանյանի՝ ընդհանուր համացանցում ներկայումս մեդիան առաջինը կամ երկրորդը չէ գովազդներից ստացված գումարների չափով, բայց, վստահաբար, կարող է հավակնել երրորդ տեղի համար, եթե ավելացնի ջանքերն այս ուղղությամբ։

Դրա համար վերջինս հայաստանյան օնլայն մեդիաներին խորհուրդ է տալիս՝

🔹Ներգրավվել գովազդային մասնագետների՝ մոնետիզացիա իրականացնելու համար,

🔹Ավանդական գովազդային ֆորմատներից բացի առաջարկել նոր հարթակներ, օրինակ՝ գովազդ Տելեգրամում, ՏիկՏոկում, Ինստագրամում,

🔹Օգտվել թաքնված գովազդների հնարքներից՝ մեծացնելով գովազդի արդյունավետությունը,

🔹Աշխատել մարքեթինգային, գովազդային ընկերությունների հետ ավելի լավ հասկանալու համար, թե ինչ պահանջներ ունի գովազդատուն ու դրան համապատասխան ռազմավարություն ու առաջարկներ ներկայացնեն,

🔹Ի վերջո, մեդիան դիտարկել՝ որպես բիզնես։

Արսեն Սուլթանյանը վստահեցրեց, որ ներկայացված ցուցանիշների ճշգրտությունը բավական բարձր է․ իրենք դիմել են Պետական եկամուտների կոմիտե ու ստացել թվեր, թե որքան են Ֆեյսբուքն ու Գուգլը գովազդներից հարկված գումարներ փոխանցել։ Տեղեկությունը ստանալուց հետո դրան գումարել են նաև լրավամիջոցներում գովազդի բյուջեներն ու խոշոր  ընկերությունների բյուջեները, որոնք հանդիսանում են ԱԱՀ վճարողներ, ու հարկերը վճարում են պետությանը, ոչ թե Ֆեյսբուքին կամ Գուգլին։

Տիգրանուհի Մարտիրոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *