Հեռուստասեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների ցանկը: Մասնակցության հայտ է ներկայացրել 2 հեռուստաընկերություն՝ «Հուսաբեր» ՓԲԸ («Երկիր մեդիա հեռուստաընկերություն») և «Վիվառո մեդիա» ՍՊԸ-ն: 

Հանձնաժողվի որոշմամբ՝ 2 հեռուստաընկերություններն էլ 2023 թվականի օգոստոսի 2-ին պետք է հրապարակեն իրենց հայտերն ու կից փաստաթղթերը:  

Այս մրցույթի անհրաժեշտությունն առաջացել էր 2022 թվականին, երբ ՀՌՀ-ն հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի անցկացման ժամանակ սլոթերի քանակը 5-ի փոխարեն սահմանել էր 4, քանի որ դատարանի վճռով մեկ սլոթի մրցույթը սառեցված էր։ 

Արդյունքում, 2023-ի հունվարի 21-ից դադարեցվել էր Երկիր Մեդիա հեռուսաընկերության հանրապետական հեռարձակումը: Հինգերորդ սլոթը, որը, կարող էր զբաղեցնել Երկիր Մեդիան, վիճարկվում էր դատարանում։

2023-ի մարտին «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի  փոփոխության արդյունքում Երկիր Մեդիային հինգ  ամսվա վերգետնյա հեռարձակման դադարեցումից հետո հունիսի 30-ին  վերադարձավ հանրապետական եթեր։

Արդեն աշնանը պարզ կդառնա, թե երկու հեռուստաընկերություններից, որը կստանա հանրապետական սփռման իրավունք:

Մարիաննա Դանիելյան