«Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմը հայկական արտադրության այն աշխատանքն է, որը կարող է երկար ու հաջողակ կյանք ունենալ։ Ֆիլմը ներկայացնելու է Հայաստանը 2022-ի Օսկար մրցանակաբաշխությանը։ Եվ շուտով ցուցադրվելու է Հայաստանի կինոթատրոններում։
Հաջողության հիմքը պատմական նյութն է և դրա հետ աշխատելու նրբանկատ մոտեցումը։
Հայտնի է, որ Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանի կյանքը լի է անհավանական պտույտներով ու կարելի է ասել, որ հենց նրա շնորհիվ է անհատական ողբերգությունը դարձել քաղաքակրթական լուրջ հարցադրում։
Օրինակ, թե ինչ կարող է անել ցեղասպանություն վերապրած, սարսափներ տեսած, գերության մեջ հայտնված ու խոշտանգված աղջիկը, երբ հայտնվում է Ամերիկայում։ Եվ ինչպես կարելի է շարունակել ապրել ու վկայություններ հասցնել որքան կարելի է շատ մարդկանց՝ տարբեր մայրցամաքներում։ Այդ ամենի հետ մեկտեղ՝ փորձելով չխելագարվել։
Ավրորայի կերպարը ինքնին այնքան դրամատիկ, որ առաջին հայացքից նույնիսկ թվում է աներևակայելի։ Եվ նրա մասին ցանկացած անդրադարձ, հատկապես ֆիլմ, նախևառաջ բախվել է ու պիտի բախվի այն խնդրին, թե ինչպես պատմել, որ չլինի ծայրահեղ հուզիչ ու ծայրահեղ պատմողական։
Ի վերջո, եղեռնի կադրերի ու դեռատի աղջկա մասնակցությամբ արյունալի տեսարանների բեմադրումը կարող է ունենալ հակառակ էֆեկտը. ակամայից ուռճացնել փաստերը, ի վերջո, դրանով խեղդել իրականությունն ու անել պարզ սպեկուլյացիա։ Մենք նման դեպքեր մեր կինոյիում շատ ենք տեսել։
Եվ այդ անհաջող փորձը հաստատ հաշվի են առել «Բարս մեդիա» ընկերությունը և ռեժիսոր Իննա Սահակյանը, որոնք ընտրել են լավագույն ճանապարհը՝ թողել են, որ փաստերն ինքնին խոսեն, իսկ անիմացիան որպես լեզու ապահովել է այն անհրաժեշտ հեռավորությունը փաստից, որը թույլ է տալիս մեղմել հույզերի հոսքը։
Ի վերջո, նկարվածը չունի հավակնություն լինելու փաստ, այն միայն ակնարկում է, և դա է պատկերապատման ու անիմացիոն ֆիլմերի ուժը։
«Ավրորայի լուսաբացը» կառուցվել է երեք հիմնական մեդիա գործիքներով (լեզուներով)՝ փաստագրական հարցազրույց, Ավրորա Մարտիկանյանի մասնակցությամբ հոլիվուդյան ֆիլմի պահպանված պատառիկներ ու բուն անիմացիա, որը լրացրել է պատմության պակասն ու հեղինակներին տվել ստեղծագործական ազատություն։
Ֆիլմը երկար է նախապատրաստվել, ավելի քան յոթ տարի։ Սկզբից հետազոտական աշխատանք էր՝ Զորյան ինստիտուտի բանավոր վկայությունների արխիվում, որտեղ հավաքագրվել են եղեռն վերապրած մարդկանց հուշերն ու վկայությունները։ Այդտեղ Իննա Սահակյանը գտել է Ավրորա Մարտիկանյանի հարցազրույցը, որտեղ 80-ամյա Ավրորան պատմում է իր հուշերը։
Հուշերն, իհարկե, անկայուն նյութ են (չպետք է մոռանանք, որ մարդիկ ստիպված են շատ բան մոռանալ, որ բառիս բուն իմաստով՝ շարունակեն շնչել, այլ ոչ թե շնչահեղձ լինեն), բայց հենց դրանում է անհատական հուշերի հմայքը։ Մարդը հիշում է այն, ինչը չի կարող մոռանալ։
Եվ «Ավրորայի լուսաբացն» իր սյուժեն կառուցում է հուշերի նման։ Ավրորա Մարտիկանյանն առաջին դեմքով է պատմում իր կյանքը։ Սկսած երջանիկ մանկությունից (հենարան հուշից, որը կրկներգի նման օգնում է պահպանել կյանքի բալանսը), կոտորածից, թուրքական հարեմում կյանքից, փրկությունից, ամերիկացի լրագրողի հետ հանդիպումից, վերջացրած Հոլիվուդի աստղ դառնալու ու հետո այդ աստղի կարգավիճակից հրաժարվելու որոշումից։
Պաթոս ու առավել ընդգծված հուզական երանգ չկա նաև Ավրորայի տեքստը կարդացող դերասանի կատարման մեջ։ Եվ հենց զուսպ ու գեղեցիկ հայերենն է օգնում ներթափանցել հերոսուհու կյանքի մեջ։
Ընդ որում՝ այդ կյանքը էկրանին հայտնվել է դեռևս 1919-ին, երբ Հոլիվուդի արշալույսին ու ծաղկունքին դեռ կար ժամանակ։ Ավրորան դարձավ հեղինակ ու ինքն էլ կատարեց գլխավոր դերը «Հոգիների աճուրդ» (Auction of Souls) գեղարվեստական համր ֆիլմում, որից պահպանվել է ընդամենը 18 րոպե։ Եվ այդ րոպեները «Ավրորայի լուսաբացում» միահյուսվել են անիմացիայի հետ։
Ավրորան նայում է էկրանին, թե ինչպես է ցուցադրվում իր և իր միջոցով հայերի ողբերգությունը՝ եղեռնից ընդամենը մի քանի տարի անց։ Այդ կինոհնարքը թույլ է տալիս ֆիլմում՝ ֆիլմ ցուցադրել և չկորցնել սյուժեն։
Ֆիլմի հեղինակները շատ մեծ աշխատանք են արել՝ կառուցելով ժամանակը թե՛ Ավրորայի հայրենի գյուղում, թե՛ ԱՄՆ-ում։ Օրինակ, տեսնում ենք, թե ինչպես են հոդվածներ գրվում Ավրորայի կյանքի մասին, ինչ տեսք ունեին թերթերի շապիկները ու ինչպես էին այդ բոլոր նյութերը 1918-ին վերածվում «Հոշոտված Հայաստան» («Ravished Armenia») գրքի։ Եվ սկիզբ դնում հսկայածավալ բարեգործական արշավի։
Ինչպես է զանգվածային մեդիան հարձակվում նոր աստղի վրա ու ինչ գին է դա ունենում անհատապես Ավրորայի հոգեկան անդորրի վրա։
Հետաքրքիր է, որ ֆիլմի պատկերապատումները (հենց անիմացիան) արվել են նախապես նկարահանված տեսանյութերից կամ լուսանկարներից։ Հերոսները սկզբից իրական էին, հետո էին դառնում պատկեր։
Այդ հնարքը օգնում է պահպանել շարժումների բնականությունը ու թույլ չի տալիս շատ սուզվել ստեղծագործելու հորձանուտները։ Այսինքն, խոսք չի եղել նորարար ու էքսպերիմենտալ քայլեր անել, այլ ընդհակառակը՝ նպատակ է եղել անելու դասական ոճի գործ։
Իհարկե, անիմադոկ ժանրը շատ ակտուալ է ու կարևոր հատկապես զգայուն թեմաների դեպքում և երբ պակասում է բուն վավերագրական նյութը, բայց այս ֆիլմի դեպքում նորարարության կարիքն էլ չկար։
Մենք դեռ այսքան բարձր որակի ու տրամաբանական կառուցվածքով ֆիլմեր չենք ունեցել։ Եվ հենց առաջինն արդեն դասական է։
Ինչ խոսք, եթե չլիներ բավականին ուժեղ միջազգային համարտադրությունը (Լիտվայի, Գերմանիայի հետ), դժվար թե «Ավրորայի լուսաբացը» կայանար այս մակարդակով ու այս ժամկետում։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Աննեսիի անիմացիոն փառատոնում, հետո «Ոսկե ծիրանում», որտեղ ստացել է արծաթե ծիրան՝ միջազգային մրցույթում։ Հիմա ֆիլմը փառատոնային ակտիվ փուլում է ու զուգահեռ ցուցադրվում է Հայաստանում։
Ավրորա Մարտիկանյանի պատմությունը բռնությամբ լի այսօրվա իրականության մեջ նորովի է արձագանքում։ Երիտասարդ աղջիկը հարյուր տարի առաջ կարողացել է դիմակայել ու պատմել ավելի արագ ու ավելի ճիշտ, քան դա արել են քաղաքական գործիչները, դիվանագետները ու տարբեր երկրների ինստիտուտները։ Նա դարձել է սիմվոլ։
Իսկ լավ ներկայացված սիմվոլները ընկալելի են բոլորի համար։ Սիմվոլները նոր բան չեն ասում, հիշեցնում են կարևորի մասին․ թե որքան թանկ ու փխրուն է կյանքը։
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: