2022.09.14,

Նյուսրում

ՏիկՏոկը Հայաստանում ռազմական գործողությունների ժամանակ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Սեպտեմբերի 12-ին, լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինուժը ժամը 00:05-ից ռազմական գործողություններ է սկսել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ, թիրախավորել մարտական դիրքեր և քաղաքացիական օբյեկտներ։ Նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում սոցցանցերում տեղեկություն տարածվեց, որՏիկՏոկը որոշ օգտատերերի մոտ անհասնելի է դարձել։ 

Մարդիկ գրում էին, որ ՏիկՏոկն արգելափակել են բջջային օպերատորները՝ հասանելի մնալով կաբելային ինտերնետով։ Սոցցանցի մասնակի արգելափակման թեմայով օգտատերերը տարբեր տեսակետներ են հայտնել, հիմնականում՝ դրական։ 

«Հայաստանում չկա օրենք սոցցանցերի սահմանափակումների մասին, և այդ ամենն արվում է ներքին կարգով։ Հստակ գործառույթ չկա, և հավանաբար դա տեղի է ունենում պետության խնդրանքհորդորով»- FIP – Փաստերի ստուգման հարթակի հետ զրույցում ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարսիրոսյանը։ 

Մարտական գործողությունների ժամանակ որպես կանոն ապատեղեկատվության ծավալը մեծանում է։ Հիմնականում ադրբեջանական կողմից շրջանառության մեջ են դրվում հին տեսանյութեր՝ փորձելով Հայաստանում խորացնել խուճապն ու տագնապը։ 

ՏիկՏոկն արգելափակել են նաև, որպեսզի նոր տեսանյութերը հայկական կողմի համար անվտանգության խնդիրներ չստեղծեն։ 

Տեղեկատվական անվտանգության մասնագետ, CyberHUB-ի համահիմնադիր Արթուր Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իրենց չափումները ցույց են տվել՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ ՏիկՏոկը մասնակիորեն է արգելափակված Հայաստանում: 

Ցանցն արգելափակվել է նաև Ադրբեջանում այն հիմնավորմամբ, որ հարթակում սևացնում են ադրբեջանական բանակի հաջողությունները, հրապարակում ռազմական գաղտնիք և ձևավորում սխալ հանրային կարծիք։ 

ՏիկՏոկը 44-օրյա պատերազմի ժամանակ 

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ևս ՏիկՏոկը ուշադրության կենտրոնում էր։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ խնդրելով, որ պատերազմի օրերին ծնողները երեխաներին հեռու պահեն սոցցանցերից՝ հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության կանոնները: 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խնդրել էր ցուցաբերել զգուշավորություն և լարված օրերին չօգտվել հատկապես ՏիկՏոկից: 

Վարչապետին կից գործող «Տեղեկատվության կենտրոն»-ի ղեկավարն էլ հորդորեց երիտասարդներին ինֆորմացիոն պատերազմի մեջ ներառել ՏիկՏոկն ու ակտիվանալ այդ ցանցում: 

ՏիկՏոկի հայկական հատվածում ակտիվ է Armenian House խումբը, որտեղ հավաքված են հիմնականում դեռահասներ: 2020-ի հայ-ադրբեջանական պատերազմի օրերին նաև ստեղծվեց հատուկ խումբ, որը փորձում էր թարգմանել ու գրավիչ և մատչելի լեզվով տարածել Հայաստանի պաշտոնական տեսակետը և չոր տեղեկատվությունը: Նաև անգլերեն բովանդակության պահանջ կար:  

Վիդեոբլոգեր Ագնես Խերանյանը Media.am-ի հետ զրույցում ասել էր, որ 44-օրյա  պատերազմի օրերին ցանցը հայ տիկտոկցիները լցրել էին հուզական ու վտանգավոր բովանդակությամբ: 

«Պատերազմն առիթ էր, որից սկսեցին օգտվել շատերը ու տեղադրել այնպիսի վիդեոներ, որոնք վտանգավոր էր տարածել պատերազմի ժամանակ: Եղավ կարիք ավելի ստուգված ու ճիշտ ինֆորմացիա գեներացնելու: Հիմա երբ հայ տիկտոկցիները վիդեո են տեղադրում, ադրբեջանցիները լցվում են՝ մեկնաբանելու: Եվ որքան շատ են գրում և որքան ակտիվ են նրանք մեր վիդեոների տակ, այնքան ավելի շատ են այդ վիդեոները տարածվում: Եվ նույնն էլ աշխատում է հակառակ դեպքում»,- ասում էր Ագնեսը: 

Սամվել Մարտիրոսյանը ՏիկՏոկն ակտիվացնելու (ու նաև զտելու) փորձը կարևոր էր համարել, քանի որ «ադրբեջանցիները ինչ ասես լցնում են ու ալգորիթմն այնպես է աշխատում, որ դա հիմնականում մենք ենք տեսնում: Ասենք, դիակներ, արյուն…»: 

«Մեր տիկտոկցիներից շատերն արդեն տեղադրել էին տեսանյութեր, որտեղ երևում էր մեր պահեստային զորքերի, զինտեխնիկայի շարժը: Եվ Ադրբեջանը բավականին շատ տեղեկություն էր այդպես ստանում: Բայց այդ պահին պետք էր կանգնեցնել անկառավարելի ու վտանգավոր բովանդակության տարածումը»,- ասում էր նա՝ իրավիճակը քննարկելով 44-օրյա պատերազմի համատեքստում: 

Թե ինչքանով է երեկվանից սկսած նոր մարտական իրադրությունում ցանցի մասնակի արգելափակումը արդյունավետ, չարժե անգամ քննարկել, որովհետև արդեն երկու օր է՝ երկիրը տեղեկատվական վակուումի մեջ է։ Մարդիկ տեղյակ են միայն հարձակման տակ գտնվող բնակավայրերի ուղղությունների մասին, ԱԺ-ի ոչինչ չասող նիստերի և անորոշության մասին։ 

Գայանե Ասրյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *