2022.09.06,

Նյուսրում

Հանրային մուլտիպլեքսում հեռարձակողները միահամուռ մտահոգ էին  

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հանրային հեռուստաընկերության մաս կազմող «Առաջինի լրատվական»-ը դատարանի պահանջով հեռուստաեթերում չէր մոտ ամիս, սկսած՝ 2022-ի օգոստոսի 1-ից։ Հետո նորից վերադարձավ եթեր։  

Ու թեև դատարանի որոշումը չեղյալ չի հայտարարվել, սակայն հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող այլ հեռուսատընկերությունների ու ՀՌՀ-ի համատեղ որոշմամբ՝ այդ հեռարձակողը կրկին եթերում է։ 

Նախապատմությունը սա է. «Հայկական Երկրորդ հեռուստաալիքը»՝ հ2-ը, որը զրկվել էր լիցենցիայից ու մուլտիպլեքսի սլոթից՝ մի քանի մրցույթների ժամանակ իր հավաքած վարկանիշային միավորներով զիջելով այլ մրցակիցների, դիմել էր դատարան, որն էլ անվավեր էր ճանաչել մրցույթի արդյունքները, պարտավորեցրել ՀՌՀ-ին անցկացնել նոր մրցույթ, իսկ նախորդ մրցույթի հաղթողին՝ «Առաջինի լրատվական»-ին, զրկել վերգետնյա հեռարձակման իրավունքից՝ մինչ նոր մրցույթ։ 

Այս իրավաբանական կծիկը ծագել էր օրենքների տարատեսակ հակասություններից ու ստեղծել նախադեպ, երբ դատարանի մեկ որոշումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել մեդիա դաշտում։  

Եվ պետությունը չի կարողանում իր իսկ գրած խաղի կանոնների (լավ, թե վատ, դա այլ հարց է) համաձայն՝ երաշխավորել մրցույթների վավերականությունը։  

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը՝ թվարկելով լիզենցիայի դադարեցման հիմքերը, չի ներառում կետ, որով կարելի է դադարեցնել մրցույթը հաղթած հեռուստաընկերությունների հեռարձակումը, քանի դեռ նոր մրցույթ չի եղել։ 

Հարց էր առաջացել, թե որքանով է օրենքը պաշտպանում հեռուստաընկերությունների իրավունքները և, ի վերջո, ինչ կարող են անել հենց հեռարձակողները, եթե հանկարծ իրենց էլ պարտավորեցնեն դադարեցնել հեռարձակումը։ Իսկ եթե վարչական դատարանի որոշումը շարունակվի համարվել առաջնահերթ, ապա ոչ միայն «Առաջինի լրատվական»-ը, այլև նախորդ մրցույթը շահած մնացած հեռարձակողները ևս պետք է եթերից դուրս մնան։  

Այդ դեպքում, Հայաստանի հանրային մուլտիպլեքսը գրեթե մերկ կմնա (առավելևս, որ Ռուսաստանի դաշնային քարոզչական հեռուստաընկերությունները ևս մեր մուլտիպլեքսում են, բայց նրանց եթերի կասեցման մասին խոսք չկա)։ 

Ինչպես պարզ դարձավ, հեռարձակողները առաջին հերթին պետք է միավորվեն և փորձեն տեր կանգնել իրենց համատեղ շահին։ 

Սա թերևս եզակի դեպքերից է, երբ հանրային մուլտիպլեքսի սլոթ ստացած հեռուստաընկերությունները, որոնք տարբեր քաղաքական, տեխնիկական ու ֆինանսական հենարաններ ունեն, միավորվեցին ու գրեցին նամակ ՀՌՀ-ին։ Այդ թվում հարցնելով, թե ինչպես են եթերազրկման ու աշխատակիցների կրճատման դեպքում փոխահատուցվելու իրենց ֆինանսական կորուստները։ Ինչպես են կատարելու հարկային, վարկային, գովազդային պարտականությունները 

Այս նամակի գեղեցկությունը ստորագրություններն են։  

Ստորագրել են հանրային մուլտիպլեքսով համապետական ու մայրաքաղաքային սփռում ունեցող հիմնական ու շատ տարբեր հեռուստաընկերությունների՝ «Արմենիա Թիվի», «Երկիր մեդիա», «Շանթ», «Ա-Թիվի», «Կենտրոն Թիվի», «5-րդ ալիք», «Դար 21» «Նուռ Թիվի», «Նոր Հայաստան» ու Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենները։ 

Ստացվեց այնպես, որ հենց նամակը ստորագրողները խնդրեցին վերգետնյա եթեր վերադարձնել «Առաջինի լրատվական»-ին։ 

ՀՌՀ-ն էլ եզրակացրեց, որ այդպես պետք է լինի։ Որ եթերը չի կասեցվի, մինչ նոր մրցույթի ամփոփումը։  ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը այս իրավիճակը բացատրում է օրենքի բացերով ու լուսանցքներով։ Եվ ասում, որ եթե կան օրենքների տարընթերցումներ, ապա դրանք մեկնաբանվում են հօգուտ հեռուստաընկերությունների։ 

Իսկ նման հախուռն եթերազրկումները կարող են լինել վտանգավոր Հայաստանի տեղեկատվական անվտանգության տեսակետից։ 

Այս պատմությունը լավ առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու Հայաստանի հանրային մուլտիպլեքսում անվճար հեռարձակվող օտարերկրյա հեռուստաընկերությունների գործոնին։ Ի վերջո, դրանք զբաղեցնում են այդքան թանկ ու սահմանափակ սլոթերը, որոնց համար հայաստանցի հեռարձակողները կռիվ են տալիս դատարաններում, բաց նամակներով ու սեփական մեդիա ռեսուրսները օգտագործելով։  

Համենայնդեպս, Հայաստանի հանրային մուլտիպլեքսում տեղ գտած երկու ռուսաստանյան հեռարձակողներ անգամ մրցույթի չեն մասնակցել, չեն մասնակցում ու չեն մասնակցելու։ Նրանք արդեն հաղթող են։ 

Նունե Հախվերդյան 

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *