2022.03.22,

Նյուսրում

Երևանում Ռուսաստանին աջակցող և հակապատերազմական ակցիաների լուսաբանումը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Մարտի 19-ին և 20-ին Երևանում ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով մի քանի ակցիա տեղի ունեցավ։ Հեռարձակվող եթերի ու առցանց մեդիայի պարզ մոնիտորինգը ցույց է տալիս, որ հայաստանյան մեդիան Ռուսաստանին աջակցող ակցիան ավելի լայն է լուսաբանվել, քան Ուկրաինայի հետ համերաշխության հավաքները։

Մարտի 19-ի ակցիան ի աջակցություն Ռուսաստանի էր՝ ֆաշիզմի դեմ տարվող պայքարի լոզունգներով։ Մասնակիցները թմբուկներով, Ռուսաստանի և Հայաստանի դրոշներով, Ուկրաինայում իրականացվող ռուսական գործողության «Z» և «V» խորհրդանիշներով պաստառներով հավաքվել էին Շահումյանի արձանի մոտ, որտեղից քայլերթով շարժվեցին դեպի Ռուսաստանի դեսպանատուն։

Ուկրաինային սատարող և ընդդեմ պատերազմի երկու ակցիաներ են եղել մարտի 20-ին: Մեկը հիմնականում այս օրերին Երևանում հաստատված օտարերկացիների մասնակցությամբ էր՝ «Ո՛չ պատերազմին» վանկարկումներով և հակապատերազմական «Պուտի՛ն, դադարեցրո՛ւ պատերազմը», «Ո՛չ պատերազմին», «Պատերազմը վտանգավոր է առողջությանը», «Մարդիկ կարևոր են գաղափարներից», «Փառք Ուկրաինային», «Ընդդիմացի՛ր պատերազմին»  և այլ պաստառներով։ Ակցիայի  մասնակիցները քայլել են Երևանի կենտրոնական փողոցներում և վերջում վանկարկել «Շնորհակալություն»։

Մյուս ակցիան տեղի է ունեցել Տարաս Շևչենկոյի արձանի մոտ Հայաստանի ուկրաինական համայնքի, հասարակական և քաղաքական ուժերի ներկայացուցիչների նախաձեռնությամբ։ Հավաքվածներն իրենց համերաշխություն են հայտնել Ուկրաինայի ժողովրդին՝  «Ուկրաինայի կողքին ենք», «Մեր և Ձեր ազատության համար», «Դադարեցնել պատերազմը» և այլ գրություններով:

Երկու օրերի ակցիաները աչքի չեն ընկել ակտիվությամբ, մեծ թվով մարդկանց ներգրավվածությամբ։ 

Հեռուստաալիքները անտեսում են Ուկրաինային համերաշխություն հայտնող ակցիան, ոչ բոլորն են լուսաբանում «Z»-երով հավաքը 

Ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի հեռարձակվող եթերում լուսաբանվում է հիմնականում միջազգային լրահոսով, գերակշռում է ռուսական աղբյուրների կիրառությունը։ 

Ո՛չ պատերազմին կամ ի աջակցություն Ուկրաինայի ակցիայի մասին ռեպորտաժ կամ անդրադարձ հեռուսաեթերում չի եղել, միայն Կենտրոն հեռուստաընկերություն է լուրերի բաժնում՝ լրահոսում օգտագործել Factor TV-ի ուղիղ միացումից մի փոքր մաս։

Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին աջակցող հանրահավաքը լուսաբանել է 5-րդ ալիքը, Արմենիա և Հ2 հեռուստաընկերությունները։ Եթե Հ2 հեռուստաալիքն իրադարձությունը հեռարձակել է ուղիղ եթերում, ապա Արմենիան և 5-րդ ալիքը ռեպորտաժներ են պատրաստել՝ օգտագործելով կազմակերպիչների խոսքը, լրագրողական ձևակերպումներ տալով հիմնական մտքերին։ Նրանք զրուցել են ակցիայի մասնակիցների հետ, շեշտադրել նրանց ցանկությունները՝ բարեկամություն Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ։

Հ2 հեռուստաալիքը թեման շարունակել է հանրահավաքի կազմակերպիչներից Հայկ Բաբուխանյանի հետ լրագրող Շավարշ Գևորգյանի հետ զրույցի ֆորմատում։ Ռեպորտաժներում նաև շեշտադրվում էր, որ նման ակցիաները շարունակական են լինելու՝ շաբաթը մեկ անգամ։

Հանրային հեռուստաընկերությունը, Կենտրոնը, Երկիր մեդիան, Շանթը, Ֆրինյուզը, Նոր Հայաստանը այս ակցիաներից ոչ մեկին չեն անդրադարձել։

Առցանց լրատվամիջոցներում ակցիաները լուսաբանվել են ուղիղ, Ռուսաստանին աջակցողը՝ ավելի մեծ ծավալով

Ընթացող պատերազմում Ուկրաինային աջակցող երկու ակցիաներից միայն մեկն է ուղիղ եթերում լուսաբանվել։ Երևանի փողոցներում քայլերթի լուսաբանում ապահովել է Factor TV-ին, որի ուղիղ եթերից օգտվել են ակցիային անդրադարձած որոշ կայքեր։ Տեսանյութ և ֆոտոշարք է պատրաստել նաև epress.am-ը։

Ա1+-ը հավասարապես պատմել է ի աջակցություն Ռուսաստանի և Ուկրաինայի հետ համերաշխության ակցիաների մասին։

Factor TV-ի ուղիղ հեռարձակումից օգտվել են mamul.am-ը, Կենտրոն հեռուստաընկերության լուրերի կայքը, իսկ newsleader.am-ը, InfoPort.am-ը հիմնականում ֆոտոներով ներկայացրել են մյուս հակապատերազմական ակցիան, որը տեղի է ունեցել Տարաս Շևչենկոյի արձանի մոտ՝ ի համերաշխություն ուկրաինացի ժողովրդի։

Ռուսաստանին աջակցող երթը ևս լուսաբանվել է հիմնականում ուղիղ միացմամբ։ Միջոցառումն ամբողջական եթեր է հեռարձակել 24News.am-ը, որից օգտվել են առցանց այլ լրատվամիջոցներ՝ Ա1+-ը, Shabat.am-ը, armpublic.com-ը և այլն։

Ամբողջական լուսաբանում ապահովել են նաև ParaTV-ին, Arm Daily-ին, Yerevan Today-ը, Yerkir.am-ը, lurer.com-ը, Իրավունքը:

Առավոտի և Հրապարակի կայքերում ռուսական ակցիան լուսաբանվել է սեփական լրագրողական աչքով՝ տեքստով և ֆոտոշարքով, ընդ որում, Առավոտը օգտագործել է հատուկ գործողություն բնութագրումը։ Այս ակցիայի մասին առանձին նյութ է գրել նաև Infoport.am-ը։

Թեմային մի փոքր ավելի մանրամասն անդրադարձել է տարածաշրջանային JamNews.net հարթակը՝ նշելով, որ ակցիա է անցկացվել ի աջակցություն Ռուսաստանի, որին մասնակցել են հասարակությունում ոչ մեծ աջակցություն ունեցող ռուսամետ քաղաքական գործիչներ «այստեղ այն առանձնապես ուշադրություն չի գրավել, սակայն այն հետաքրքրություն է առաջացրել երկրի սահմաններից դուրս»։

Տեսանյութեր և լուսանկարներ՝ առանց լրագրողական մեկնաբանման

Ռուսաստանին և Ուկրաինային աջակցող այս ակցիաները հիմնականում լրագրողական մեկնաբանություն չեն ունեցել՝ կամ ուղիղ միացմամբ են լուսաբանվել, կամ լավագույն դեպքում ակցիային մասնակցող մի քանի հոգու խոսք է մեջբերվել։

Հետագայում թեման չի զարգացել, այլ մասնագետների կամ քաղաքական կերպարների կողմից չի մեկնաբանվել։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *