2022.03.18,

Նյուսրում

Երբ քաղաքացիական ակցիա են անում լրագրողները

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Վերջին տասնամյակում հայաստանյան լրագրության պատմության մեջ լրագրողների կողմից իրականացված ամենահիշարժան քաղաքացիական ակցիան եղել է 2013թ-ին։ 

Լրագրողներ Հակոբ Կարապետյանը, Գրիշա Բալասանյանը, Աննա Եղիազարյանը, ներկայումս պատգամավոր Սարգիս Խանդանյանը Ազգային ժողովի նիստերի դահլիճում պաստառներով իրենց բողոքն արտահայտեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված «գազային» համաձայնագրի քվեարկության ժամանակ։ Նրանք ուզում էին, որպեսզի համաձայնագիրը չվավերացվի։

Լրագրողների քաղաքացիական ակցիաներ անելու թեման ակտուալ դարձավ օրեր առաջ ռուսական Առաջին ալիքով ուղիղ եթերով հեռարձակվող «Վրեմյա» լրատվական ծրագրի ընթացքում «Ո՛չ պատերազմին» գրությամբ խմբագիր Մարինա Օվսյաննիկովայի ակցիայից հետո։ Հակապատերազմական կարգախոսներ վանկարկելով նա ցույց տվեց իր վերաբերմունքը ռուս-ուկրաինական ընթացող պատերազմին:

Հակոբ Կարապետյան, լրագրող, Փաստերի ստուգման հարթակի (FIP) գլխավոր խմբագիր 

Հակոբը տարիների հեռավորությունից դիտարկելով իրենց ակցիան ասում է, որ նմանատիպ ակցիաներին իր վերաբերմունքը միանշանակ չէ։

Նրա խոսքով, լրագրողը մարդ է, ով ունի իր քաղաքացիական հայացքները, ընթացիկ զարգացումներին իր վերաբերմունքը, բայց դրանք արտահայտելու համար նա կաշկանդված է իր մասնագիտական պարտականություններով։ Եվ այդ պարտավորությունները ստիպում են նրան լինել չեզոք, աշխատել լսարանին բազմակողմանի և անաչառ տեղեկատվություն հասցնել։

«Տարբեր ակցիաների լրագրողների մասնակցության դաշտը նեղ է, որովհետև եթե անգամ դրանք չես լուսաբանելու, պարզապես ներկա ես դրանց, քո վրա ունես լրագրող լինելու «բեռը»»,-ասում է Հակոբը։

Օվսյաննիկովայի քաղաքական ակցիան լրագրողի դիտարկմամբ թեև խաղաղասիրական էր, սակայն դա լրագրողական էթիկայի տեսանկյունից միգուցե արդարացված լիներ, եթե այդ քայլին գնալուց առաջ նա աշխատանքից ազատվելու դիմում գրեր «Մյուս կողմից էլ նա պատերազմով անհանգստացած քաղաքացի է, ով ազդեցիկ դարձրեց իր ուղերձը և բովանդակությունն ավելի լայն զանգվածների  հասցրեց»։ 

Իրենց ակցիան հիշելով՝ ասում է, այն մեծ աղմուկ բարձրացրեց, լուսաբանվեց, մինչև այսօր էլ հիշվում է, սակայն չի կարող այդ ակցիան միանշանակ արդարացված համարել։ Թեև այդ օրը իրենք՝ ակցիային մասնակցող լրագրողներով, որոշել էին չլուսաբանել ԱԺ իրադարձությունները։

Գևորգ Թոսունյան, լրագրող, ՍիվիլՆեթ

Գևորգը լրագրողների կողմից արվող քաղաքացիական ակցիաները խնդիրների լուծման արդյունավետ ճանապարհ չի համարում։ 

Նա իր սոցցանցային էջում երբեմն նաև քաղաքական գրառումներ է անում, որոնք հնարավոր է էմոցիոնալ լինեն, բայց աշխատում է ակնհայտ քաղաքական դիրքորոշում չունենալ, այս կամ այն քաղաքական ուժի հետևից չգնալ։

Կարծում է՝ ակցիաները արդյունավետ չեն կարող լինել, քանի որ լրագրողներն ամենաօրյա աշխատանքով, իրենց ստեղծած բովանդակությամբ շատ ավելի լավ կարող են պայքարել իրավունքների և անարդարությունների դեմ։

«Իհարե կարևոր է նաև հասկանալ ինչ պայմաններում է լրագրողը քաղաքական ակցիա իրականացնում։ Օրինակ վերջին դեպքը Օվսյաննիկովայի ակցիայի հետ կապված ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև նա չէր կարող իր աշխատանքով արդյունքի հասնել, ընտրել փորձագետ, ով կարող է համարձակ խոսել։ Նա իր մտքերն արտահայտելու ելքը այդպես է գտել»,-ասում է նա։

Ռուսաստանում պետական լրատվամիջոցներում աշխատող լրագրող, նրա խոսքով, զրված է ազատությունից, որևէ ձևով իրողությունները գնահատելու հնարավորությունից, իսկ մենք Հայաստանում կարող ենք օգտագործել մեր սոցցանցային էջերը, ընտրել փորձագետի կամ ռեպորտաժը կառուցել այնպես, որ զգացվի մեր վերաբերմունքը։

Գևորգը պատմում է, որ 2018թ-ի իշխանափոխության ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ու մարդիկ ուրախությունից գոռգոռում էին, ինքը հանել է լրագրողական բեյջը և փողոցում մարդկանց շնորհավորել այդ առիթով։

«Երբ բեյջս մի կողմ դրեցի, ինձ պարզապես քաղաքացի զգացի։ Դժվար էր նաև 44-օրյա պատերազմի լուսաբանման ժամանակ, որովհետև դժվար էր լրագրող մնալ և չեզոքություն պահպանել։ Մենք պատերազմի կողմ էինք և այնպես էր ստացվում, որ հայկական քարոզչության կողմ էինք դառնում, քանի որ ինֆորմացիան այլ տեսանկյունից դիտարկելը դժվար էր»,-պատմում է նա։

2021թ-ին, երբ ԱԺ-ում լրագրողների գործունեությունը սահմանափակող օրենքներ ընդունվեցին և դեպքեր գրանցվեցին, լրագրողները գրություններով ակցիա իրականացրին, որին Գևորգը չմասնակցեց։

Անձամբ իր գործունեությունը ԱԺ-ում իրավապահների կողմից սահմանափակելուց հետո նա դիմել է լրագրողական համայնքին, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, այլ լրատվամիջոցների հետ զրույցում և իր սոցցանցային էջում բարձրաձայնել խնդրի մասին․ «Ես այլ ճանապարհներ ընտրեցի և կարծում եմ ավելի արդյունավետ և լայն լսարանների կարողանա տեղ հասնել իմ մտագոհությունները, քան իմ գործընկերների ակցիան էր»։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *