2021.09.09,

Նյուսրում

Իշխանությունը լրացուցիչ անհարմարություն ստեղծեց ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների համար

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն այսուհետ տարածքային սահմանափակում ունեն, չեն կարող աշխատել և հարցազրույցներ անցկացնել ԱԺ-ի միջանցքներում, նիստերի դահլիճում, խմբակցությունների աշխատասենյակների տարածքում և այլն։

Նոր կանոնակարգ օրենքով սահմանվում է, որ  «Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են առանձնացված հատուկ տեղերում, իսկ առանձնացված հատուկ տեղերից բացի այլ տեղերում կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի թույլտվությամբ»:

Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանը, ով ԱԺ-ում աշխատելու մեծ փորձառություն ունի, թեև վերջերս համարյա զրկվում էր պետական այդ կառույցում աշխատելու հնարավորությունից։ Ազգային ժողովից խմբագրություն ծանուցում են ուղարկել, որ իրենց լուսանկարիչը խախտել է օրենքը և զրկվում է հավատարամագրից։

Լիլիան Գալստյան

Պատճառն այն է, որ նա լուսանկարել էր, թե ինչպես են անվտանգության աշխատակիցների ուժեղացված հսկողություն իրականացնում ԱԺ-ի տարածքում, մանրամասն ստուգում լրագրողների իրերը։ Լիլիանը համարել էր, որ դա լսարանի համար կարևոր և աննախադեպ տեղեկատվություն է և որոշել է ֆոտոներով պատմել այդ մասին։

Լիլիանը տեղյակ չի եղել, որ կանոնակարգում փոփոխություն է եղել, ըստ որի պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում՝ հսկիչ անցագրային կետերում, արգելվում է ձայնագրել, տեսա- կամ լուսանկարահանել պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:

Media.am-ի հետ զրույցում նա անկեղծանում է, որ եթե հանրային մեծ հնչեղություն չունենար չի հետ կատարված դեպքը, դժվար թե կրկին կարողանար ԱԺ վերադառնար և մասնագիտական գործունեություն իրականացներ։

«Տեղի ունեցածում որևէ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, ուղղակի օրենք են փոխել և որոշել, որ իմ այդ օրվա ֆոտոներով ես խախտել եմ օրենքը և ցույց տվել հսկիչ անցագրային կետում անվտանգության աշխատակիցների աշխատանքն ու նրան դեմքերը։ Անկեղծ ասած այդ օրենքից տեղյակ չեմ եղել, բացի այդ անվտանգության աշխատակիցները կարծես թե դեմ չէին, որ իրենց լուսանկարեմ»,- ասում է նա։

Նրա խոսքով, եթե այդ պահին նկատել են, որ օրենք է խախտում պետք է մոտենային, տեղյակ պահեին փոփոխությունների մասին, խնդրեին հետևել դրանց, ոչ թե խմբագրություն ծանուցում ուղարկեին, որ ինքը զրկված է ԱԺ լուսաբանելու հնարավորությունից։

Այս սահմանաձակումների նպատակը, ըստ Լիլիանի, պարզ չէ, իրականում այնպես չէ, որ լրագրողները չեն կարողանալու իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ «Որպես լուսանկարիչ ես ունեմ նույն իրավունքներն, ինչ նախկինում, նիստերի սկզբում մոտ կես ժամ լուսանկարելու, հատուկ հյուրերի և միջոցառումների ժամանակ  ներկա լինելու հրարավորություն»։

Տարածքային սահմանափակումը, ըստ լուսանկարչի, տեխնիկապես կարող է դժվարեցնել պատգամավորների հետ շփումը, որը նախկինում կար և շատ անկաշկանդ էր։ Հարցազրույցի կամ լուսանկարելու համար, ըստ նրա, կարելի է պատգամավորների հետ պայմանավավորել այլ տարածքում՝ ԱԺ բակ, աշխատասենյակ, այս նպատակով հատուկ առանձնացված տարածքներ։

Վերջերս ԱԺ-ում հայտնի ծեծկռտուքից հետո անվտանգության աշխատակիցները բարձրացան լրագրողների համար առանձնացված հատուկ օթյակ և բռնությամբ և հրմշտելով նրանց դուրս հանեցին իրենց աշխատանքային տարածքից։ 

Պատճառաբանությունն այն էր, որ լրագրողները չտեսաձայանգերին ԱԺ նիստերի դահլիճում ընթացքող բանավեճ-ծեծկռտուքը, թեև պատգամավորներն իրենք ուղիղ եթերի ռեժիմով արդեն հանրայնացրել էին տեղի ունեցողը։Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասեց, որ լրագրողների աշխատանքն անհիմն է խոչընդոտվել: 

Սիվիլնեթի լրագրող Գևորգ Թոսունյանն ասում է, որ այդ օրը լրագրողների աշխատանքը շատ կարևոր էր արդարադատության համար, փաստագրվում էր կատարվողը, որպեսզի հետագայում քննության առնվի դատական գործընթացներում։ 

Գևորգ Թոսունյան

Թոսունյանի խոսքով, որ այս իշխանության կողմից նման սահմանափակումներն առնվազն անհասկանալի են, չհիմնավորված, տպավորություն է, որ ուզում են լրագրողներին իրենցից հեռու պահել։

«Պետք է հստակ օրենքներ լինեն, որ դեպքերում և ինչպես կարող է լրագրողների աշխատանքը ԱԺ-ում սահմանափակվել, այլապես բանավոր անվտանգության աշխատակիցներին հրահանգվում է թույլ չտալ լրագրողներին նկարել նիստերի դահլիճում ընթացքում այս կամ այն միջադեպը»։

Այս սահմանափակումներից, նրա խոսքով, կտուժեն այն լրագրողներն ու օպերատորները, ովքեր սովորություն ունեին ԱԺ միջանցքներում սկանադալային թվացող հարցեր և ռեպլիկներ բարձրացնելու, վեճեր և տհաճ երկխոսություններ տեսանկարահանելու։

«Որոշ լրագրողների հետ ակնհայտ վատ հարաբերություններ ունեցող այս իշխանությունը գնաց ամենավատ ճանապարհով, բարդացրեց բոլորի աշխատանքը։ Իշխանությունը 2020թ-ի պատերազմից հետո այլևս չի ուզում իր գործունեությունը լուսաբանվի, ստեղծվում են տարբեր խոչընդոտներ։ Լրատվամիջոցների հետ շփումները, հաղորդակցությունը հասցրել են նվազագույնի, միայն խիստ պաշտոնական տեղեկատվությունն է հանրայնացվում»։

Լրագրողն ասում է, որ իրենց համար պարզ չէ ինչու պետք է ընդմիջումների ժամանակ լրագրողը դուրս գա օթյակից, բացի այն որ դա աշխատանքային իրավունքի խախտում է, որովհետև լրագրողներն այդ պահին աշխատում են, տեքստ են գրում, հրապարակում և այն, նաև զրկվում են պատգամավորներին ոչ աշխատանքային իրավիճակում հետևելու հնարավորությունից։

Նա կարծում է, որ այս սահմանափակումը դժվար թե մեծ ազդեցություն ունենա իր աշխատանքի վրա, որովհետև սովորություն չի ունեցել միջանցքներում խմբային հարցազրույցներ անցկացնելու։ Նա պատգամավորների հետ անհատապես է աշխատել և կարծում է, որ բարեխիղճ լրագրողները կարողանալու են քաղաքակիրթ շփվել պատգամավորների հետ և ստանալ իրենց հարցերի պատասխանները։

«Ինձ հուզող հիմնական հարցն այս քայլերին գնալու նպատակն է։ Եթե խիստ կարգավորումներ են անհրաժեշտ, ուրեմն պետք է ԱԺ-ում բառացվեն անվտանգության աշխատակիցներին տրվող բանավոր հրամանները։ Խաղի կանոնները պետք է հասկանալի ու թափանցիկ լինեն և՛ լրագրողների, և՛ պատգամավորների, և՛ անվտանգության աշխատակիցների համար»,-նկատում է Թոսունյանը։

Նոր կանոնակարգի համաձայն, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ  նիստի ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են իրենց համար առանձնացված տեղում: 

Այս փոփոխություններին լրագրողների վերաբերմունքը միանշանակ չէ, նրանք բազմաթիվ մտավախություններ ունեն, թեև միջազագային փորձը ցույց է տալիս, որ շատ երկրների խորհրդարաններում գոյություն ունեն նման սահմանափակումներ։

Այս հոդվածը կօգնի ծանոթանալ դրանց և զուգահեռներ անցկացնել տեղական և միջազգային փորձի միջև։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *