2021.08.19,

Նյուսրում

Խորհրդարանի շենքում սահմանափակումների տեղական ու միջազգային փորձը

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

«Հայհոյանքի օրենքի» նախագծի ընդունումից ընդամենը մի քանի օր անց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն ընդունեց մի նոր, ՀՀ ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին օրենք, որը քաղհասարակության և մասնավորապես մեդիա ոլորտի ներկայացուցիչների կողմից որակվեց որպես հերթական սահամափակումներ ու լրագրողի աշխատանքի վրա բացասաբար ազդող գործոն:

ԱԺ շենքի ավտանգության կանոնները ամփոփվել են ԱԺ նախագահի 2019 թվականի փետրվարի 12-ի ՆՈ-01-Լ որոշման հավելված 1-ում՝ փոփոխությունների և լրացումների տեսքով: 

Այս առիթով լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ լրագրողներին ու օպերատորներին չի թույլատրվել մտնել նոր մասնաշենք, ուր տեղի են ունենում հանձնաժողովների նիստերը, նրանք չեն կարողացել անցնել այն հատված, որտեղ գտնվում են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների աշխատասենյակները, ինչպես նաև՝ օգտվել որոշ նախասրահներից, որտեղ սովորաբար հարցազրույցներ ու մեկնաբանություններ էին վերցնում պատգամավորներից: 

Նոր կանոններն ընդունվել են առանց ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների, նրանց ղեկավարների, լրագրողական հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների փորձագետների հետ քննարկումների։ 

Որպես հիմնավորում ԱԺ նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ  որ 8-րդ գումարման խորհրդարանում ոչ թե սահմանափակում են լրագրողների գործունեությունն, այլ համակարգում նրանց աշխատանքը։ 

Լրագրողների գործունեությանը վերաբերող կանոնները հետևյալն են.

  1. Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում, իսկ առանձնացված հատուկ տեղերից բացի այլ տեղերում կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի թույլտվությամբ:
  2. Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ  նիստի ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են իրենց համար առանձնացված տեղում:
  3. Պահպանվող օբյեկտի հատուկ վերահսկելի գոտիներում արգելվում է Ազգային ժողովում հավատարմագրված լրատվական միջոցներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ:
  4. Արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում թռչող տեսանկարահանող սարքերով նկարահանման աշխատանքների իրականացումը, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ առկա է Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի թույլտվությամբ պահպանության ծառայության պետի կողմից տրված համաձայնություն:
  5. Պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում՝ հսկիչ անցագրային կետերում, արգելվում է ձայնագրել, տեսա- կամ լուսանկարահանել պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:
  6. Արգելվում է պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող անձանց ներս բերել ֆոտոապարատներ, տեսախցիկներ, ձայնագրող սարքեր, կապի և տեղեկատվության այլ միջոցներ, բացառությամբ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների: Սույն կանոնից բացառություն են նաեւ այն դեպքերը, երբ էլեկտրոնային հայտ ներկայացրած պաշտոնատար անձը հատուկ նշում է կատարում նշված միջոց(ներ)ը թույլ տալու մասին: Միանգամյա մուտքի անցագրով պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործելիս թույլատրվում է բջջային հեռախոսներ ներս բերելը միայն էլեկտրոնային հայտում հատուկ նշված լինելու դեպքում:
  7. Ազգային ժողովում չհավատարմագրված լրագրողների մուտքը իրենց լրագրողական սարքավորումներով (տեսաձայնագրող սարքեր, ֆոտոապարատ) իրականացվում է Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի կամ նրա լիազորած տեղակալի կողմից հաստատված սահմանված ձեւի էլեկտրոնային հայտի (գրության) առկայության դեպքում: 

Նախագծով առաջարկվում էր ինտերնետային լրատվության միջոցների համար սահմանված օրական մինչև 2 հազար այցելություն ունենալու պահանջը փոխարինել մինչև 5 հազարով, սակայն խորհրդարանի ղեկավարն առաջարկեց անփոփոխ թողնել այդ կետը, ինչին համաձայնեցին խորհրդի անդամները:

Որոշումն ընդունվել է 13 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ հանդիպեցինք վերջին տարիներին տարբեր երկրներում խորհրդարանի շենքի ներսում սահմանափակումների մի քանի օրինակների, որոնք արժանացել են միջազգային կառուցների քննադատությանը:

Ալբանիա

Այս տարվա հունիսի 2-ին Ալբանիայի խորհրդարանը հրապարակեց խորհրդարանում զանգվածային լրատվության միջոցների հավաստարմագրման, տեղաբաշխման և կողմնորոշման փոփոխված կանոնակարգ.

  1. Մասնավոր ԶԼՄ-ների հավատարմագրված լրագրողները կարող են լուսաբանել միայն հատուկ նյուզրումերից և չեն կարող հետևել և ուղղակիորեն լուսաբանել այն սենյակներից, որտեղ տեղի են ունենում լիագումար կամ հանձնաժողովի նիստեր, ոչ էլ ազատ տեղաշարժվել շենքում: Սահմանափակումները չեն տարածվում Ալբանիայի Հանրային հեռուստառադիոընկերության (RTSH) և Ալբանիայի հեռագրական գործակալության (ATSH) վրա։
  2. Հանդիպումների տեսաձայնագրությունների հասանելիությունը լրատվամիջոցների համար  կապահովի հենց խորհրդարանը:

2021 թվականի սեպտեմբերին ուժի մեջ մտնող այս փոփոխություններն անհանգստացրել են Մամուլի միջազգային ինստիտուտին (IPI) և ԶԼՄ-ների ազատության արագ արձագանքին (MFRR), որոնք համատեղ հայտարարություն-նամակ են ուղարկել Ալբանիայի խորհրդարանի խոսնակին։ Միջազգային կազմակերպությունների կարծիքով շարժման ազատությունը սահմանափակող այս կանոնները բացասաբար են ազդելու լրագրողների աշխատանքի վրա ու նվազեցնեն Խորհրդարանի աշխատանքի թափանցիկությունը` լրագրողներին թույլ չտալով քննադատական հարցեր ուղղել գործադիրներին։ Խորհրդարանի աշխատակիցների կողմից տրամադրվող տեսանյութերն էլ կարող են ցենզուրայի և մանիպուլյացիաների պատճառ դառնալ։ 

Կանոններն ընդունվել են առանց լրագրողների և մեդիա աշխատողների միությունների և կազմակերպությունների, քաղհասարակության անդամների հետ քննարկումների։ 

Բուլղարիա

2020 թվականի սեպտեմբերի 2-ին Բուլղարիայի խորհրդարանը նոր, ավելի մեծ շենք տեղափոխվեց։ Նույն օրը կառավարության դեմ արդեն 3 ամիս ձգվող բողոքի ցույցերը սկսեցին ուղեկցվել բռնի գործողություններով։ 

«Բայց այն, ինչ աննկատ մնաց, այն է, որ «նոր» շենքն օգտագործվել է որպես ալիբի ՝ լրագրողների, քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և խորհրդարանում ներկայացված փոքր քաղաքական ուժերի մուտքի նոր սահմանափակող կանոններ մտցնելու համար»,- գրել է Euractiv կայքը: «Հին շենքում լրագրողները կարող էին խառնվել պատգամավորների հետ բոլոր ընդհանուր տարածքներում, բացառությամբ նիստերի դահլիճի: 30 տարվա այս ավանդույթը կոմունիզմի անկումից հետո մամուլի ազատության շոշափելի ձեռքբերումներից մեկն էր»:

Կանոնների համաձայն՝ Բուլղարիայի խորհրդարանի շենքում լրագրողները պետք է աշխատեն նկուղում, իսկ պատգամավորներին ու նախարարներին տեսնեն և հարցեր տան միայն հատուկ հրավիրված ասուլիսների ժամանակ կամ շենքից դուրս: Խոչընդոտներն ու տուրնիկետները սահմանափակում են այդ ամենի հասանելիությունը: Քանի որ լրագրողները նիստերին հետևում են ուղիղ հեռառձարկման միջոցով ու գտնվում են նիստերի դահլիճից շատ հեռու, նրանք այլևս չեն կարող հարցեր տալ պատգամավորներին, երբ վերջիններս դահլիճից դեպի սենյակներ են գնում և հակառակը: Հեռուստատեսային լրատվամիջոցների տեխնիկական աշխատակիցներն էլ աշխատում են առանձին տարածքում` իրենց գործընկերներից յոթ հարկ բարձր:

«Mediapool» կայքի լրագրող Սիմոնա Կոստադինովայի կարծիքով իշխող կոալիցիան լրագրողների համար աշխատանքային նվաստացուցիչ պայմաններ է սահմանել, ինչի պատճառով իրենք չեն կարող կատարել իրենց պարտականությունները՝ ելնելով հանրային շահերից: Լրագրողները խցկված են մի փոքր միջանցքում և պատգամավորներին ու նախարարներին կարող են տեսնել միայն հատուկ հրավիրված ասուլիսներին, այն էլ հեռուստաէկրանից, որի հեռարձակումը հաճախ ընդհատվում է:

Բուլղարիայի կառավարությունն այս որոշումը հիմնավորում է այնպես, իբրև՝ այդպիսի օրենքներ են գործում եվրոպական խորհրդարաններում, ինչը ճիշտ չէ, քանի որ հենց Եվրոպական խորհրդարանում լրագրողներն ու ԶԼՄ-ները կարող են ազատ տեղաշարժվել բոլոր հանրային տարածքներում: Ի դեպ, բացի դեմ առ դեմ կապի բացակայությունից, կառավարությունը պահանջում է մեդիա աշխատողներին պատգամավորների հետ կապ հաստատել միայն առանձին կուսակցությունների հանրային կապի ներկայացուցիչների միջոցով:  

Հունգարիա

2019-ի հոկտեմբերի 21-ին Հունգարիայի Ազգային Ժողովը նոր կանոններ հրապարակեց, որոնց համաձայն սահմափակվում է Հունգարիայի խորհրդարանի շենքում և Ազգային Ժողովի գրասենյակներում աշխատող լրագրողների տեղաշարժն ու գործունեությունը։ 

«Նոր կանոնակարգը լրջորեն ազդում է լրագրողների ՝ պատգամավորներից հարցազրույցներ վերցնելու և խորհրդարանի աշխատանքը մանրազնին ուսումնասիրելու ունակության վրա», գրել է Եվրոպայի Խորհրդի Լրագրության պահպանման և լրագրողների անվտանգության հարթակը։

Նոր կանոնների համաձայն՝ լիովին արգելվում է աուդիո կամ վիդեո ձայնագրություններ իրականցնել լիագումար պալատի և հարակից միջանցքների, բոլոր ռեստորանների և ճաշարանների, ինչպես նաև բոլոր այն տեղերում, որտեղ անվտանգության սարքավորումներ կան: ԶԼՄ-ների ներկայացուցիչները սահմանափակված են խորհրդարանի միջանցքում գտնվող մի փոքր խցիկում: Խորհրդարանի նախասրահում կա ընդամենը երկու փոքր թույլատրելի տարածք, որտեղ լրագրողները կարող են լուսանկարել կամ տեսագրել: Մամլո ասուլիսներ թույլատրվում է անցկացնել միայն խորհրդարանի հատուկ մամուլի սենյակում: 

Նոր կանոնները արգելում են խորհրդարանական թղթակիցներին հետևել պատգամավորներին՝ հարցեր տալու համար, ինչպես նախկինում ընդունված էր: Պատգամավորները իրավունք ունեն հրաժարվել հարցազրույց տալուց կամ հեռանալ, ինչպես ընդունված է այլ խորհրդարաններում, սակայն, մի տարբերությամբ, որ երբ հունգարացի օրենսդիրը հրաժարվում է պատասխանել լրագրողին, վերջինիս այլևս չի թույլատրվում կրկին հարցեր տալ նրան: Կանոնները խախտողները կարող են դուրս հրավիրվել շենքից։ 

Խորհրդարանի շենք մուտքերի վավերականության ժամկետը նույնպես սահմանափակվել է, ինչը նշանակում է, որ լրագրողները ազատորեն կարող են մուտք գործել միայն հերթական խորհրդարանական ժամանակաշրջանի ընթացքում: Այդ ժամից դուրս լուսաբանող լրագրողները շենք մուտք գործելու համար ստիպված կլինեն օրական մուտքի տոմս գնել:

Հերթական անգամ անդրադառնալով Հունգարիարիայում մեդիայի սահամանափակումներին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը 2021-ի մարտի 30-ին հրապարակած հուշագրում ասել է․ «Քաղաքականորեն վերահսկվող ԶԼՄ-ների կարգավորող մարմնի և լրատվության շուկայում պետական աղավաղված միջամտության հետևանքները խարխլել են Հունգարիայի ԶԼՄ-ների բազմակարծությունը և արտահայտման ազատությունը»։

Չնայած լրագրողական համայնքի անհամաձայնություններին և սահմանափակումների չեղարկման պահանջներին, ինչպես նաև ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից այդ կանոնների խիստ քննադատությանը, մինչ օրս այս թեմայով որևէ հանրային քննարկում և արձագանք չի եղել։ Ավելին, ԱԺ Նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ լրագրողները չպետք է խորհրդարանի միջանցքներում վազեն պատգամավորների ետևից կամ մտնել նրանց գրասենյակ՝ որպես հիմնավորում բերելով այն միտքը, որ «նման բան չկա ոչ մի երկրում»։ 

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *