2022.03.03,

Նյուսրում

Քննադատություններ արևմտյան մեդիայի հասցեին

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Արդեն մեկ շաբաթ է, ինչ աշխարհը հետևում է ռուս-ուկրաինական պատերազմին։ Շատերի կանխատեսումներում երրորդ համաշխարհայինի սկիզբն է նշմարվում, որոշները գուժում են մեր տարածաշրջանում խոշոր տնտեսական ճգնաժամի մասին։ Այս ամենի կողքին նոր անհանգստություններ առաջացան, որոնք ավելի շատ էթիկական դաշտում են գտնվում։

Ամեն ինչ սկսեց, երբ Եվրոպայի համար օրակարգային դարձավ իրենց տները թողած ու հարևան երկրներում, մասնավորապես Լեհաստանում փրկություն փնտրող ուկրաինացի փախստականների կացության հարցը։ Այս դեպքերը լուսաբանելիս աչքի ընկավ ինչպես արևմտյան փորձագետների ու պաշտոնատար անձանց, այնպես էլ մի շարք օրինակելի եվրոպական ու ամերիկյան լրատվամիջոցներին թղթակցող լրագրողների օգտագործած լեզուն, որն ինտերնետային օգտատերերը որակեցին խիստ ռասիստական և այլատյաց՝ հատկապես Աֆրիկայի և Միջին Արևելքի ժողովուրդների նկատամբ։ 

Նմանատիպ մեկնաբանությունների շարքում առաջինը բրիտանական The Telegraph-ի փորձագետ Դանիել Հաննանի անդրադարձն է։

«Նրանք այնքան նման են մեզ թվում, ինչն էլ ամենն ավելի շոկային է դարձնում։ Ուկրաինան եվրոպական երկիր է, որտեղ մարդիկ Նեթֆլիքս են նայում և ունեն Ինստագրամի հաշիվներ, քվեարկում են ազատ ընտրություններում ու կարդում առանց գրաքննության թերթեր։ Պատերազմն այլևս մի բան չէ, որը թակում է միայն աղքատացած ու հեռավոր ժողովուրդների դռները։ Այն կարող է պատահել բոլորի հետ»։ 

Մինչ «Նեթֆլիքս նայելը» Թվիթերում դարձավ սև կատակ, իբրև «ես նույնպես Նետֆլիքս եմ նայում, իմ կյանքի մասին էլ անհանգստացեք», փախստականների մասին լրատվամիջոցների մեկնաբանություններն ավելի շատացան։

Ամերիկյան CBS հեռուստաալիքի օտարերկյա թղթակից Չարլի Դ՛Ագատան, որը միացել էր ստուդիայում իր կոլեգաներին, Ուկրաինայի մասին ասաց․ «Ամենայն հարգանքով, սա Իրանի և Աֆղանստանի պես տեղ չէ, որում տասնամյակների կոնֆլիկտ կա։ Գիտեք, այն հարաբերականորեն քաղաքակիրթ, հարաբերականորեն եվրոպական (այս բառերը ես նույնպես պետք է զգուշորեն օգտագործեմ) քաղաք է, որտեղ դու չէիր սպասի կամ չէիր ուզենա, որ նման բան լինի»։ 

Սա CBS-ի միակ նմանատիպ լուսաբանումը չէր։ Այս անգամ առանձնացավ հեռուստաալիքի Լեհաստանի սահմանին աշխատող թղթակիցը․ «Կոպիտ ասած՝ նրանք սիրիացի փախստականներ չեն, նրանք հարևան Ուկրաինայի փախստականներ են։ Նրանք քրիստոնյա են, սպիտակամաշկ, նրանք շատ նման են Լեհաստանում ապրող մարդկանց»։ 

Առանձնակի քննադատության արժանացան ֆրանսիական BFM ալիքին հյուրընկալած լրագրողները, որոնցից Յուլիս Գոսետն ասել է․ «Մենք 21-րդ դարում ենք, եվրոպական քաղաքում, որտեղ թևավոր հրթիռներով կրակում են այնպես, ինչպես Իրաքում և Աֆղանստանում։ Պատկերացնո՞ւմ եք»։ Ֆիլիպ Կորբեն էլ ուկրաինացի փախստականներին համեմատել է սիրիացիների հետ, ասելով, որ այս պահին խոսքը սիրիացիների մասին չէ, որոնք փրկվում են Վլադիմիր Պուտինի աջակցությունը ստացած սիրիական ռեժիմի ռմբակոծությունից։ Խոսքը եվրոպացիների մասին է, որոնք եվրոպացիների մեքենաների նման մեքենաներով լքում են իրենց տներն ու փորձում փրկել սեփական կյանքը։ Եվ այս հարցը պետք է կարևոր լինի Եվրոպայի համար։

Համացանցում տարածվող օրինակներում է Մեծ Բրիտանիայի ITV-ի թղթակիցը, որը հուզված ասում է․ «Տեղի ունեցավ անհավատալին․․․ Սա զարգացող, երրորդ աշխարհի ազգ չէ, սա Եվրոպա՛ն է»։

Գրեթե նույն բառամթերքն է օգտագործել նաև կատարական Al-Jazeera հեռուստաալիքի հաղորդավարը․ «Ուշագրավ է նայել նրանց, նրանց հագուկապին։ Նրանք բարգավաճող, միջին խավի մարդիկ են։ Նրանք, ակնհայտորեն, այն փախստականները չեն, որոնք փորձում են փախչել Միջին Արևելքից [․․․] կամ հյուսիսային Աֆրիկայից։ Նրանք ձեր կողքին ապրող եվրոպական ընտանիքներին են նման»։

Խնդրահարույց լեքսիկոնով հանդես եկան նաև որոշ պաշտոնատար ու պաշտոնական  անձինք, օրինակ, BBC-ի եթերում Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Դավիթ Սակվարելիձեն հայտնեց, որ կատարվելիք իրադարձությունները շատ էմոցիոնալ են իր համար, որովհետև տեսնում է՝ ինչպես են կապույտ աչքերով ու շեկ մազերով մարդիկ, երեխաները սպանվում Պուտինի հրթիռներից։ Ֆրանսիացի քաղաքական գործիչներից մեկը ուկրաինացի փախստականներին անվանեց «բարձր որակի ներգաղթ», Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ նրանք խելացի ու կրթված են․ «Նրանք այն փախստականները չեն, որոնց սովոր ենք, նրանք անհայտ ծագման ու մութ անցյալով մարդիկ չեն, որոնք կարող են նաև ահաբեկիչներ լինել»։

Այս ամենի շուրջ մարդկանց զայրույթն ու զարմանքը դուրս եկավ համացանցի սահմաններից ու դարձավ տարբեր երկրների առաջատար լրատվամիջոցների քննարկման թեման։ Առաջինը հնդկական անգլալեզու WION հեռուստաալիքն էր, որի վարկանշային Gravitas վերլուծական հաղորդման այդ օրվա թողարկման խորագիրը կրում էր «Ուկրաինացի փախստականների մասին արևմտյան մեդիայի ռասիստական լուսաբանումը» անվանումը։ 

Հաղորդավար Պալկի Շարման բերեց նախորդ տարվա սեպտեմբերին BBC-ում Քրիստին Ֆեյրի հարցազրույցի օրինակը, երբ բրիտանական ալիքի ներկայացուցիչն անջատեց Ֆեյրի խոսափողը, նշելով, որ վերջինիս կարծիքը խախտում է իրենց լրատվամիջոցի անկողմնակալ լուսաբանման կանոնները։ Ֆեյրը պատմում էր, թե ինչպես է Աֆղանստանում Պակիստանի ջիհադիստական քաղաքականությունը հասցրել նախորդ տարվա աղետին։ 

«Այսինքն, ահաբեկչությունը «մերկացնելը» խախտում է, իսկ անթաքույց ռասիզմն ու սպիտակների գերակայությունը՝ նորմալ։ Ահա թե ինչ տեսք ունի համակարգային ռասիզմը», ասել է Շարման, նշելով, որ մարդկանց դժվարությունների ու զրկանքների վրա կենտրոնանալու փոխարեն արևմտյան մեդիան տեսնում է միայն, թե ինչ դու ինչ ռասայի ներկայացուցիչ ես, և ինչ գույնի են մաշկդ ու մազերդ։

Երևույթի մասին քննադատական տեքստ էր հրապարակել նաև ամերիկյան The Washington Post-ը։ Հոդվածի հեղինակը Կարնեգի ֆոնդի միջազգային խաղաղության գիտնական, Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտի (RUSI) և Քեմբրիջի համալսարանի ավագ գիտաշխատող Էյջ Էյ Հելիերն է։

«Ուկրաինայից առաջ Պուտինի զորքերը ներխուժել էին Սիրիա` սատարելով մարդասպան ռեժիմին: Այդ պատերազմն իր ետևում թողեց զանգվածային սպանություններ, տառաապանք, ավերածություններ ու տեղահանումներ, բայց արևմուտքի պատասխանը բացարձակ կարեկցական չէր: Նույնը կարելի է ասել Միացյալ Նահանգների Աֆղանստանում և Իրաքում կատարած արշավանքների, Եմենում Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ներխուժման, Իսրայելի` պաղեստինցիների օկուպացիայի մասին:   

Այս երկակի ստանդարտը չափազանց ակնհայտ է, երբ մենք` արևմուտքի ժովովուրդներս խառնվում ենք միջազգային հարաբերություններին: Չափազանց հաճախ մենք ապամարդկայնացնում ենք ոչ սպիտակամաշկ մարդկանց, ցածրացնում նրանց կարևորությունը, ինչը միայն տանում է նրանց արժանապատիվ կյանքի իրավունքի ստորացմանը»:

Մրցանակակիր քաղաքական ծաղրանկարների հեղինակ Պատրիկ Գաթարան Al-Jazeera-ում դեպքերը նկարագրել էր հետևյալ կերպ․ «Ստացվում է` լրագրողները ձգտում են հաստատել եվրոպակական բացառիկությունն ու զորությունը` սեփական չարիքները «զարգացող» աշխարհին վերագրելով»:

Գուցե ամեն ինչ այսքան մեծ ռեզոնանս չառաջացներ, եթե «կապույտ աչքերի ու շեկ մազերի» կողքին չլինեին սիրիացի, աֆղան, իրաքցի և «երրորդ աշխարհ» որակումները ստացող այլ ժողովուրդների հետ համեմատությունները։

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *