2022.01.31,

Նյուսրում

Աճող լսարան, նվազող վստահություն․ մեդիա սպառման պատկերը 2021-ին

Վերջին երկու տարիներին փոխվել են մեդիայի այն տեսակները, որոնցով հայաստանցիներն ամեն օր տեղեկություն են ստանում։ Եթե մինչև 2019-ը հեռուստատեսությունն էր ամենօրյա տեղեկատվության առաջնային աղբյուրը, 2021-ի տվյալներով մարդկանց մեծամասնությունը օգտվում է համացանցի ռեսուրսներից և սոցիալական ցանցերից։

Հայաստանում մեդիայի սպառման առանձնահատկությունների մասին այս վերջին տվյալները տեղ են գտել 2021-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) իրականացրած հետազոտության մեջ։ Այն հիմնված է 1213 տնային տնտեսություններում անցկացված հարցումների վրա: Լինելով 4 նմանատիպ հետազոտություններից վերջինը՝ այն ոչ միայն տրամադրում է տեղեկության սպառման գործիքների ու եղանակների մասին վերջին ցուցանիշները, այլև արձանագրում 2015-ից հետո նկատված փոփոխությունները։

Տարբեր տարիների ցուցանիշները վկայում են, որ համացանցային ռեսուրսներն ու սոցիալական ցանցերը տեղեկատվության տիրապետող աղբյուր են դարձել աստիճանաբար, սակայն ավելի մեծ թափով, քան հեռուստատեսությունն է զիջել դիրքերը։ 

Նմանապես, տարիների ընթացքում հաստատուն կերպով աճել է ընդհանրապես սոցիալական ցանցերից օգտվողների թիվը։ Եթե 2015-ին սոցցանցերում հաշիվ ուներ հարցվածների 43%-ը, այժմ ամեն 4-րդ հարցվողն է միայն, որ չի օգտվում որևէ սոցիալական ցանցից։

Ամենատարածված հարթակները Facebook-ը և YouTube-ն են, որտեղ ներկա են սոցցանցերում օգտահաշիվ ունեցողների 90%-ը։ Ինչ վերաբերում է սոցիալական մեդիայում անցկացրած ժամանակին, նշվածներից բացի առաջատար է նաև Instagram-ը, որի հայաստանցի օգտատերերի կեսից ավելին ակտիվ է գրեթե միշտ կամ օրը մի քանի անգամ։ Հակառակն է ժամանակին Հայաստանում մեծ տարածում ունեցած Odnoklassniki-ի դեպքում․ 2015-ին 66% կիրառություն ունեցող հարթակից այժմ օգտվում է հարցվածների միայն 17%-ը, որոնց կեսից ավելին՝ ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ։

Հարցվածների մեծամասնությունը պատասխանել է, որ սոցիալական ցանցերն օգտագործում է՝ նորություններ ստանալու համար։ Ուշագրավ է, որ համացանցից օգտվողների կեսից ավելին (54%) միայն սոցցանցերի միջոցով է սպառում նորությունները և երբեք ուղղակիորեն մուտք չի գործում լրատվական կայքեր։ Թեև այս ցուցանիշը բարելավվել է 2017-ից (63%) հետո, դեռևս խոսում է սոցիալական ցանցերից ավանդական տեղեկատվամիջոցների մեծ կախվածության մասին։

Մյուս կողմից, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սոցցանցերի օգտատերերի մեծ մասը նորությունների պասիվ սպառողներ են՝ չեն տարածում քաղաքական կամ սոցիալական տեղեկություններ։

Կասկածելի տեղեկության հանդիպելիս հարցվածների մեծամասնությունը ոչինչ չի ձեռնարկում (80%) և միայն 8%-ն է փորձում ստուգել այն։ Եթե 2019-ին տեղեկությունը ստուգելու հիմնական եղանակը ինտերնետում որոնում անելն էր, այժմ ավելի հաճախ այցելում են վստահելի կայքեր։

Վերջապես, հետազոտությունն անդրադարձել է նաև մեդիայի հանդեպ վստահության հարցին։ Այս առումով շահեկան դիրքում են միջազգային հեռուստաալիքները, որոնց լսարանի 77%-ը վստահում է դրանց ներկայացրած տեղեկության հավաստիությանը, 53%-ը՝ խմբագրական անկախությանը, իսկ 68%-ը բավարարված է լրագրողների մասնագիտական որակներով։

Այս ցուցանիշներով բարձր վարկանիշ ունեն նաև ազգային և տեղական սփռման ռադիոն, ցածր՝ առցանց ռեսուրսները և սոցմեդիան։ Նկատենք, որ ռադիոյի լսարանը թեև փոքր, բայց հաստատուն է եղել տարիների ընթացքում, գուցե նաև այս վստահության շնորհիվ։

Նկատելի փոփոխություն կա այն մարդկանց թվում, որոնք պատրաստ են վճարել հավաստի բովանդակություն սպառելու համար։ Եթե 2019-ին նման տեղեկության համար կվճարեր հարցվածների 6%-ը, 2021-ին այդ ցուցանիշը 13% է։ Երկու դեպքում էլ հարցվածները պատրաստ են վճարել ոչ ավելի, քան ամսական 4000 դրամ։ 

Փոխվող սպառում, փոխվող մեթոդաբանություն

Հետազոտության որոշ արդյունքներ կարող են օգնել մեդիայի ներկայացուցիչներին՝ սոցիալական ցանցերում և դրանցից դուրս լսարանների ակտիվ ներգրավման իրենց աշխատանքում։

Ուրիշ ցուցանիշներ կարիք ունեն հավելյալ ուսումնասիրությունների, օրինակ՝ այն մասին, թե արդյոք բովանդակությունը վճարովի դարձնելը կբերի դրա որակի փոփոխության և կօգնի ապատեղեկատվության դեմ պայքարին, թե կդառնա մեկ այլ խոչընդոտ՝ հավաստի տեղեկության լայն հասանելիության համար։

2015-ից ի վեր անցկացվող այս հարցումները, որոնք ամփոփվում են վերջին հետազոտությամբ, հարուստ տվյալներ են կուտակել հայաստանցիների մեդիա սպառման նախասիրությունների մասին՝ միաժամանակ ցույց տալով հետաքրքիր միտումներ։

Մյուս կողմից, մեդիայի և տեխնոլոգիաների զարգացումները, տարբեր տեղեկատվամիջոցների միատեղումները (convergence) կամ իրավական կարգավորումները անհրաժեշտ են դարձրել մեթոդաբանական վերանայումները:

Հունվարի 25-ին Երևանում հետազոտության արդյունքների ներկայացմանը հաջորդած պանելային քննարկման ժամանակ ՄՆԿ տնօրեն Նունե Սարգսյանը նշեց այդպիսի մի փոփոխություն․ մինչև լիցենզավորման կարգը տեղական հեռուստաալիքներն ունեին ավելի լայն սահմանում, քան միայն մարզային հեռուստաալիքներն են։ Ուրեմն, դրանց սպառման մասին հարցը նույն նշանակությունը չի ունեցել 2015 և 2021թթ․ հետազոտություններում։

Մեկ այլ հարց, որ քննարկման նյութ դարձավ, վերաբերում է սոցիալական ցանցերը և համացանցային աղբյուրները որպես տեղեկատվության մեկ աղբյուր ուսումնասիրելուն։ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը համոզված է, որ պետք է առցանց ռեսուրսները տրոհել՝ ավանդական մեդիայի հետ դրանց լսարանները համեմատել կարողանալու համար։ 

Քննարկման մասնակից, ՀՌԿԿ տնօրեն Սոնա Բալասանյանը համոզված է, որ դրանց տարանջատումը չի փոխի սպառման պատկերը ավանդական մեդիայի դեպքում, իսկ տարբերությունների մասին կարելի է պատկերացում կազմել այլ ցուցանիշներից, օրինակ, անմիջապես առցանց լրատվականներ կատարվող այցելություններից։

Փոփոխություններին արձագանքելը, հետազոտողի կարծիքով, անհրաժեշտ է, բայց կարևոր է նաև հարցաթերթերի այն տեսքը, որը երկար մշակումների արդյունքում դարձել է պիտանի համապետական հարցումներ իրականացնելու համար։

Հետազոտությունների այս շարքը, Նունե Սարգսյանի կարծիքով, բազմաթիվ նման հարցեր է առաջ բերել, որոնք օգտակար կլինեն, եթե ՄՆԿ֊ն և ՀՌԿԿ֊ն նոր հետազոտություններ ձեռնարկեն։

Հրանտ Գալստյան

Հետազոտության ամբողջական տեքստը կհրապարակվի առաջիկա օրերին ՀՌԿԿ֊Հայաստանի կայքում և ՄՆԿ կայքում:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *