Վերգետնյա հեռարձակում ունեցող հեռուստաընկերությունների ծրագրերի վարկանիշները վերջին երկու տարում կարծես ներկայացնում են անփոփոխ պատկեր։ Վարկանիշների տատանումները չնչին են, սովորաբար կապված որևէ մեկ իրադարձության հետ՝ ասենք, երգի մրցույթի, սպորտային խոշոր միջոցառման կամ հնչեղ պրեմիերայի հետ։
Այսինքն, մեկանգամյա հեռարձակման ենթակա ծրագրերը կարող են փոփոխություն մտցնել դիտումների քանակի մեջ, բայց մեծ հաշվով դրանք հեռուստատեսության սեփական արտադրանքը չեն։ Հետևաբար նաև՝ ոչ կայուն ցուցանիշ։
Իսկ կայունը արդեն ավանդական դարձած լրատվական թողարկումների ու թոք շոուների տասնյակներն են։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) երեք ամիսը մեկ հրապարակում է վարկանշային տասնյակներ՝ ըստ տեսալսողական հաղորդումների ժանրերի։ Վերջին տասնյակները ամփոփում են 2021-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսները։
Լրատվական հաղորդումների (գլխավոր թողարկում) առաջատարը «Արմենիայի» «Ժամն» է, երկրորդը՝ Հանրայինի «Լուրեր»-ը, երրորդը ԱԹիՎիի «Այսօրը»։ Շանթի «Հորիզոն»-ը զիջել է իր դիրքերը, ընդհանրապես այդ հեռուստաընկերությունը կարծես լուրջ ճգնաժամի մեջ է, կասեցրել է նոր հաղորդումների պատրաստումը ու կրճատել աշխատակիցերի քանակը։
Թոք շոու, քաղաքական, սոցիալական ուղղվածություն ունեցող հաղորդումների թագավորը շարունակում է մնալ Պետրոս Ղազարյանը։ Հանրային հեռուստաընկերության եթերում նրա վարած երկու հաղորդումները («Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» ու «Հանրային քննարկում») մրցակիցներ չունեն արդեն վաղուց։ Համենայնդեպս, վերջին տվյալներով՝ դրանք դիտել է ավելի շատ մարդ, քան բոլոր մնացած հեռուստաընկերությունների բոլոր հաղորդումները գումարած։
Հանրայինը ևս մեկ առիթ ունի հպարտանալու։ Ամանորի եթերացանկում նա դարձավ առաջատար՝ իր ողջ ներուժը ներդնելով «Մեկ բակը. 25 տարի անց» ֆիլմ-սքեչը առաջ մղելու համար։ Այդ ֆիլմի երաժշտական ուղեկցությամբ էլ ամփոփվեց անցյալ տարին ու զարկ տրվեց 2022-ի գալստյան։
«Մանկական եվրատեսիլը» շատ մարդ է դիտել, մանավանդ, որ Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց ու հայտնի դարձավ, որ մրցույթը հաջորդ տարի գալու է Երևան։ Բայց «Մեր բակը» արժանի է ավելիին։
Հայաստանի անկախությունից հետո «Մեկ բակը», որը նկարահանել էր «Շարմ» ընկերությունը, լիովին վերափոխեց կինոարտադրության գաղափարը՝ բացելով բոլոր պատնեշները (որակական, լեզվական, սցենարական) ու կարծես ասաց՝ արդեն թույլատրելի է ամեն ինչ։ Օրինակ, կարելի է բեկորացնել սյուժեն ու շահագործել մարդ-դիմակների միակողմանիությունը։ Արդյունքում, կարծրատիպերը, որոնք կային հասարակության մեջ, միանգամից օրինականացվեցին ու անգամ դարձան համակրելի։
Եվ հիմա քառորդ դար անց, վայրիվերումներով անցած Հայաստանում, նորից նկարահանվում է նման սքեչ (այն դժվար է այնվանել ֆիլմ, քանի որ սյուժետային ու դերային միակողմանիությունը թույլ չեն տալիս խոսել զարգացող կինոպատմության մասին), որտեղ միասին կարկատված են սիրողական դերասանական խաղն ու ամեն գնով ծիծաղելի լինելու ճիգերը։
Իսկ դա աշխատում է այսպես. պերսոնաժները նույն բանը ասում ու անում ես հարյուր անգամ, եթե զգում են, որ դա դուր կգա հանդիսատեսին։ Ճնշելով են ուզում դուր գալ։
Կարոտախտի վրա հիմնված այս կինոարտադրանքը իրականում տանում է փակուղի։ Շրջանակում է այն ժամանակային փուլը, երբ կարելի է հանդիսատեսին ու դիտողին համարել նվազ մտային ու հուզական կարողությունների տեր։
Եվ պարզից էլ պարզ է, որ՝ հիմա հարկավոր է նոր բան մտածել արդեն հասուն հանդիսատեսի համար, քանի որ բոլոր գռեհիկ ու ուռճացված ծիծաղելի իրավիճակներն արդեն բեմադրել է «Արմենիա» հեռուստաընկերությունը «Կարգին հաղորդումներում», որոնք կարելի է միացնելով ու փաթեթավորելով երգերով դարձնել ֆիլմ։ Իսկ ինչու՞ ոչ։
Թեև «Արմենիա» հեռուստաընկերությունը հիմա գտնվում է ոչ շատ լավ մարզավիճակում ու նոր հաղորդումների քանակը ևս կրճատել է, ինչպես «Շանթը», բայց կարողանում է իր արտադրանքի կրկնությամբ լինել մրցունակ։ Հումորային, սերիալային ու ժամանցային արտադրանքով այն առաջատար է։
Սպորտային հաղորդումները ևս դիտվել են հիմնականում «Արմենիայի» հեռարձակմամբ, հիմնականում ֆուտբոլային հանդիպումները։
Հետաքրքիր է, թե ինչպես սպորտը կբաշխվի 2022-ին, երբ արդեն խաղի մեջ է մտել կաբելային հեռարձակում ունեցող «Վիվառոն»՝ իր երկու ալիքներով ու մեծ հավակնություններով։
Եվ որ հեռուստաընկերությունները կկարողանան ոտքի կանգնել ու ընդլայնվել, իսկ որոնք կփոխեն իրենց սեփականատերերին, ֆինանսական աղբյուրները կամ ռազմավարությունը։
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: