«Բացակայի որոնումով» ցուցահանդեսը, որը գործեց Երևանում մեկ շաբաթ, ստացավ շատ հետաքրքիր ավարտի ձև։ Այն տարրալուծվեց կյանքում, քանի որ ցուցանմուշները արագորեն ու ուղիղ կերպով ցուցասրահից տեղափոխվեցին դիտողների տուն՝ դառնալով անհատների սեփականություն ու հիշողության նյութականացում։
Մարդիկ ձեռք էին բերում ու տուն տանում ոչ թե վերացական արվեստի գործեր, այլ հենց հիշողություն։ Եվ շատ ցավալի հիշողություն՝ պատերազմի, կորստի ու մահվան հետ առնչվող։
Այսօրվա բավականին շփոթված ու անորոշությամբ լի կյանքում դա իրոք քաջություն է։ Փող ես տալիս ու ձեռք բերում ցավ պատճառող իրականության մի կտոր՝ շրջանակված այնպես, կարծես դա ստեղծագործություն է։
Ստացվում է, որ տուն ես տանում ու պատից կախում պատերազմը։
Որ այն լինի աչքիդ առաջ, որ չմոռանաս, որ ցավը աշխատի ենթագիտակցությանդ հետ ու դու էլ մենախոսես ինքնդ քեզ հետ, թե ինչ արեցիր ու ինչ չարեցիր։
Արվեստագետ, դիզայներ Էդիկ Պողոսյանն իր այս արվեստի նախագծով արցախյան վերջին պատերազմի իրական հետքերը (ռմբակոծություններից ու կրակոցներից վնասված ու խեղված մետաղյա բեկորները՝ մեքենայի թափքը, ցուցանակը, տանիքի թիթեղը) շրջանակել էր փայլփլող շրջանակներով։ Մեծ, լայն, պսպղուն շրջանակներով՝ ոսկեգույն, արծաթագույն, մի խոսքով սնդուսափայլ՝ գլամուրային։
Կուչ եկած, վնասված ու ձևախեղված մետաղը կոնտրաստային բախման մեջ է փայլի ու ճոխության հետ։ Սա շատ պարզ հակադրություն է, բայց ազդեցիկ։
Կոմֆորտն ու պատերազմը մեկ փաթեթում են։ Եվ այդ փաթեթը հիմա հանկարծ շատ մարդիկ համարեցին կարևոր ունենալու իրենց աչքի առաջ։ Գեղեցիկ շրջանակված աղետը թերևս ավելի սարսափելի է, քան չոր վավերագրությունը։
Ընդ որում՝ ցուցանմուշներում ֆիզիկապես մարդ չկա։ Ընդամենը մարդկանց մտորումներից տեքստային ու աուդիո կոլաժ է, առանց համատեքստի ու փաստագրական ճշտումների, թե ով, երբ և ինչից հետո է դա ասել։
Ականատեսների ուղիղ խոսք է՝ առանց խոսողի մասին տվյալների։ Կամ կարճ գրառումներ են՝ պապան էլ չկա, հրետակոծումը շարունակվում է, գյուղապետը ողջ է, շվվոց, գմփոց ու փոշի, տակառը բակում ընկած է, արկն ընկնում է մեքենայի պոչին…
Մարդը բացակա է։
Բայց իրականում ոչ ոք չի ուզում լինել բացակա անգամ եթե բացակայությունը, մեկուսացումը, հրետակոծությունից կամ էլ ինֆորմացիայից պատսպարվելը երբեմն ինքնապաշտպանական բնազդ է։ Ներկա լինելը ավելի բարդ է, և ակամայից բոլորս էլ որոնում ենք ներկա լինելու միջոցներ։
Միգուցե հիմա միակ հասանելի միջոցը հիշողությունը պատից կախելն է որպես սիմվոլիկ ժեստ, որ հիշելով ենք ներկա։
Ցուցահանդեսի համադրող, արվեստագետ Արա Հայթայանը այսպես է պատմում գաղափարի մասին.
«Փորձեմ հպանցիկ ասել՝ արվեստը մոտեցնում է մեկ անձի մենախոսությանը, որը երևի թե այսօր բացակա է։ Ընդհանրապես մեր զգացողությունները թե՛ կյանքից, թե՛ արվեստից սկսվում են մեկ անձի կարողությունից՝ մենախոսելու։ Վերջին հաշվով այսօր մարդկանց իրար կապող հիմնական թեման արյունն է, կորուստը, բացական, զոհը, հարվածը։ Դա է բոլորիս կապում, և դա ենք տեսնում մեկ մարդու մենախոսության մեջ։ Մեկ մարդու ինքնախարազանման մեջ, որն ամեն մեկս մեր մեջ ինչ-որ ձևով վերապրեցինք այս պատերազմի ընթացքում ու պարտությունից հետո։ Բայց երևի շատերը դրանց ձև չտվեցին ու չմատուցեցին, իսկ Էդիկ Պողոսյանը փորձեց դա անել»։
Էդիկ Պողոսյանի այս նախագիծը շարունակում է 2018-ին արված «Հետևանքը՝ արտեֆակտ» նախագիծը, երբ Արցախից բերած մետաղյա թափոնները նա վերածում էր արվեստի նմուշների, արտեֆակտերի։ Այս անգամ նա նյութին չի միջամտել, պարզապես շրջանակել է այն։
Եվ հետաքրքիր է, որ առաջին արցախյան պատերազմից հետո, երբ հաղթանակը թվում էր կայուն իրականություն, ավելի հեշտ էր գտել պատերազմի հետքերը, թեև անցել էին երեք տասնյակ տարիներ։ Հաղթողի հոգեբանությունը թույլ էր տալիս չշտապել վերացնել հետքերը, թողնել, որ վնասների մասին ինֆորմացիան մնա դաշտերում, փողոցներում, լեռների վրա։ Որ ինքն իրեն մաշվի, վերանա, ջնջվի։
Էդիկ Պողոսյանը պատմում է, որ հիմա, թեև նոր պատերազմից հետո անցել է ընդամենը մեկ տարի, իսկ ավերվածություններն ավելի շոշափելի էին, գրեթե չես գտնի պատերազմի հետքեր։ Մարդիկ արագ դրանք հավաքում, մաքրում ու ջնջում են։ Երևի, որ հողը ապաքինված տեսք ունենա, թեկուզ միայն՝ վիզուալ, իսկ Արցախի բնակիչները մոռանան աղետը առօրյայի սպասումով ու որոնումով։
Եվ այստեղ արվեստի դերը հիշեցնելն է։
Որ ցուցահանդես եկած ու ցուցանմուշները տուն տանել ցանկացողները (ողջ գումարը ուղղվելու է բարեգործությանը) կոպիտ ասած՝ իրենց հացի փողով գնեն շրջանակված երկաթի կտորներ ու մտորեն, որ բացակա լինելու փոխարեն կարելի էր ներկա լինել։
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: