2021.11.11,

Նյուսրում

Հայաստանի ինտերնետային ազատության ցուցանիշի անկման պատճառները

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Freedom House իրավապաշտպան հասարակական կազմակերպության վերջերս հրապարակած «Ազատությունը ինտերնետում» ամենամյա զեկույցի այս տարվա տվյալներով Հայաստանը, նախորդ տարվա համեմատ, մի փոքր զիջել է իր դիրքերը որպես ազատ երկիր։ 

Տարեկան զեկույցը կազմելիս հաշվի են առնում խոսքի և կարծիքի ազատ արտահայտումը, տեղեկատվության ազատ հոսքը, տեղեկատվության հասանելիությունն ու մասնավոր տվյալների գաղտնիությունը։ 

Հայաստանը միշտ եղել է ազատ երկրների շարքում, բացի 2016-ից (2017 թվականի զեկույց), երբ ավելի «ստվերային տիրույթում» էր։ Երկիրն իր լավագույն ցուցանիշը գրանցել է 2019-ին, համարյա նույն արդյունքը պահելով նաև դրան հաջորդող տարում։

Այս տարվա «Ազատությունն ինտերնետում» հետազոտությունն իրականացրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Հայաստանի ցուցանիշի մասին մանրամասները նա ներկայացրել է Freedom House-ի հայաստանյան ծրագրի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ։ 

 

Պատերազմ․ արգելափակումներ և հարձակումներ

Այս տարվա վարկանշի նվազման առաջին ու հիմնական պատճառը պատերազմն է. ինտերնետն ադապտացնում էին ռազմական գործողություններին: Այդ ընթացքում արգելափակվել են կայքեր, օգտահաշիվներ, մեկ սոցիալական կայք, ինչպես նաև զանգվածային հարձակումների են ենթարկվել Հայաստանի լրատվամիջոցները։ 

«Պետք է նշել, որ ազատության վրա թողած ազդեցությունը պարտադիր չէ՝ ներսից լինի: Դրանց շարքում կարող են լինել բոլոր այն երևույթները, որոնք, օբյեկտիվորեն, խոչընդոտում են խոսքի ազատությանը»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։  

Հայաստանում ինտերնետի արգելափակումների շատ քիչ փորձ կա, բացի անցյալ տարվանից ունենք 2008-ի օրինակը, երբ արտակարգ դրությունից հետո գրաքննություն էին մտցրել, ինչի հետևանքով մարտի 2-20-ը որոշ լրատվամիջոցներ արգելափակվել էին։ Արգելափակման շատ կարճ մի դրվագ է եղել նաև 2016-ի ամռանը, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, երբ Սասնա Ծռերի Ֆեյսբուքում տարածած գրառումից հետո մոտ մեկ ժամով Հայաստանի որոշ շրջաններում արգելափակել էին սոց․ կայքը, ինչը նաև ազդել էր Հայաստանի ինտերնետի ազատության այդ տարվա ցուցանիշի վրա՝ կիսազատ երկրների ցանկում հայտնվելով։

Պատերազմի ընթացքում ինչ-որ ժամանակով արգելափակվել էր ՏիկՏոկ սոցիալական ցանցն ու ադրբեջանական, թուրքական կայքերը։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ անգամ պատերազմից հետո որոշ պրովայդերներ շարունակում էին արգելափակել այդ կայքերը։ 

Փորձագետը որպես շատ կարևոր խնդիր առանձնացրեց այսօրվա Հաայստանում քաղաքացիական հասարակության պասիվությունն ու անհետևողականությունը սեփական ազատությանը վերաբերող կարևոր խնդիրներին։ Մարտիրոսյանն ասում է, որ պատերազմից հետո արգելափակումներին ոչ մեկն ուշադրություն չի դարձրել, և անգամ զեկույցը գրելիս ինչ-որ կազմակերպության կամ զեկույցի հղում տալու խնդիր կար, որտեղ նշված կլիներ՝ նման բան է եղել։ 

 

Նոր օրենքներ

Գնահատականի վրա հիմնական ազդեցություններից են նաև մի քանի օրենքների փոփոխություններն ու նոր օրենքների ընդունումը, որոնցից է, օրինակ՝ վիրավորանքի քրեականացումը, ինչի հիման վրա արդեն կան հարուցված քրեական գործեր։ 

«Տասը տարի առաջ, երբ երկրում, գուցե, ավելի ոչ դեմոկրատական ռեժիմ էր, եկան վիրավորանքն ապաքրեականացնելու եզրակացության, որն ակնհայտորեն որպես գործիք էր օգտագործվում լրագրողների դեմ։ Հիմա այն ավելի լուրջ գործիք է, որովհետև աշխատում է ոչ միայն լրագրողների, այլև սոցիալական ցանցերի ակտիվիստների ու բլոգերների դեմ»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը։  

Ամփոփելով իր խոսքը, Մարտիրոսյանը նոր օրինագծերը որակեց որպես տարօրինակ, որոնք ՀՀ կառավարությունն ու Ազգային Ժողովը մոտ 2 ամիսը մեկ ռիթմով պարտադրում են։ Դրանցից է օրինակ՝ անանուն աղբյուրների հղում տալու արգելքը։

«Իմպուլսիվ այս օրենքներն, ասես, ստեղծվում են կոնկրետ պահի, դրվագի շուրջ, այլ ոչ թե կազմում են ինչ-որ ռազմավարության մաս»,- ասում է Մարտիրոսյանը։

 

Անձնական տվյալներ

Մարդկանց անձնական տվյալների ապահովության խնդիրն ուղիղ կապ ունի քովիդի հետ։ Համավարակի առաջին օրերին ստեղծվել էր քովիդով վարակվածների և կոնտակտավորների հատուկ համակարգ, որը հիմնված էր բջջային օպերատորների տրամադրած գեոլոկացիոն տվյալներ վրա, ինչպես նաև գրանցում էր, թե երբ է կատարվել զանգը, ում և ինչքան է տևել։

Այս տվյալները կուտակվում և մեքենայական մշակման էին ենթարկվում, որն, ըստ Սամվել Մարտիրոսյանի, խիստ ոչ արդյունավետ էր․ 4-5 ամսում հայտնաբերվել էր 700-ից ավել վարկակակիր, երբ վարակվողների օրական թիվը դրանից մի քանի անգամ ավել էր։ 

«Համակարգը տապալվեց, սակայն մտահոգությունն այն է, որ դրա ողջ աշխատանքը վստահված էր ԱԱԾ-ին և գոյություն չուներ որևէ հանրային վերահսկողություն․ արդյո՞ք դրանք օգտագործվում էին միայն քովիդով վարակվածների համար, թե՞ ԱԱԾ-ն օգտագործում էր նաև այլ առիթներով։ Բարեբախտաբար, համակարգը չեղարկվեց և տվյալների կրիչները ոչնչացվեցին, թեև այդ տվյալները չկլոնավորելու որևէ ապացույց չունենք, զուտ պիտի հիմնվենք ԱԱԾ-ի ազնիվ խոսքի վրա»,- ասում է Մարտիրոսյանը։  

Զեկույցի հեղինակը կարծում է, որ, ընդհանրապես, Հայաստանում մարդկանց չափազանց մեծ քանակի անձնական տվյալները շատ անփութորեն են օգտագործվում ու մշակվում, հայտնվում տարբեր մարդկանց ձեռքերում, ինչպես նաև տեղի են ունենում անձնական տվյալների արտահոսքեր՝ հիմնականում ադրբեջանական հաքերների կողմից։ 

Բացի այս ամենից, զեկույցում ամփոփված են պատերազմի շրջանում որոշ լրագրողների ու խմբագրությունների նկատմամբ հաքերային հարձակումների կամ հարձակումների փորձերի մասին, որոնք որոշ դեպքերում ավարտվել են նաև հաշիվների արգելափակումներով։ Զեկույցի հեղինակ Սամվել Մարտիրոսյանը տարին, ընդհանուր առմամբ, որակում է որպես «ծանր»։ 

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *