2021.09.22,

Նյուսրում

Չնայած նախորդ տարվա համեմատ անկմանը, Հայաստանն ազատ ինտերնետ ունեցող երկիր է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ինտերնետի ազատություն 2021» զեկույցը, որտեղ ուսումնասիրել է աշխարհի 70 երկրների ինտերնետային լանդշաֆթը։ Հայաստանը համարվել է ազատ, 71 միավորով (առավելագույն 100-ից)։ Դա ավելի ցածր ցուցանիշ է, քան անցյալ տարի (75):

Դիտարկվել են ինտերնետի հասանելիությունը, մուտքի խոչընդոտումները, բովանդակության սահմանափակումները, օգտատերերի իրավունքների խախտումները։

Հարավային Կովկասի երկրներից Հայաստանը և Վրաստանն ընդգրկված են ազատ երկրների, իսկ Ադրբեջանը՝ ոչ ազատ երկրների շարքում։ Ոչ ազատ են համարվել նաև Ռուսաստանը, Բելառուսը, Թուրքիան, Ուկրաինան։

Հայաստանի դեպքում հաշվի է առնվել ղարաբաղյան պատերազմն ու ռազմական դրությունը, որոնք զգալի ազդեցություն թողեցին՝ ստեղծելով լծակներ սահմանափակումների համար։ Իշխանությունները պահանջեցին բովանդակության հեռացում և կիրառեցին տուգանքներ։ 

Ինտերնետի ազատության չափումը ներառել է նաև բարեփոխումների որակն ու քաղաքական ուժերի միջամտության հնարավորությունը մեդիադաշտում և դատական ոլորտում։ Չնայած խոստացած բարեփոխումներին, մեծ է վտանգը, որ այդ միջամտությունը պահպանվում է։

Մուտքի խոչընդոտում

Ինտերնետ մուտք գործելը Հայաստանում հեշտ է։ Երևանում ինտերնետը կա գրեթե ամենուրեք՝ հանրային վայրերում, դպրոցներում, համալսարաններում, տրանսպորտում և այլն։  Այդ միտումը տարածվում է նաև այլ մարզերում։

Համաշխարհային բանկի 2020-ի հետազոտության համաձայն՝ Հայաստանում տնային տնտեսությունների 96%-ին ինտերնետը հասանելի է: Դրան գումարած լայն տարածում ունի 4G+ տեխնոլոգիան բջջային ցանցերի համար (5G ցանց ներդնելու հարցը հապաղում է)։ Ընդ որում՝ դիտարկված ժամանակահատվածում շարժական ինտերնետի արագությունը նվազել է, իսկ լայնաշերտ ինտերնետի արագությունը՝ աճել։

Հաշվի է առնվել այն փաստը, որ համավարակի ընթացքում շատ ուսումնական հաստատություններ և կազմակերպություններ աշխատում էին օնլայն, և ինտերնետը անհրաժեշտ գործիք էր։ Այս ընթացքում ինտերնետ մատակարարները (Հայաստանում դրանք չորսն են) նկատել են ինտերնետի օգտագործման՝ թրաֆիկի, 15-25% աճ: 

Ինտերնետ կապի գները Հայաստանում համեմատաբար մատչելի են, թեև կա մի փոքր գնային աճ։ Իսկ համավարակի օրերին ինտերնետ մատակարարներն անվճար ու անվերահսկելի մուտք էին ապահովում կրթական հաստատությունների համար՝ դասեր ու տեսաժողովներ անցկացնելու։

2021-ի հունվարի դրությամբ Հայաստանի բոլոր 1003 բնակավայր 4G+ բջջային ցանցի ծածկույթի տիրույթում էր: 

Մուտքի սահմանափակումներ եղան, երբ 44-օրյա պատերազմի ընթացքում մի քանի շաբաթ հասանելի չէր ՏիկՏոկը, թեև իշխանությունները չհաստատեցին, որ դա տեղի է ունեցել իրենց կամքով։ Փոխարենը խոսեց ՀՀ օմբուդսմենը՝ կոչ անելով պատերազմի օրերին երեխաներին զերծ պահել բռնություն պարունակող բովանդակությունից։

Ինտերնետի որակի նվազում նկատվեց նաև 2021-ի փետրվարին, երբ քաղաքական վայրիվերումներ էին, սակայն ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ ինտերնետ մատակարարները դա պաշտոնապես չեն հաստատել։

Freedom House-ի զեկույցում ասվում է, որ հեռահաղորդակցության շուկա մուտք գործելու էական սահմանափակումներ չկան: Այլևս լիցենզիայի կարիք չկա, ծառայություն մատուցողը պարզապես տեղեկացնում է այդ մասին ՀԾԿՀ-ին (այլ հարց է, որ այդ մարմինը նախկինում աչքի էի ընկել կոռուպցիոն գործունեությամբ)։

Վերջին տվյալներով՝ Հայաստանում կա 183 պրովայդեր: Բայց երեք օպերատոր վերահսկում են ֆիքսված լայնաշերտ ինտերնետի գրեթե ամբողջ շուկան: 2021-ի առաջին եռամսյակում Ucom-ն ուներ 150,647 բաժանորդ, Beeline-ը՝ 55,127, «Ռոստելեկոմը»՝ 58,493։ Այս տվյալները հաղորդել են հենց մատակարարները։

Բովանդակության սահմանափակումներ

Ընդհանուր առմամբ՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներով պաշտպանված բովանդակությունն արգելափակված չէ Հայաստանում։ Սակայն պատերազմի ժամանակ ինտերնետի ազատությունը զգալիորեն նվազեց։

Բացասական գործոն էր ՏիկՏոկ սոցիալական ցանցի ու az և tr տիրույթում աշխատող մի շարք կայքերի անհասանելիությունը։ Այդ կայքերը անհասանելի էին նաև զինադադարից հետո։

Որոշ տեղական կայքեր ենթարկվել էին DDoS  հարձակումների (հիմնականում ադրբեջանական կողմից) և նույնպես ժամանակավորապես անհասանելի էին հակամարտության ընթացքում:

Սրանք բացասական գործոններն էին, իսկ դրականն այն է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ՀՀ քաղաքացիներից հավաքված տվյալների տրամադրումը կառավարությանը չեղարկվեց։ Այսինքն, հեռահաղորդակցության ընկերությունները այլևս պարտավոր չէին իշխանությունների հետ կիսել իրենց բաժանորդների  ու նրանց տեղորոշման մասին ինֆորմացիան։

Ռազմական դրության ընթացքում իշխանությունները ստացան հնարավորություն պահանջելու մեդիայից և անհատներից հոդվածների ու գրառումների հեռացում և կիրառելու տուգանքներ, եթե դա տեղի չի ունենում։

Նոյեմբերի 9-ի դրությամբ իշխանությունները հայտնել էին արգելափակված 401 հրապարակումների մասին, որոնցից 196-ը լրատվամիջոցների բովանդակություն էր, իսկ 205-ը՝ սոցիալական ցանցերի: 

13 լրատվական կայքեր, որոնց անունները ոստիկանությունը հրապարակավ չի հայտնել, տուգանվել են 700,000 դրամով (1430 դոլար): Մեկ հրապարակում, որի հեղինակը հրաժարվել է այն հեռացնել, տուգանվել է լրացուցիչ 1.5 միլիոն դրամով (3000 դոլար)։ 

Բովանդակության սահմանափակումներ եղան նաև մինչ պատերազմը։ Դրանք կապված էին համավարակով պայմանավորված արտակարգ դրությամբ։

Մինչև 2020-ի մարտի 23-ը իշխանությունները կապ էին հաստատել 22 լրատվամիջոցների և անձանց հետ՝ խնդրելով խմբագրել կամ հեռացնել «պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող տեղեկատվությունը»։ Հետագայում այդ պահանջների կետը հեռացվեց։

«Հայաստանում առցանց տեղեկատվական դաշտը բևեռացված է, ենթարկվում է քաղաքական ճնշումների և հագեցած է ապատեղեկատվությամբ: Որոշ օնլայն լրատվամիջոցներում լրագրողներին չի թույլատրվում շեղվել իրենց գործատուների խմբագրական քաղաքականությունից, որը հաճախ կախված է քաղաքական կուսակցություններից կամ ուժերից»,- ասված է զեկույցում (օրինակներից մեկը «Հայկական ժամանակ» թերթն է)։

Ապատեղեկատվության ու մոլորեցնող ինֆորմացիայի աճին նպաստեցին երկու ճգնաժամեր՝ պատերազմն ու համավարակը։ Լսարանը դարձավ ավելի խոցելի։

Հայաստանում ապատեղեկատվության հիմնական աղբյուրներից են այն լրատվամիջոցներն ու անձերը, որոնք հարում են քաղաքական և գաղափարական խմբերին կամ առնչություն ունեն ռուսական մեդիադաշտի հետ։ Նաև ծայրահեղ աջ ուժերը, որոնք ապատեղեկատվություն են տարածում սոցիալական մեդիայի հաշիվներից (հիմնականում Ֆեյսբուք ու Յություբ) և իրենց բարեկամ կայքերից:

Հայ-ադրբեջանական պատերազմն իր հետքը թողեց նաև սոցցանցերում, որտեղ տեղի ունեցան հաշիվների արգելափակումներ։ Եղան դեպքեր, երբ ցանցերի ադմինները գրառումները դիտարկում էին որպես ատելության խոսք կամ կեղծ ինֆորմացիա՝ առանց բավարար հիմքերի։

Սոցցանցերում կեղծ հաշիվներ օգտագործելու մեղադրանքներ ստացել են թե՛ իշխող, թե՛ նախկին իշխանությունները։ Օրինակ, Իմ Քայլն ու ԲՀԿ-ն։

2021-ի փետրվարին Թվիթերը հեռացրեց Հայաստանի կառավարության հետ կապված 35 հաշիվ: Այս հաշիվները ստեղծվել էին Ադրբեջանին թիրախավորող բովանդակությունն առաջ տանելու համար: Որոշ դեպքերում կեղծ հաշիվները ներկայացվել են որպես Ադրբեջանում բնակվող քաղաքական գործիչներ և լրատվական կազմակերպություններ։ Այդ հաշիվների մեծ մասը գործում էր դեռևս 2016-ից, պատերազմը դրանք ավելի տեսանելի դարձրեց։

Freedom House-ի զեկույցում կա կետ, որն առավել բարենպաստ է ինտերնետ ազատության համար։ Դա տնտեսական սահմանափակումների բացակայությունն է։ 

Հայաստանում տնտեսական լծակներ չեն օգտագործվում՝ սահմանափակելու համար ազատ արտահայտվելու իրավունքը։ Որոշ կարգավորող մեխանիզմներ կան վերգետնյա հեռարձակողների դաշտում։ Իսկ գովազդային շուկան թեև փոքր է, բայց ավելի լիբերալ, քան եղել է մինչ 2018-ը։ Զարգացել է նաև առցանց առևտուրը։

Ըստ փորձագետների ՝ 2018-ին առցանց գովազդի շուկան 3,5 միլիոն դոլար էր, և հոսքերի մեծ մասը բաժին էր հասնում բուքմեյքերական հարթակներին։

Ինտերնետը հայաստանցիների համար տեղեկատվության հիմնական աղբյուրն է (36.5%), և վստահելիության հարցը կարևոր է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ընթացքում ՀՀ կառավարությունը գաղտնի պահելով առաջնագծի տեղեկատվությունը, նպաստեց ապատեղեկատվության տարածմանը և նվազեցրեց հասարակության վստահությունը պաշտոնական աղբյուրների նկատմամբ: 

Օգտատերերի իրավունքների խախտումներ

Իրավունքների խախտումները կապված են դատական համակարգի հետ, որի ռեֆորմ այդպես էլ տեղի չունեցավ։ Դատարանը համարվում է ամենաքիչ վստահելի ինստիտուտը։

ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է անհատների և լրատվամիջոցների խոսքի ազատությունը, որոշակի պաշտպանություն է տալիս լրագրողներին նաև քրեական օրենսդրությունը։ Սակայն ոչ մի օրենքում հստակ ձևակերպված չէ, թե ով է լրագրողը (ասենք, օնլայն հարթակում աշխատողը կամ բլոգերը)։ Եվ պաշտպանությունը խնդրահարույց է հնչում։

Վերջին շրջանում Հայաստանում ընդունվեցին մի քանի սահմանափակող օրենքներ և օրենսդրական ակտեր։

Ռազմական դրությամբ պայմանավորված արգելվել էր պաշտոնատար անձանց գործողությունները «քննադատող» կամ «հերքող» բովանդակությունը, որը վերաբերում է ազգային անվտանգությանը: Օրենքում ավելացավ կետ, որով քրեականացվեցին «այդ գործողությունների արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ դրանք որևէ կերպ արժեզրկող» հրապարակումները: Փաստացի այդ սահմանափակումը գործեց մինչև 2021-ի մարտ ամիս։

Ավելին, խորհրդարանը ընդունեց ավելի խիստ պատժամիջոցներ զրպարտության և վիրավորանքի դեպքերի համար, չնայած զրպարտությունը ապաքրեականացվել էր 2010-ին, իսկ 2011-ին Սահմանադրական դատարանը եզրակացրել էր, որ դատարանները պետք է խուսափեն խոշոր տուգանքներ նշանակել լրատվամիջոցներին՝ զրպարտության համար։

2021-ի հուլիսին խորհրդարանը ընդունեց օրենք, որը պետական ծառայողների, քաղաքական գործիչների և այլ հանրային անձանց հասցեին արված ծանր վիրավորանքները կամ հայհոյանքները պատժելու է մինչև 500,000 դրամ տուգանքով: Կրկնվելու դեպքում տուգանքները կարող են հասնել 3 մլն դրամի և մինչև երեք ամիս ազատազրկման: 

Այս դրույթի համաձայն՝ քրեական գործեր չեն հարուցվել, բայց փոփոխությունը պարունակում է վտանգ, որ այն բացասական ազդեցություն կունենա խոսքի ազատության վրա և իրատաեսական չէ։ Հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ վիրավորանքն ու հայհոյանքը հնչում են ամենաբարձր ամբիոններից։

Պոռնոգրաֆիայի և հեղինակային իրավունքի մասին օրենքները համահունչ են միջազգային օրենքներին։ 

Հայաստանում անօրինական կամ հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի ներբեռնումը չի հետապնդվում, քանի դեռ դատախազությունը չի ապացուցել, որ բովանդակությունը պահվել է այն տարածելու մտադրությամբ:

Freedom House-ի զեկույցում Հայաստանն ավելի ցածր տեղ է գրավել նաև այն պատճառով, որ ավելացել են դեպքերը, երբ մարդիկ պատժվում են իրենց օնլայն ելույթների համար։ Կամ բերման են ենթարկվում՝ առանց բավարար ապացույցների։ Բռնության կոչերը կամ թշնամանք հրահրող գրառումները շատ դեպքերում չեն ավարտվում հիմնավոր մեղադրանքով։

Ֆիզիկական բռնությունը լրագրողների ու անհատների հանդեպ՝ կապված իրենց հրապարակումների հետ, պակասել է թավշյա հեղափոխությունից հետո, սակայն չի վերացել։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2020-ին արձանագրել է լրագրողների դեմ ֆիզիկական հարձակումների 4 դեպք Հայաստանում և 2 դեպք Արցախի Մարտունի քաղաքում՝ ադրբեջանական գնդակոծության հետևանքով: 

ԼԳԲՏ+ մարդկանց նկատմամբ ատելության խոսքը շարունակում է մնալ հաճախակի։ Այն հիմնականում տարածում են ծայրահեղ աջ կազմակերպությունները և քաղաքական շարժումները։

2020-ի դեկտեմբերին Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները հրապարակեցին համատեղ զեկույց՝ ադրբեջանական և թուրքական մեդիայից բխող ատելության խոսքի մասին։ Զեկույցում ասվում էր, որ Ֆեյսբուք, Թվիթեր ու ՏիկՏոկ ցանցերում հնչում են կոչեր, որոնք դրդում են բռնության, սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և ժառանգության վայրերի ոչնչացման:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *