2021.11.10,

Նյուսրում

Թերթերը «վերլուծում» են, որ կարողանան ապրել

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Տպագիր մամուլը Հայաստանում լավ օրեր չի ապրում։ Միայն վերջին մի քանի ամիսներին երկու թերթ է դադարեցրել տպագրությունն ու վաճառքը՝ Հայկական ժամանակն ու Ժամանակը։ Երկուսի դեպքում էլ պատճառը վաճառքի ծավալների կրճատումն է։ 

Կորոնավիրուսի և Արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքով տեղական մեդիան ֆինանսական կորուստներ ունեցավ։ Բացի դրանից իրար հետևից մի քանի օրենսդրական փոփոխություններ եղան գովազդի մասին օրենքում, ինչը լրջորեն սահմանափակեց շահումով խաղերի գովազդի ծավալները։

Այս իրավիճակում մեդիան գնաց ծախսերի օպտիմալացման։ Լրատվամիջոցները, որոնք ունեին տպագիր տարբերակ հասկացան, որ այլևս չեն կարող տպագրական ծախսեր անել, վերջին տարիներին արդեն դժվարությամբ էին վաճառվում և լրագրողներին ու թղթակիցներին վճարելու խնդիրներ ունեին։

Չնայած ֆինանսական դժվարություններին, կան թերթեր շարունակվում են տպագրվել և հասնել իրենց ընթերցողներին՝ Հայաստանի Հանրապետություն, Առավոտ, Ժողովուրդ, Հրապարակ և այլն։ 

Մյուս կողմից թվայնացման դարաշրջանում, երբ լուր կամ տարբեր հոդվածներ կարդալու համար ընդամենը պետք է միացնել հեռախոսը կամ համակարգիչը, անգամ թերթի բաժանորդագրությունը դառնում է դանդաղ և միջնորդավորված։ Պարզ ասած, մեդիասպառման այս ձևը հնացած է։

Հատկապես առցանց նորությունների տարափի մեջ տպագիր լրատվամիջոց ունենալն իսկապես մարտահրավեր է, որին պատրաստ են միայն քիչ թվով հայաստանյան օրաթերթեր։

Երկու խմբագրության օրինակով փորձել ենք հասկանալ ինչպես են իրենց աշխատանքը փոխել թերթերը, որպեսզի հարմարվեն նոր իրավիճակին և առհասարակ ինչու են որոշել շարունակել տպագրությունը։

Հայաստանի Հանրապետություն օրաթերթ, գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյան

Թերթն աշխատում է հիմնականում բաժանորդագրությամբ։ Այլևս պետական կամավոր պարտադիր բաժանորդագրություն չկա։ Վաճառվում է Հայաստանում և Արցախում, օրինակը 100 դրամով։

Թերթի իրացումը կազմում է 60-70%, ինչը վատ արդյունք չէ։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում ամբողջապես փոխվել է թերթի դիզայնը, առանձնացրել ենք հոդվածների համար կարճ անոնսների բաժին։

Օրվա լրատվություն թերթում չկա, բովանդակության հիմնական մեխը վերլուծական բնույթի հրապարակումներն են տնտեսական, արտաքին քաղաքականության, սոցիալական և այլ ուղղություններով։ 

Թերթում կարող եք հանդիպել մեկնաբանությունների, միջազգային զարգացումների և այլ թեմայով հեղինակային հրապարակումների, ինչն այս պահին բավականին արդիական է մեր հանրության համար։

Պաշտոնական տեղեկատվությունը թերթում հասցվել է նվազագույնի, որովհետև հիմնական լրատվությունը ընթերցողները ստանում են առցանց լրատվամիջոցներով և հեռուստատեսությամբ։ 

Թերթի վաճառքն իրականացվում է միջնորդ կազմակերպությունների միջոցով, թեև խմբագրությունն ընթացքում տարբեր հանդիպումների, շփումների ժամանակ կազմակերպություններին ու անհատներին առաջարկ անում է։ Հակված ենք ավելացնել բաժանորդագրությունը։

Արցախում այս պահին օրաթերթն ունի 30 բաժանորդ, մյուս տարի պլանավորում ենք այս թիվը հասցնել 100-ի։

Շարունակելու ենք աշխատել, քանի որ վաճառք ունենք, թերթի հանդեպ հետաքրքրություն, բովանդակությանն էլ հավասարակշռված է, հավաստի, ասելիքն ավելի խորքային։ 

Գարիկ Մելքոնյան, Առավոտ օրաթերթի տնօրեն 

Ամեն տարի հաջորդ տարվա համեմատ ավելի է նվազում թերթի վաճառքը, սակայն անցած տարվա համեմատ այս տարի մի փոքր ավելացել է։ Վաճառքը կազմակերպվում է կրպակներում և բաժանորդագրության միջոցով։

Թե ովքեր են հիմնական բաժանորդները այդքան էլ կարևոր չէ, քանի որ իրացնող կազմակերպություններն ունեն իրենց շուկան և այդ տեղեկատվությունը հրապարակային չէ և համարվում է կոմերցիոն գաղտնիք։

Անհատի համար տարեկան բաժանորդագրությունը կազմում է մոտ 40-50 հազար դրամ և դժվար է ասել, որ մարդիկ այսկերպ կցանկանան սպառել թերթը։ Վաճառքը սարսափելի անկում է ապրում։ 

Տպագիր Առավոտը հիմնականում ապրում է գովազդների և կայքի հաշվին: Այս պահին աշխատում է զրոյական վիճակով, այն պահից երբ սկսենք վնասով աշխատել, կդադարեցնենք տպագրությունը։

Թերթի բովանդակությունը հիմնականում վերլուծական է, կան հեղինակային նյութեր տարբեր թեմաներով, որոնք սկզբում տպագրվում են թերթում և միայն մեկ օր հետո Առավոտի կայքում։

Եթե  այսպես շարունակվի, ապա առաջիկա տարիներին տպագիր մեդիայի վիճակը դժվար թե դեպի լավը գնա, հավանաբար կարիք կլինի վերանայել վաճառքով եկամուտ ապահովելու ընդունված ձևը։ Անհրաժեշտ կլինի նոր բիզնես մոդելներ մշակել, գուցե արժե դիմել հավատարիմ լսարանին և գումարի դիմաց հոդվածների ու հետաքննությունների պատվերներ ստանալ, կամ դառնալ նեղ ոլորտային մեդիա։ Կարող են այլ տարբերակներ լինել։

Ամեն դեպքում, որպեսզի թերթը մեր օրերում գոյություն ունենա, պետք է հին մոդելից հրաժարվի և ամբողջապես վերափոխվի, ստեղծի մեդիաարտադրանք, որին չես հանդիպի հեռուստաեթերում և առցանց լրատվամիջոցներում։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *