2021.10.07,

Նյուսրում

«Թվապատում 2021». բարդ տարվա վավերագրություն

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում 2021. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքները: 

«Թվապատումը» միշտ փորձում է խրախուսել որակյալ լրագրողական պատմությունների ստեղծումն ու տարածումը, պարգևատրել այն լրագրողներին, որոնք կարողանում են հրատապ ու կարևոր թեմաները ներկայացնել մշակված ձևաչափերով։ 

Այս տարի կարևոր թեմաներն էին. արցախյան պատերազմից հետո առաջացած մարդասիրական խնդիրները, կորոնավիրուսի համավարակը, հաշվետու և թափանցիկ կառավարման պահանջը, մարդու իրավունքները:

Լրագրողական պատմությունները գնահատելիս մասնագիտական հանձաժողովը կարևորել է թե՛ թեմայի ընտրությունը, թե՛ այն ներկայացնելու գործիքների կիրառումը։

Դիտակ անվանակարգում մրցանակակիր դարձան (250 000 դրամ պարգևով) Հետքի լրագրող Տիրայր Մուրադյանը և լուսանկարիչ Սարո Բաղդասարյանը՝ «Սևանի ափի քանդման ենթակա շինությունների տերերն ու ճեմուղու կառուցման ծրագիրը» մուլտիմեդիա հետաքննական նյութի համար։

Սա այն մանրամասն լրագրողական աշխատանքներից է, որը ենթադրում է լուրջ արձագանք թե՛ հանրության, թե՛ պետական կառույցների կողմից։ Տիրայր Մուրադյանը պատմում է, որ նյութի գաղափարը ծագեց, երբ պետությունը հայտարարարեց, որ Սևանի ափամերձ տարածքի ազատագրումը ապօրինի կառույցներից գերակա նպատակ է, որից հետո պետք է կառուցվի Սևանի ճեմուղին.

«Ուզեցինք գույքագրել այն առանձնատներն ու շինությունները, որոնք գտնվում են այդ ենթադրյալ ճեմուղու տարածքում։ Ուսումնասիրեցինք ու պարզեցինք, որ այդտեղ գտնվող առանձնատներից շատերը պատկանում են այժմ էլ բարձր պաշտոններ զբաղեցնող անձնանց։ Նյութի հրապարակումից հետո արձագանք չեղավ։ Արդյունքում, ինչպես տեսանք՝ ո՛չ ճեմուղին կառուցվեց, ո՛չ էլ ափամերձ տարածքը ազատագրվեց»։

Հետքի լրագրող Տիրայիր Մուրադյանը, լուսանկարիչ Սարո Բաղդասարյանը, Սիվիլնեթի գկխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը

Տիրայրն ասում է, որ թեև լրագրողը ակամայից դառնում է թերահավատ, որ իր աշխատանքը կհանգեցնի փոփոխությունների, բայց միշտ էլ ուզում է նպաստել այդ փոփոխություններին։ 

«Այլապես լրագրությամբ չէինք զբաղվի»,- ասում է նա։

Ռեինֆորմացիա անվանակարգում հաղթող ճանաչվեց և 250 000 դրամ պարգևի արժանացավ «Ուրբանիստա» հարթակի  «Խոշորացված. հինգ տարի անց» հատուկ նախագիծը։ 

«Ուրբանիստա»-ի հիմնադիր, լրագրող Գայանե Միրզոյանը պատմեց, որ այս մուլտիմեդիա հետազոտությունը ստեղծել են մեծ թիմով, ընդ որում՝ ոչ միայն լրագրողներով, այլև սոցիոլոգներով։ Եվ նման միջդիսցիպլինար նյութերը օգնում են ավելի լավ պատկերացնել խնդիրները։

«Թվապատում» մրցույթի անփոփոխ ժյուրիի անդամ, մեդիա փորձագետ Մանանա Ասլամազյանը ներկայացնելով այս նյութը ասաց. «Կան լրագրողական աշխատանքներ, որոնք պատմում են, թե ամեն ինչը շատ լավ է։ Կամ ընդհակառաը՝ շատ վատ։ Սա բազմակողմանի նյութ է՝ ստեղծված տարբեր մուլտիմեդիա գործիքներով։ Եվ այն առանձնանում է իր որակով»։

Արտակարգ գրություն անվանակարգում հաղթեց 4plus.org-ի «Պատերազմի վավերագրողները (ֆրագմենտալ ապրում)» նախագիծը, որի հեղինակը, լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը պարգևատրվեց 200 000 դրամով:

Լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը

Նազիկը ինքը չի եղել պատերազմի վավերագրող, բայց վավերագրել է վավերագրողներին։ Այսինքն, պատմություն պատմել պատերազմի հետքը իրենց մեջ կրող լրագրողների մասին։ Մեդիա ստեղծող մարդիկ՝ իրենց ապրումներով ու զգացածով այս մեծ նախագծի փոքր ֆրագմենտներն են։ 

Անցյալ տարի նաև իրենք էին արտակարգ իրավիճակում։ Ու պատերազմին բոլորս նայում էինք նրանց շնորհիվ ու նրանց աչքերով։

«Թվապատում» մրցույթի ամենաարժեքավոր մրցանակը Գործող անձ (Homo Agendi) անվանակարգն է, որը ավանդույթի համաձայն՝ հանձնվում է ոչ միայն լրագրողական նյութի հեղինակին, այլև այդ նյութի հերոսին։  

Երբեմն (իսկ ավելի ճիշտ, միշտ) նա, ում մասին պատմում ես, դառնում է համահեղինակ։ 

Փոփոխությունների ձգտող, գործող ու այդ ձգտմամբ լսարանին ոգևորող հերոսը յուրաքանչյուր լրագրողի համար մեծ նվեր է։ Եթե ստացար այդ նվերը, լրագրողական նյութդ կամբողջանա ապրումակցման անհրաժեշտ չափաբաժնով։ Ու կօգնի տեսնել, որ կան մարդիկ, որոնք փոփոխություններին ոչ միայն սպասում են, այլև գիտեն, որ ավելի արդյունավետ է այդ սպասումը վերածել գործի։ 

Այս տարի Գործող անձ մրցանակի արժանացավ Mediamax.am-ի լրագրող Գայանե Ենոքյանի «…Որ սահմանն ապրի». Երեւանից Արցախի Սարուշեն գյուղ տեղափոխված Վաչեն պատմությունը: 

300 000-ական դրամով պարգևատրվեցին և՛ նյութի հեղինակը, և՛ հերոսը, 22-ամյա Վաչե Վարդանյանը, որը որոշել է ամեն բան սկսել զրոյից՝ տեղափոխվելով ապրելու ու աշխատելու Արցախի սահմամերձ գյուղ։ Իր խոսքով ասած՝ «որովհետև ուզում էի, որ սահմանն ապրի»։ Վաչեն ինքն իրեն պիտանի ու ներդաշնակ է զգում՝ դառնալով դժվար կացության առաջ կանգնած Արցախի նոր բնակիչը։

Mediamax.am-ի լրագրող Գայանե Ենոքյանը

Գայանեի համար պատերազմի արհավիրքներից ոչ պակաս ցավալի է մարդկային հարաբերությունների ճգնաժամը, որը առավել լավ երևում է փոքր համայնքներում.

«Մարդկային վարքագծի օրինակներ են կարևոր։ Ես վստահ եմ, որ այն մարդիկ, որոնք գործում են անկեղծ մոտիվներով ու անվախ են, միշտ ծառայելու են բարիին»։ 

Նա պատմեց, որ հիմա իրենք Վաչեի հետ լավ ընկերներ ու գաղափարակիցներ են ու պիտի հետևի Վաչեի հետագա քայլերին, որը Սարուշենում բացել է կարի արտադրամաս, իսկ շուտով  Կարմիր շուկայում նրա մասնակցությամբ կսկսի գործել նաև մանկական կրթական կենտրոնը։ 

Գայանե Ենոքյանը կպատմի այդ մասին մեզ։ 

Թերևս մեր մեդիա դաշտի ամենալուրջ խնդիրներից է հետևողականության պակասը։ Կամ ավելի ճիշտ՝ շղթայական ռեակացիայի կարիքը, երբ լրագրողական աշխատանքները ունակ կլինեն դառնալու իսկական ցանց՝ իրարից բխող որակյալ աշխատանքով, թեմայի կարևորությամբ ու հանրային ընկալումը փոփոխող հերոսնեով։ 

Վաղինակ Ղազարյանը և Մարգարիտա Ղազարյանը մրցանակներ ստանալիս

Այդ մասին խոսեցին նաև «Թվապատում» հատուկ մրցանակի և100 000-ական դրամ պարգևի արժանացած լրագրողները Վաղինակ Ղազարյանը՝ «Ցավալի ճամփորդություն՝ պատերազմի միջով» ֆոտոպատմության համար (Մեդիամաքս), Արեն Մելիքյանը՝ «Նոր կյանք պատերազմից հետո» փոդքասթի համար (Ազատություն), Մարգարիտա Ղազարյանը՝ «Պայմանագրով արդյունահանում, իրականում՝ չշահագորվծող հանքեր. Սյունիքի մարզի լքված հանքերը» հետազոտական նյութի համար (Ինֆոքոմ)։ 

Մարգարիտա Ղազարյանը, որը քարտեզագրել է Սյունիքի հանքերն ու ճանապարհները, պատմեց, որ հետազոտության համար անհրաժեշտ այն տվյալները, որոնք պետք է լինեին բաց, իրականում փակ էին։ Ճանապարհը դեպի Սյունիք՝ նույնպես։ 

Մարգարիտան հույս ունի, որ հետաքննությունների արխիվը, ի վերջո, կօգնի, հանրությանը կողմոնորշվել բարդ հարցերում։ Եվ լրագրողների աշխատանքը կգնահատվի նաև գործընկերների կողմից։ 

«Թվապատման» խրախուսական (50 000 դրամ) մրցանակի արժանացան Աննա Սահակյանը՝ «Համայնքների խոշորացում. խնդիրներ և արդյունքներ» նյութի համար (Ինֆոքոմ)  և «Ինֆոդեմիա» հաղորդաշարի հեղինակները (ՀԼԱ/Ցայգ հեռուստաընկերություն)։

«Թվապատում 2021» ամփոփեց այս բարդ տարին հույսով, որ որակյալ լրագրողությունը երկարաժամկետ ազդեցություն ունեցող մասնագիտություն է (ոչ թե պիտանելիության ժամկետն արագ կորցնող լուրերի արտադրություն), քանի ու տեսնում ու ցույց է տալիս կարևորը։

Նունե Հախվերդյան
Լուսանկարները Հակոբ Հովհաննիսյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *