2021.10.02,

Նյուսրում

Հայկական մեդիան ամփոփում է 2020-ի արցախյան պատերազմը

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Մեկ տարի է անցել արցախյան երկրորդ, 44-օրյա պատերազմից, որի վերաբերյալ շատ մանրամասներ դեռ անհայտ են։ «Մեկ տարի» արտահայտությունն ակամայից շատ ֆլեշբեքերի (հետաթարթ) առիթ է դառնում, հատկապես տեղեկատվական դաշտում՝ պաշտոնական, կեղծ, վստահելի կամ հակառակորդի աղբյուրներ և այլն։ 

Այսօր արդեն ժամանակը թույլ է տալիս վերանայել ու գնահատել մոտ անցյալում կատարված դեպքերը, ինչն անում են հայկական մի շարք լրատվամիջոցներ։ Նրանց ձեռքի տակ են արխիվը, տեղական ու միջազգային աղբյուրները, պատմելու գործիքները, սեփական մտքերն ու նպատակները։ Այս ամենի մասին զրուցել ենք այդ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

 

Սիվիլնեթ

Ձևաչափ` տեսանյութ

Սիվիլնեթն այն տեղական խմբագրություններից էր, որն առաջնագծից լուսաբանում էր պատերազմը։ «Դա այն էր, ինչ անում էինք 2020-ին, գուցե, ինչ-որ առումով չհասկանալով, թե ինչ է տեղի ունենում»,- ասում է կայքի խմբագիր Ստելլա Մեհրաբեկյանը։ Մեկ տարի անց նրանք հետհայացք են նետում ու նորովի ընկալում և մատուցում իրադարձությունները։ 

«Մեր նպատակն է ցույց տալ, թե ինչ հետևանքներ ունեցավ աղետալի պատերազմը։ Այդ ամենը երևում է նախ զոհված զինծառայողների մասին տեսանյութերում, որոնցից շատերի ընտանիքները կանգնած են ահռելի խնդիրների առաջ»։

Մարդկային պատմությունների, քննադատական ու վերլուծական մտքեր ամփոփող տեսանյութերի միջոցով խմբագրությունը փորձում է պատմել, թե ինչ եղավ, ինչ արեցին կամ չարեցին իշխանությունները, և ինչ դասեր կարող ենք քաղել այդ ամենից։

 

Հետք

Ձևաչափ՝ հետաքննություն

Հետքում պատերազմի հետաքննությունը վաղուց են սկսել։ Շատ ծավալուն աշխատանքով զբաղվող փոքր թիմը փորձում է վերականգնել պատերազմական գործողությունների ողջ ընթացքն ու մանրամասները՝ բոլոր մարտերը, բնակավայրերի գրավումը, հանձնումը և դիմադրության դեպքերը, յուրաքանչյուր գերու և զոհվածի պատմությունները։ 

«Նպատակը պատերազմի պատկերը վերականգնելն ու պարտության պատճառները մոտավորապես բացահայտելը, որովհետև կան բազմաթիվ մութ ու հանելուկային դեպքեր, որոնք մեզ հասցրել են պարտության»,- պատմում է Հետքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ 

Տվյալների հիմնական աղբյուրները մարտական գործողությունների մասնակիցներն են, զոհվածների դեպքում՝ նրանց հարազատներն ու ծառայակիցները։ Լրագրողական թիմը տարբեր ուղղություններով է աշխատում՝ կազմելով որոնողական աշխատանքների մասին ինտերակտիվ քարտեզ, պարզելու, թե որ հատվածում են ամենաշատ զոհերը եղել,  հավաքելով անգամ զոհվածների ու նրանց հարազատների մասին տվյալներ, որոնք դեռ հրապարակված չեն։ 

Այս պահին չհրապարակված շատ նյութեր կան, որոնք հետագայում, ինչպես ենթադրում է Բաղդասարյանը, կարող են պատերազմի մասին մի առանձին կայքում լինել։ 

Հետքը պատերազմի մասին մի քանի ամբողջացնող թեգ ունի` զոհեր, վիրավորներ ու վկայություններ:

 

Մեդիամաքս

Ձևաչափ՝ ժամանակագրություն (մուլտիմեդիա)

Նախագծի գաղափարն առաջացել էր գարնանը, երբ քննարկումների արդյունքում Մեդիամաքսում որոշեցին կազմել պատերազմի ժամանակագրությունը՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչ էր կատարվում մեկ տարի առաջ նույն օրը։ Կայքի հրապարակումների հիման վրա կազմված յուրաքանչյուր գլուխ անրադառնում է ռազմաճակատի դեպքերին, իշխանությունների քայլերին ու հայտարարություններին, ինչպես նաև աշխարհի արձագանքին։ 

«Որոշեցինք հավելյալ մեկնաբանություններ չանել, այլ կրճատված, լրամշակված տարբերակով ներկայացնել այն տեղեկատվությունը, որը տպագրվել է մեկ տարի առաջ՝ առանց միջամտությունների ու մեկնաբանությունների»,- ասում է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ այս նախագիծը կարող է լրագրողների, հետազոտողների, ուսանողների և, ինչու ոչ, նաև քաղաքական գործիչների համար հետագայում տվյալների շտեմարան լինել։

 

5-րդ ալիք

Ձևաչափ՝ հաղորդաշար

 

«Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն»․ այսպես է անվանել ընդդիմադիր 5-րդ ալիքը պատերազմի ամեն օրվա մասին պատմող հաղորդաշարը:

«Պատերազմի ժամանակ մենք օգտվում էինք և՛ ադրբեջանական, և՛ արտասահմանյան այլ աղբյուրներից, այդ թվում նաև ուկրաինական մի քարտեզից, որի գրաված տարածքների մասին տեղեկությունները բացարձակ չէին համապատասխանում այն ամենին, ինչ մեզ տալիս էին մերոնք»,- ասում է 5-րդ ալիքի տնօրեն Հարություն Հարությունյանը։ 

Բացի այլընտրանքային տեղեկատվությունից հաղորդաշարում շեշտադրվում է նաև իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաև վարչապետի ընտանիքի անդամների գործողություններն ու հայտարարությունները։

Հեռուստաալիքի տնօրենը կարծում է, որ հավաքած, բայց դեռ չհրապարակած տեղեկությունները կարող են լույս տեսնել ամբողջական վավերագրական ֆիլմի տեսքով՝ մեկ այլ տեսանկյունից ներկայացնելով պատերազմը։ 


Տեղական լրատվամիջոցներները, մեդիա հարթակներն ու անհատները պատերազմի ժամանակագրությունն ամբողջացնելու տարբեր մոտեցումներ ունեն։ EVN Report-ը մեկ նյութի մեջ է հավաքել ռազմական գործողությունների սեփական
անդրադարձները, Իրազեկ քաղաքացիների միավորումը, օգտվելով տեղական և միջազգային լրատվամիջոցների տեղեկատվությունից, պատերազմի քրոնիկոնը կառուցել է գրաֆիկական լուծումներով, իսկ News.am-ն ամեն օրը վերարտադրում է տեքստերով և հիպերհղումներով։ Պատերազմական յուրաքանչյուր ամսաթիվն ամփոփում է նաև լրագրող Թաթուլ Հակոբանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով։

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *