2021.08.10,

Նյուսրում

Հայհոյանքի քրեականացում․ ի՞նչ խնդիրներ ունի նոր նախագիծը

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի մի նախագիծ, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Խոսքը հայհոյանքն ու ծանր վիրավորանքը քրեականացնելու մասին է։ 

Համացանցային տիրույթում հանրությունն այդ նախագծին մի քանի տեսանկյունից մոտեցավ․ օրենքի անհավասարությունը, անորոշ սահմանումները, խոսքի ու մեդիայի ազատությունը և այլն։ Մեկտեղելով բոլոր մտքերն ու քննարկումները, փորձել ենք պատասխանել հնարավոր բոլոր հարցերին, որոնք կարող են պետք գալ այս օրենքի շուրջ դիսկուրսին մասնակցելիս։ 

Ի՞նչ օրենք է

Նախատեսվում է, որ ՀՀ 2003 թ․ ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի մեջ լրացում կկատարվի` ավելացնելով 137.1 հոդվածը, որն էլ հենց քրեականացնում է ծանր վիրավորանքն ու հայհոյանքը:

Ովքե՞ր են հեղինակները

Վլադիմիր Վարդանյան, Աննա Կարապետյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արփինե Դավոյան, Գեւորգ Պապոյան, Վահագն Հովակիմյան, Նարեկ Զեյնալյան, Լուսինե Բադալյան, Կորյուն Մկրտչյան, Անդրանիկ Քոչարյան։

Ի՞նչ է առաջարկում

  1. Եթե ինչ-որ x անձ վիրավորանք է հասցնում y անձին, այսինքն՝ հայհոյում է նրան, կամ ինչպես օրենքն է ասում՝ դիպչում է y անձի արժանապատվությանը հնարավոր այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակներով, ապա տուգանվում է։

Տուգանքը չափը՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկ, այսինքն՝ օրենքում նշված պարամետրերին համապատասխանող մեկ բառը կարժենա 100,000 դրամից մինչև 500,000 դրամ։

2. Օրենքի երկրորդ կետն ավելի խիստ պատժաչափեր ունի, որը ենթադրում է՝ միտված է կարգավորելու համացանցում հատկապես պաշտոնյաների հասցեին հաճախ ուղղված հայհոյախառն արտահայտությունների տարածումը։ 

Պայմանները հետևյալն են․ x անձը  հանրային գործունեություն ծավալող անձի վերաբերյալ արդեն հրապարակային եղանակով ծանր վիրավորանք պարունակող նյութեր է տարածում։ Տուգանքի չափը՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկ։ Թվերով հաշված՝ 500,000 դրամից մինչև 1,000,000 դրամ։

3. Սա դեռ ամենը չէ։ Օրենքը կխստանա արդեն երրորդ կետով, երբ 2-րդ կետում նշված բոլոր պայմանները կրկնվեն արդեն միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար։ Տուգանքի չափը՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկ (1,000,000 դր – 3,000,000 դր), կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Օրենքի հեղինակները նաև փորձել են հստակեցնել՝ ինչ ասել է, թե հանրային գործունեություն ծավալող անձինք, դրանք են՝ լրագրողները, հրապարակախոսները, ծառայողական պարտականություններ և հանրային ծառայություններ կատարողները կամ հանրային պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև հասարակական ու քաղաքական գործունեություն ծավալողները։ 

Ազգային Ժողովի 7-րդ գումարման եզրափակիչ արտահերթ նստաշրջանի ընթացքում ընդունված օրենքի նախագծի շուրջ զրուցել ենք իրավաբան, տեղեկատվական անվտանգության մասնագետ Դավիթ Սանդուխչյանի, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ, որոնք առանձնացրել ենք հետևյալ խնդիրները․ 

Օրենքի ընդունման հիմքեր

Օրենքի նախագծի հեղինակների բերած հիմնավորումների մասին Դավիթ Սանդուխչյանն ասում է․ «Նախևառաջ, այս օրենքն ընդունելիս պետք է հաշվի առնել, որ մենք խոսում ենք Հայաստանի իրականության շրջանակներում, որտեղ մեծ թերություններ կան իրավական համակարգում: Օրենքի նախագծի հեղինակները որպես հիմնավորում են բերում նմանատիպ օրենքներ ընդունած Դանիային, Գերմանիային, Իսլանդիային, Լյուքսեմբուրգին, բայց պետք է գիտակցել, որ այդ երկրների կայացած դատական ու իրավական իշխանությունները կապ չունեն ոչ նախկին կոռումպացված, ոչ ներկա իշխանությունների հետ»: 

Իրավաբանն անհանգստանում է, որ այս դեպքում օրենքը կարող է գործել կամայական ձևով։

Որոշակիություն

Խնդիրը, որն ամենաշատն է բարձրաձայնվում, օրենքի նախագծում կիրառվող եզրույթների որոշակիությունն է, այսինքն, ինչպե՞ս և ի՞նչ հիմքերով են դատավորները որոշելու, թե հնչեցված արտահայտությունը ծայրահեղ անպարկեշտ է կամ վիրավորանք է, թե ոչ։ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ օրենքն ուղիղ կապ ունի մարդու իրավունքների ոլորտի հետ, որը ենթադրում է՝ պետք է ունենա առավելագույն որոշակիություն անուններում և ձևակերպումներում: «Հայհոյանք»-ի և «ծայրահեղ վիրավորանք»-ի դեպքում այդ սահմանումները հստակ չեն, ինչը խնդիր է առաջացնում սահմանադրության հետ համապատասխանության առումով: 

Անհավասարություն

«ԵՄ-ում կա հայտնի մոտեցում․ հանրային անձինք պետք է ավելի հանդուրժող լինեն անգամ անպարկեշտ քննադատությանն ու ծաղրանքին, որովհետև հանրային անձն ինքնապաշտպանվելու ավելի շատ գործիք ունի, մինչդեռ շարքային մարդն ավելի անպաշտպան է: Այս հոդվածը խիստ հակառակն է»,- ասում է Սանդուխչյանը։

Հանրային քննարկումներ

Ինչպես փաստում են թե՛ մեդիա ոլորտի մարդիկ, թե՛ իրավաբանները, այս նախագծի ընդունումից առաջ հանրային քննարկումներ չեն եղել: 

«Պատգամավորների հետ միասին այդ բարձր պաշտպանվածության մեջ են ներառված նաև լրագրողները, հրապարակախոսները, հասարակական գործիչները: Ստացվում է` առանց քննարկումների, առանց այդ մարդկանց ցանկությունները լսելու, պատգամավորները նրանց որոշել են ներառել այդ ցուցակի մեջ, ինչն անընդունելի է: Բոլոր այդ անձանց ներառելով  կարելի է ենթադրել, որ դրանով քողարկում են պետական պաշտոնյաների պաշտպանությունը, որն ուղղված չէ լրագրողների համար ավելի հարմար աշխատանքային պայմաններ ստեղծելուն, ինչի կարիքն այս պահին նրանք ավելի շատ ունեն»,- ասում է Նավասարդյանը: 

Օրենքի ներքին հակասություն, ընդունման հապճեպություն

Իրավաբան Սանդուխչյանի կարծիքով՝ այստեղ չկա իրավական նորմերի խախտում, այլ կա տրամաբանական հակասություն․ «Քաղաքացիական նորմերում կան վերապահումներ հանրային անձի վերաբերյալ, իսկ քրեականում՝ ոչ: Փոխատուցումն էլ գնում է ոչ թե տուժող անձին, այլ պետությանը»:

«Կամ իրենք չեն հասցրել կամ չեն մտածել, որ պետք է փոփոխություն մտցնեին նաև քրեական դատավարության 183-րդ կետում (Տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերը), ինչը պարտավոր էին: Այսինքն, ցանկացած մարդու, ում ծանր վիրավորանք են հասցնում, առանց նրա դիմումի, կարող են հետապնդել ու քրեական գործ հարուցել»,- ասում է Սանդուխչյանը:  

Արդյո՞ք լրագրողներն ունեին այս օրենքի տված պաշտպանությունը

Ինչպես օրենքի նախագծում է նշված՝ լրագրությունը հանրային գործունեություն է, որի հիմքով արվող հայհոյանքն ու ծանր վիրավորանքը մի քանի անգամ ավելի բարձր տուգանք է ենթադրում։ Թե՛ Արամ Աբրահամյանը, թե՛ Բորիս Նավասարդյանն ասում են, որ իրենք, խմբագրությունն ու կոլեգաները նմանատիպ պաշտպանության կարիքի մասին հանրային ձևով չեն հայտնել, և իրենք դրա կարիքը չունեն։

Արդյո՞ք օրենքը կարող է խանգարել լրագրողական գործունեությանը

Լրագրողական աշխատանքին հնարավոր խոչընդոտող կողմերից մեկի մասին նշեց Աբրահամյանը․ «Եթե ես հարցազրույց եմ վերցնում ինչ-որ մեկից, որը, ենթադրաբար, այդպիսի արտահայտություններ է թույլ տալիս, ապա ո՞րն է իմ պատասխանատվությունը, իսկ ո՞րը՝ այդ արտահայտությունն անող մարդունը»։

Դավիթ Սանդուխչյանն անդրադարձավ լրագրողների կողմից նյութի վերարտադրման համար կիրառվող տարբեր տեխնիկաներին, որոնցից է նաև ծաղրը. «Իսկ անպարկեշտ ծաղրանքը վիրավորա՞նք է, թույլատրելի՞ թե՞, ոչ։ Չէ՞ որ տարբեր հնարքներ կան, որոնք լրագրողի նյութն ավելի պատկերավոր ու հասանելի են դարձնում, և մենք գիտենք գործեր, թե աշխարհում ինչպես կարող է ծաղրը հանրային նշանակություն ունենալ»։

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *