2021.07.01,

Նյուսրում

Նախընտրական քարոզչական գումարներն ու հեռուստատեսային եթերը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններին քաղաքական ուժերը քարոզչության նպատակով հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաեթերի համար վճարել են մոտ 395 մլն դրամ։

Ամենաշատ եթերաժամանակը գնել է «Հայաստան» դաշինքը, սակայն նախընտրական քարոզչության ծախսերով առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է։ Երրորդ տեղում «Պատիվ ունեմ» դաշինքն է։

Քարոզչության համար մեծ բյուջե ունեցող քաղաքական ուժերն իրենց խոսքն ընտրողին հասցնելու համար օգտվել են բոլոր հարթակներից՝ թռուցիկներից ու վահանակներից մինչև հատուկ գրությամբ շապիկներ և այլն։

Սակայն ընդհանուր ծախսերում առյուծի բաժինը հեռուստաեթերինն է։ Ընդ որում, եթե շատ քվեներ ստացած քաղաքական ուժերն աշխատել են բոլոր հեռուստաընկերությունների հետ, ապա ֆինանսապես սահմանափակ ուժերը նախընտրել են մարզային հեռուստաընկերությունները։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերի, պատկերներում կարող եք տեսնել շատ և քիչ ծախսած քաղաքական ուժերին՝ ըստ հերթականության։

Նախընտրական քարոզչության համար կուսակցությունների ծախսերը

 

Ընտրություններին մասնակցող ուժերից մեկը՝ Եվրոպական կուսակցությունը, քարոզչական ծախս ընդհանրապես չի արել։ Ֆինանսների հարցում պասիվ են եղել «Քաղաքացու որոշում», «Վերելք», «Ինքնիշխան Հայաստան», «Ազատություն» կուսակցությունները։

Հեռուստաընկերություններին վճարած գումարները 

Մի քանի հոդվածներով արդեն անդադարձել ենք կորոնավիրուսի և արցախյան վերջին պատերազմի հետևանքով լրատվամիջոցների ֆինանսական խնդիրներին։ Ամենածանր հարվածը ստացել էին հեռուստաընկերությունները, որոնց համար այս ընտրությունները դարձան գումար ներգարվելու լավ առիթ։

Եթերաժամանակի համար նրանց ֆինանսական առաջարկը շատ չէր տարբերվում անցյալ տարիների առաջարկից։ Իրենց եթերաժամանակը ամենաթանկը վաճառեցին Արմենիա և Շանթ հեռուստաընկերությունները՝ րոպեն սահմանելով 100 հազար դրամ։ Իսկ Հանրայինն իր եթերի համար սահմանեց շուկայականից ցածր գին՝ րոպեն 45 հազար դրամ, որպեսզի քաղաքական ուժերի համար հավասար և մրցակցային միջավայր ստեղծի։

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հեռուստատեսային ծախսերը օգնում են հասկանալ, թե որ հեռուստաընկերությունների եթերն է նախընտրելի։ 

Ամենաշատ գումարը՝ մոտ 98 մլն դրամ, ստացել է Շանթ հեռուստաընկերությանը, 95 մլն դրամով երկրորդն Արմենիան է, երրորդ տեղում Արմնյուզն է՝ 37 մլն դրամ։

Հանրային, Երկիր մեդիա և Ա-Թիվի հեռուստաընկերություններ աշխատել են գրեթե նույնքան՝ մոտ 275 մլն դրամ։ Ամենաքիչ գումարն աշխատել է ժամանցային ուղղվածության Դար21 հեռուսալիքը՝ մոտ 4 մլն դրամ, որը մի քանի անգամ քիչ է, քան որոշ մարզային հեռուստաընկերությունների եկամուտը։

Արմենիա և Շանթ հեռուստաընկերությունների հետ կնքված ամենաթանկ պայմանագրերը «Հայաստան» դաշինքինն է՝  յուրաքանչյուրի հետ 24 մլն դրամ արժողությամբ։ 5 և ավելի մլն դրամի պայմանագրեր այս քաղաքական ուժը կնքել է մարզային հեռուստաընկերությունների հետ։

ՔՊ-ն իր ռեսուրսները բաշխել է գրեթե բոլոր հարթակների միջև՝ օրինակ մոտ 2 մլն 800 հազարի պայմանագրիր է կնքել Արմնյուզ հեռուսաընկերության հետ, ևս 2 մլն 400 հազար դրամի էլ՝ 5-րդ ալիքի հետ։

Հայկական երկրորդ հեռուստաալիքը, որը հանրապետական սփռման լիցենզիա չստացավ, սակայն եթերում է կաբելային ցանցում, այս ընտրությունների ժամանակ կարողացել է քարոզչության համար եթերաժամանակ վաճառել՝ մոտ 11 մլն դրամի սահմաններում։ 

«Պատիվ ունեմ» դաշինքը հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող և մարզային հեռուստաընկերությունների հետ հավասարապես է աշխատել և բավականին մեծ բյուջե է տեղաբաշխել մարզային գրեթե բոլոր հարթակներում։

Այս ընտրություններին հեռուստատեսային ծախսերով բավականին համեստ է եղել ԲՀԿ-ն։ Ֆինանսական ամենախոշոր պայմանագիրը կնքել է Կենտրոն հեռուստաընկերության հետ, համեմատաբար քիչ է աշխատել մարզային հեռուստաընկերությունների հետ։

ՀԱԿ-ը քարոզչության հիմնական գումարը տեղաբաշխել է Արմենիա և Շանթ հեռուստաընկերությունների միջև։ Հանրապետական և մայրաքաղաքական սփռման հեռուստաընկերություններից աշխատել է նաև Հանրայինի հետ։ Մարզային հեռուստաեթերից չի օգտվել։

Ընդհանուր միտումն այն է, որ քիչ գումար ունեցող քաղաքական ուժերն ավելի շատ աշխատել են Հանրային և մարզային հեռուստաընկերությունների հետ։ Ընդ որում, կա քաղաքական ուժ, որն իր ապագա ընտրազանգվածը տեսել է Լոռու մարզում, հետևաբար գնել է տեղական հեռուստաալիքների եթերաժամանակը։

Առաջիկայում առանձին կներկայացնենք նաև այս ընտրություններին մարզային հեռուստաընկերությունների աշխատած գումարներն ու նախընտրությունները։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *