Նախընտրական քարոզարշավը մեդիայում մեծ մասամբ համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին, քան նախընտրական քարոզարշավն՝ ընդհանուր առմամբ։ Այս եզրակացությանն է եկել Երևանի մամուլի ակումբի մշտադիտարկան թիմը։
Ինչպես նախորդ հաշվետվությունում, այնպես էլ բուն քարոզարշավի ընթացքում (հունիսի 7-18-ը) ուսումնասիրվել են հայկական համազգային բոլոր 6 հեռուստաալիքների (Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջին ալիք, Ա-ԹԻՎԻ, «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Շանթ») և Հայաստանի հանրային ռադիոյի աշխատանքը։
Ընտրությունների նկատմամբ ամենամեծ ուշադրությունը համազգային հեռարձակողներից ցուցաբերել են Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքը և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը։ Այս երկու լրատվամիջոցների կողմից նախընտրական քարոզարշավին տրամադրված եթերաժամանակի հանրագումարային ծավալը գրեթե երկու անգամ գերազանցել է հետազոտված մյուս հինգ լրատվամիջոցների համապատասխան հանրագումարային ցուցանիշը։ Ընտրությունների լուսաբանման ակտիվության մակարդակով երկրորդ խմբում են «Կենտրոն» և «Շանթ» հեռուստաընկերությունները։
Հեղինակները «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից ընտրությունների լուսաբանման աշխատանքներում որոշակի փոփոխություն են նկատել։ Եթե այն նախկինում լուսաբանման ինտենսիվությամբ մրցակցում էր «Երկիր Մեդիայի» հետ, ապա այս անգամ մեծ ուշադրություն չի ցուցաբերում քարոզարշավին։
Նախկինում «Կենտրոնի» ուշադրության կիզակետում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն այս անգամ նախընտրական քարոզչության առաջին վեց օրերի ընթացքում, այստեղ ակնհայտ առաջատարը, անդրադարձների և՛ ծավալով, և՛ հաճախությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Ի դեպ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդրադարձները «Կենտրոնի» եթերում կրել են բացառապես չեզոք բնույթ։
«Արմենիան», Ա-ԹԻՎԻՆ և Հանրային ռադիոն, այս նախընտրական քարոզարշավի նկատմամբ ուշադրության աստիճանով էապես հետ են մնացել և սահմանափակվել են ընտրությունների լրատվական լուսաբանմամբ։
Ինչպես նախորդ փուլում, այնպես էլ հունիսի 7-12-ը մեդիաները հիմնական եթերաժամանակը հատկացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և «Հայաստան» դաշինքին։
Թեև մյուս 23 քաղաքական ուժերը, ի տարբերություն նախորդ հաշվետվության տվյալների՝ ուշադրությունից դուրս չեն մնացել։
Այս անգամ էլ «Քաղաքացիական պայմանագիրն» առաջատար է լուսաբանման ինչպես ծավալով, այնպես էլ՝ հաճախությամբ։ Դեպքերի գրեթե կեսում (117՝ 251-ից) իշխող քաղաքական ուժին անդրադարձները ուղեկցվել են բացասական գնահատականներով և միայն երեք նյութում է այն լուսաբանվել դրական համատեքստում։
«Հայաստան» դաշինքին այս անգամ եղել է 15 բացասական անդրադարձ և 26 դրական, որոնցից 13-ը արձանագրվել է «Երկիր Մեդիա» հեռուստաալիքում։
Հիմնականում բացասական կողմից են ներկայացվել «Պատիվ ունեմ» դաշինքը, որը նույնականացվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Այս հանգամանքը հետազոտության հեղինակներին թույլ է տվել եզրակացնել, որ ընտրությունների արդեն տարածված բնութագիրը՝ որպես «նախկինների և ներկաների» պայքար, հիմնավորված է։
Նշվում է նաև, որ ամբողջ ընտրարշավի թեմատիկան կենտրոնացված է Հայաստանի նորագույն պատմության (վերջին 30 տարվա) գնահատականների վրա։
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև բանավեճերի կենտրոնում Լեռնային Ղարաբաղի և երկրի անվտանգության հիմնախնդիրներն են, ինչն էլ հանգեցնում է սուր և հուզական առճակատման։
Մանե Գրիգորյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: