2021.06.10,

Նյուսրում

Լրագրողներ, որոնք ուզում են քաղաքականությամբ զբաղվել

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

ԱԺ այս ընտրությունները ոչ սովորական են՝ պարտադրված, չափազանց շատ քաղաքական ուժերով, անհայտ կամ ընդհակառակը՝ շատ հայտնի թեկնածուներով։ Media.am-ն աչքի է անցկացրել նախընտրական ցուցակները՝ պարզելու, թե մեդիա դաշտից ովքեր են հայտ ներկայացրել մտնելու քաղաքականություն կամ կրկին օգտագործելու նախկինում ստացած իշխանությունը։

«Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ընտրացուցակներում լրագրողներն ամենաշատն են ներկայացված։

Քաղաքացիական պայմանագիր

Իշխող ՔՊ-ն առաջիկա ընտրություններին առաջադրել է լրագրողական համայնքի մաս կազմած կամ կազմող մոտ տասը թեկնածու։

Ամենակարկառունը Նիկոլ Փաշինյանն է, որը լրագրության մեջ հայտնի է երկարակեցությամբ։ Մինչ վարչապետությունը  խմբագրել է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու armtimes.com-ը, որը համարվում է նրանց ընտանեկան բիզնեսը։

«Հայկական ժամանակ»-ից այս ընտրություններին առաջադրվել է նաև նախկին լրագրող Վահանգն Հովակիմյանը։

Տնտեսական լրագրության իր հաջող կարիերան կիսատ թողած Բաբկեն Թունյանը նույնպես ցուցակում է:

Առաջատար լրատվական կայքերից՝ Փաշինյանին սատարող նախկին սիվիլնեթցի Սարգիս Խանդանյանն ու Ազատություն ռադիոկայանում աշխատած Սիսակ Գաբրիելյանը շարունակելու են քաղաքական գործունեությունը, նրանք ցուցակում են և ոչ վատ դիրքերում։

Արեն Մկրտչյանը, որն աշխատել է 1in.am-ում, նույնպես երկրորդ անգամ է առաջադրվում ՔՊ-ի ցուցակով։

Տարբեր ժամանակներում լրագրությամբ են զբաղվել Լենա Նազարյանն ու Զարուհի Բաթոյանը։ Նազարյանը հիմնականում գրել է բնապահպանական թեմաներով (hetq.am), Բաթոյանը խմբագրել է հաշմանդամության թեմաներով մասնագիտացած լրատվամիջոցներ («Արևածաղիկ», «Disability Info»)։ 

ՔՊ ցուցակում է նաև Արման Եղոյանը, որը հասցրեց կարճ ժամանակով լինել Փաշինյանի մամուլի խոսնակը։ Նա աշխատել է Թբիլիսիում հիմնված «Ալիք մեդիա» հայ-վրացական լրատվական հարթակում:

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի (Լուլու) անունը ևս ՔՊ ցուցակում է։

Հայ ազգային կոնգրես

ՀԱԿ-ի ցուցակի լրագրողները նախկինում ակտիվ չեն եղել քաղաքական կյանքում։

«Ալիք մեդիա»-ից միանգամից մի քանի ներկայացուցիչ կա ընտրացուցակում՝ նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը սյունակագիր է, իսկ Աննա Գևորգյանը խմբագրել է «Ալիք մեդիա»-ն։

«Ալիք մեդիա»-ի գործող խմբագիր Տիգրան Պասկևիչյանը ևս ՀԱԿ ցուցակում է։

ՀԱԿ-ի ցուցակով առաջադրվել է նաև լուսանկարիչ Անի Գևորգյանը, որը նախկինում եղել է քաղաքական ուժի երիտասարդական կառույցի տեղեկատվական հանձնաժողովի պատասխանատու։

Կուսակցության ցուցակով առաջադրվել են Եվա Ադամյանը, Կարինե Հարությունյանը, Իրինա Ավետիսյանը, Հասմիկ Բաբայանը, որոնք նաև խմբագրական, թարգմանչական գործով են զբաղվել։

«Չէին սպասում» հեռուստանախագծի ռեժիսոր-վարող Սուրեն Շահվերդյանը նույնպես քաղաքականություն մուտք գործելու հայտ է ներկայացրել։ Նա խոստանում է «հրդեհը մարելու» հենց հաջորդ օրը վերադառնալ իր հիմնական զբաղմունքին՝ շարունակելով աշխատանքը թատրոնում։

«Պատիվ ունեմ»

Լրագրության դաշտում հայտնի Թագուհի Թովմասյանը կարծես լրջորեն և երկարատև է ուզում հաստատվել Հայաստանի քաղաքական կյանքում։ Նիկոլ Փաշինյանի թիմից նա հեռացավ և գալիք ընտրություններում զբաղեցնում է «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի 6-րդ հորիզոնականում։

Թովմասյանը «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ լրատվական հոլդինգի հիմնադիր-ղեկավարն է։ 2011-2018թթ-ին հիմել և խմբագրել է «Ժողովուրդ» օրաթերթը, ArmLur.am լրատվական կայքը: 

«Հայաստան» դաշինք 

Հեռուսատեսությունից հայտնի Ագնեսա Խամոյանն («5-րդ ալիք») ու Գեղամ Մանուկյանը («Երկիր մեդիա») առանցքային տեղ են զբաղեցրել այս ցուցակում։

7օր կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանը ևս որոշել է քաղաքականությամբ զվաղվել, նա նախկինում և այսօր էլ հետաքրքրված է քաղաքական գործընթացներով։ Նույնը կարելի է ասել «Հայաստան» դաշինքի ցուցակի մյուս թեկնածու, քաղաքական թեմաներով վերլուծաբան Հայկ Խալաթյանի մասին։

Բարգավաճ Հայաստան

ԲՀԿ-ն առանց լրագրող թեկնածուների պատկերացնելը դժվար է, ավանդաբար ցուցակում պատվավոր տեղ է ունեցել նախկին լրագրող, այժմ հայտնի քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, որն այս ընտրություններին դեռևս անհայտ պատճառներով հեռացավ կուսակցությունից։

Նրա տեղը զբաղեցրել է Կենտրոն հեռուստաընկերության նախկին լրագրողներից Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը։ Ցուցակում է նաև նախկին հաղորդավար Արման Աբովյանը և հանրությանը պակաս հայտնի Վանիկ Ելիզբարյանը, որը տարիներ առաջ հիմնել է «Պոստ-սկրիպտում» մամուլի ակումբը և 1lur.am լրատվական կայքը։

Ազգային ժողովրդավարական բևեռ

Տպագրական և խմբագրական ոլորտի չորս ներկայացուցիչներ կան Ազգային ժողովրդավարական բևեռում՝ Փառանձեմ Շահնազարյան, Հայկ Հարությունյան, Նունե Գաբրիելյան, Անահիտ Թադևոսյան։

Բաբաջանյան-Շիրինյան

Բաբաջանյան-Շիրինյան քաղաքական համագործակցության հիմքում այս երկու քաղաքական գործիչներն են, որոնցից մեկը՝ Բաբաջանյանը, հիմնել և ղեկավարել է 1in.am լրատվական կայքը։ 

Նրա թիմում է նաև քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը, որը տարիներ շարունակ աշխատել է Բաբաջանյանի ղեկավարած լրատվամիջոցում, այնուհետև տեղափոխվել է Առավոտ օրաթերթ։

Գայանե Ասրյան

Հ.Գ. Առաջադրումների նման հսկայական քանակով պայմանավորված շատ հնարավոր է այս ցանկում բաց թողած լինենք մեդիա ոլորտից առաջադրված այլ թեկնածուների անուններ: Եթե այդպիսի դեպքեր նկատեք, խնդրում ենք մեզ տեղյակ պահել օգտագործելով այս հոդվածի մեկնաբանությունների դաշտը։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *